Հայաստանը ռինգում մասնակիցներ կունենա վերջին օրը

Շաբաթվա լուր, ՍՊՈՐՏ | | December 6, 2012 16:31

Երևանի մարզահամերգային համալիրում անցկացվող բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնության միայն առաջին օրն էր մարզասրահը լեցուն հանդիսականներով: Պատճառն ամենևին էլ այն չէ, որ ներսում ցուրտ է, պարզապես մերոնցից սպասելիքներն ավելի մեծ են:

Առջևում կիսաեզրափակիչ և եզրափակիչ հանդիպումներն են, մինչդեռ Հայաստանի բռնցքամարտի հավաքականի ռինգ դուրս եկած 10 անդամներից պայքարը շարունակում են միայն  երկուսը: Ընդ որում, 81 կգ քաշային Նիկոլ Հարությունովը և +91 կգ քաշային Նարեկ Մելքոնյանը, թեև քառորդ եզրափակչում հաղթեցին, երկուսի դեպքում էլ մրցավարները կարող էին նաև առավելությունը տալ նրանց մրցակիցներին: Մեր մարզիկներին տպավորիչ հաղթել չհաջողվեց:

Իսկ թե ինչ կարող է կատարվել առաջիկայում, դժվար է կանխագուշակել, քանի որ  ոսկե և արծաթե մեդալների համար պայքարն ավելի դժվար է լինելու: Ինչևէ, թեև մերոնք արդեն ապահովել են առնվազն բրոնզե երկու պարգևները, այդուհանդերձ, ցանկալի է, որ Հայաստանը մասնակից ունենա  եզրափակչում: Հակառակ պարագայում առաջնությունը մեր երկրի ներկայացուցիչների համար կվերածվի չստացված տոնի, քանի որ մեծ ծախսեր են արվել այս ստուգատեսը Երևանում կազմակերպելու համար, և մրցումների վերջին օրն առանց տանտերերի թիմի անդամների անհետաքրքիր կլինի:

Հավելենք, որ այսօր Հարությունովը կիսաեզրափակչում մրցելու է ռուսաստանցի Իդրիս Շախմանովի, իսկ Մելքոնյանը`անգլիացի Հյուի Լյուիս Ֆերինի հետ:

 

Դիտվել է 1412 անգամ:
Print Friendly

Leave a Reply