Խորհրդարանն սկսեց աշնանային նստաշրջանի վերջին քառօրյա նիստերի աշխատանքը

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | December 3, 2012 19:45

Դեկտեմբերի 3-ին Ազգային ժողովն սկսեց հերթական քառօրյա նիստերի աշխատանքը: Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանը ներկայացրեց նստաշրջանի եւ ընթացիկ քառօրյա նիստերի օրակարգերը, որոնք հաստատելուց հետո պատգամավորները քվեարկությամբ ընդունեցին նախորդ քառօրյայում քննարկված հարցերը:

Խորհդարանի ղեկավարը տեղեկացրեց, որ դեկտեմբերի 3-ը հաշմանդամների միջազգային օրն է, եւ պետությունը հնարավորության սահմաններում ամեն ինչ անում է, որ հասարակության սահմանափակ հնարավորություններ ունեցող անդամներն ունենան հավասար հնարավորություններ՝ ակտիվորեն մասնակցելու երկրում տեղի ունեցող տնտեսական եւ քաղաքական գործընթացներին: «Որպես ժողովրդի կողմից ընտրված պատգամավորներ՝ յուրաքանչյուրս պարտավոր ենք ամեն կերպ նպաստել եւ հնարավորություն ստեղծել, որ նրանք իրենց զգան հասարակության լիարժեք անդամներ եւ օտարված չզգան հասարակությունից»,- նշեց Ազգային ժողովի նախագահը:

Այնուհետեւ խորհրդարանը շարունակեց քննարկել նախորդ քառօրյայի վերջին նիստում ընդհատված «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրինագծերի փաթեթը:

Հիմնական զեկուցող՝ ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Սուրեն Կարայանը, տեղեկացրեց, որ փաթեթի երկրորդ նախագծով նախատեսվում է ՀՀ կառավարությանը տալ լիազորություն՝ սահմանելու կիրառվող ՀԴՄ-ները նոր սերնդի ՀԴՄ-ներով փոխարինելու ժամանակացույցներ, որոնց հիման վրա 500 միլիոն դրամ եւ ավելի շրջանառություն ունեցող հարկ վճարողների կողմից կիրառվող ՀԴՄ-ները կփոխարինվեն մինչեւ 2013 թվականի հուլիսի 1-ը, իսկ մյուս հարկ վճարողներինը` մինչեւ 2015 թվականի հունվարի 1-ը: Օրենքի ընդունմամբ հնարավորություն կստեղծվի ձեռք բերել եւ կիրառել ժամանակակից պահանջներին բավարարող, հիշողության մեջ կատարված գրառումների անձեռնմխելիությունը առավելագույն չափով ապահովող ՀԴՄ-ներ:

Ըստ հիմնական զեկուցողի՝ նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է 600 մ2 եւ ավելի սպասարկման սրահի մակերերս ունեցող հանրային սննդի օբյեկտների կողմից հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման կամ շահագործման կանոնների խախտման դեպքերի համար սահմանել առավել բարձր տուգանքներ:

Օրինագծերի փաթեթի վերաբերյալ գլխադասային` ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրեց հանձնաժողովի նախագահի տեղակալ Միքայել Մելքումյանը: Նա կարեւորեց արտոնագրային վճարների համակարգում ներառված լրացուցիչ գործունեության վեց տեսակները: Հարկային դաշտը ազատականացնելու առումով պատգամավորն ընդունելի համարեց «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրինագծում նախատսեված խստացումները:

Սուրեն Կարայանն առաջին ընթերցմամբ ներկայացրեց նաեւ «Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը, որով առաջարկվում է ՀՀ մաքսային օրենսգրքի 199-203-րդ հոդվածները վերախմբագրել, սահմանել դրույթներ, որոնցով կարգավորվում են ապրանքների եւ տրանսպորտային միջոցների հայտարարագրման ժամանակ տեղ գտած սխալների համար նախատեսվող տուգանքի չափերը: Կառավարության ներկայացուցիչը տեղեկացրեց, որ առաջարկվող փոփոխություններն ուղղված են մաքսային արժեքի որոշման գործընթացի բարելավմանը, մաքսային ձեւակերպումների գործընթացի պարզեցմանը եւ դյուրինացմանը ու դրա համար պահանջվող ժամանակի եւ ծախսերի կրճատմանը:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը օրինագծի վերաբերյալ ներկայացրեց հանձնաժողովի փոխնախագահ Միքայել Մելքումյանը: Նա նշեց, որ թեեւ հանձնաժողովի եզրակացությունը դրական է, այնուամենայնիվ առկա են մի շարք մտահոգություններ, օրինագծի որոշ ձեւակերպումներ հստակեցման եւ լրամշակման կարիք ունեն:

Այս տեսակետը մտքերի փոխանակության ընթացքում պաշտպանեցին պատգամավորներ Էդմոն Մարուքյանը, Խոսրով Հարությունյանը եւ Արծվիկ Մինասյանը: Խոսրով Հարությունյանը եւ Արծվիկ Մինասյանն առաջարկեցին ստեղծել աշխատանքային խումբ, որը կզբաղվի մաքսային ոլորտի օրենսդրական հարցերով:

Եզրափակիչ ելույթում հիմնական զեկուցող Սուրեն Կարայանն անդրադարձավ հնչած մտահոգություններին եւ տվեց պարզաբանումներ: Նա պատրաստակամություն հայտնեց մինչեւ հարցի երկրորդ ընթերցմամբ քննարկումը պատգամավորների հետ համատեղ լրամշակել օրինագիծը եւ գտնել ընդունելի լուծումներ:

ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Արմեն Ալավերդյանը խորհրդարանի քննարկմանն առաջարկեց ՀՀ Նախագահի կողմից ներկայացված «Հայաստանի Հանրապետության եւ Միջազգային զարգացման ընկերակցության միջեւ «Հարկային վարչարարության արդիականացման ծրագիր» ֆինանսական համաձայնագիրը, որը ստորագրվել է 2012 թվականի հուլիսի 9-ին:

Հիմնական զեկուցող Արմեն Ալավերդյանը տեղեկացրեց, որ համաձայնագրով Միջազգային զարգացման ընկերակցությունը Հայաստանի Հանրապետությանը կտրամադրի 12 մլն ԱՄՆ դոլար՝ տարեկան 1.25 տոկոս տոկոսադրույքով՝ հաշվարկված վարկի հատկացված եւ չմարված գումարի նկատմամբ:

Վարկը տրամադրվելու է 25 տարի մարման ժամկետով, որից 5-ը՝ արտոնյալ: Արմեն Ալավերդյանի խոսքով՝ «Հարկային վարչարարության արդիականացման ծրագրի» ներդրմամբ կբարձրացվի հարկային պարտավորությունների կամավոր կատարումը, կկրճատվի հարկերից խուսափումն ու հարկային պարտավորությունների կատարման ծախսերը, կբարձրացվի վարչական արդյունավետությունը:

Նա տեղեկացրեց, որ Համաշխարհային բանկի փորձագետների հետ քննարկումների ժամանակ առաջնային է համարվել հարկային գործընթացների ավտոմատացումը, ինչին էլ միտված է այս ծրագիրը: Նախատեսվում է, որ 3100 հարկ վճարողներ իրենց հարկային հաշվետվությունները կներկայացնեն ավտոմատացված համակարգով, ինչը ենթադրում է նաեւ հարկատուի եւ հարկային տեսուչի շփման բացառում:

Արմեն Ալավերդյանը պատասխանեց պատգամավորների հարցերին, որոնք վերաբերում էին ինչպես ծրագրի դրույթներին եւ ավելացող արտաքին պարտքին, այնպես էլ ոլորտի խնդիրներին:

Քննարկվող հարցի վերաբերյալ գլխադասային հանձնաժողովների դրական եզրակացությունները ներկայացրին ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Շիրակ Թորոսյանը եւ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Սուքիաս Ավետիսյանը:

Ազգային ժողովը քննարկեց «ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրինագիծը, որը ներկայացրեց Երեւանի քաղաքապետի տեղակալ Կամո Արեյանը:

Փոխքաղաքապետը տեղեկացրեց, որ օրենքի 162-րդ հոդվածով եւ 169.16-րդ հոդվածի չորրորդ մասով պատասխանատվություն է նախատեսվում ոչ սահմանված տեղերում առեւտուր անելու եւ առանց թույլտվության բացօթյա առեւտուր իրականացնելու համար: Բանախոսի գնահատմամբ՝ նշված հոդվածներով նախատեսված տուգանքների ցածր չափերը եւ ոչ սահմանված տեղերում առեւտուր անելու համար նույն արարքը մեկ տարվա ընթացքում կրկնելու դեպքում ավելի խիստ պատիժ նշանակելու հնարավորության բացակայությունը չեն ապահովում ակնկալվող դրական արդյունքը: Հարկավոր է վարչական պատասխանատվության նվազ չափը փոխարինել տվյալ իրավախախտման տեսակին առավել համապատասխան չափով՝ դրանով իսկ ապահովելով իրավախախտում կատարելու դեպքերի նվազումը:

Գլխադասային՝ ԱԺ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արայիկ Հովհաննիսյանը ներկայացրեց հանձնաժողովի դրական եզրակացությունը:

Արտահերթ ելույթում Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը նկատեց, որ օրենքում վարչական պատասխանատվություն սահմանելիս պետք է հստակ տարբերակում մտցնել: Պետք է հաշվի առնել՝ խոսքը վերաբերում է իր արտադրանքն իրացնող գյուղացուն, թե՝ վերավաճառողին: Հովիկ Աբրահամյանի կարծիքով՝ վարչական պատասխանատվության խստացման արդյունքում գյուղացին չպետք է վնաս կրի, ուստի նա առաջարկեց հստակեցնել համապատասխան դրույթը:

Երեւանի քաղաքապետի տեղակալ Կամո Արեյանը ներկայացրեց նաեւ «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրինագծերի փաթեթը:

Առաջարկվող նախագծերի նպատակն է գործող օրենսդրության մեջ առկա տարընթերցումները վերացնել, նոր ձեւակերպումների միջոցով հստակեցնել առեւտրի եւ ծառայությունների ոլորտում տեղական ինքնակառավարման մարմինների եւ տնտեսվարող սուբյեկտների լիազորություններն ու պարտականությունները, գործունեության որոշ տեսակների համար նախատեսել թույլտվության ստացում, տեղական տուրքի վճարում:

Կարգավորման խնդիրն է «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելը, մասնավորապես տեղական տուրքերի դրույքաչափերի նկատմամբ կիրառվող գործակիցների մեծացմամբ ըստ համայնքների տնտեսական զարգացման ներուժի տարբերակման ավելի լայն տիրույթ ապահովելը: Դրան զուգահեռ կստեղծվի մրցակցային հավասար դաշտ բոլոր տնտեսվարողների համար եւ արդյունքում զգալիորեն կաճեն համայնքի բյուջեի մուտքերը:

Քննարկվող օրինագծերի վերաբերյալ գլխադասային՝ ԱԺ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրեց հանձնաժողովի նախագահ Ստեփան Մարգարյանը:

Ազգային ժողովը քառօրյա նիստերի աշխատանքը կշարունակի դեկտեմբերի 4-ին:

 

Դիտվել է 1035 անգամ:
Print Friendly

Leave a Reply