Խոշորագույն ընկերությունների ղեկավարները կոչ են արել վերացնել ՄԻԱՎ-ով վարակված անձանց տեղաշարժի սահմանափակումները

ԻՐԱՎՈՒՆՔ, Օրվա լուր | | December 1, 2012 19:33

Դեկտեմբերի 1-ին նշվող ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրվա նախօրեին աշխարհի ավելի քան 40 խոշորագույն մասնավոր ընկերությունների և կորպորացիաների ղեկավարներ կոչ են արել բոլոր պետություններին վերացնել ՄԻԱՎ-ով վարակված անձանց ճամփորդելու սահմանափակումները: Ըստ կոչի հեղինակների, նման սահմանափակումները խտրականության ճչացող դրսևորումներ են և մեծ վնաս են հասցնում բիզնեսին:

Կոչով հանդես եկած խոշորագույն ընկերությունների ղեկավարներն ընդգծել են, որ ներկայումս 45 երկրներում վարվող քաղաքականությունը և գործող օրենքները թույլ են տալիս բացառապես ՄԻԱՎ կարգավիճակի հիման վրա արտաքսել երկրից կամ մերժել այդ մարդկանց մուտքն երկիր:

«Գործարար աշխարհի առաջնորդները միավորվում են, որպեսզի վերջ դնեն այս անհիմն սահմանափակումներին»,-հայտարարել է Levi Strauss & Co ընկերության գլխավոր տնօրեն և նախագահ Չիպ Բերգը:

ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՎ միավորված ծրագրի գործադիր տնօրեն Միշել Սիդիբենը պաշտպանելով նախաձեռնությունը, նշել է, որ յուրաքանչյուր ոք պետք է ունենա տեղաշարժի ազատություն: Նա կոչ է արել բոլոր երկրներին վերացնել ՄԻԱՎ կարգավիճակի հետ կապված բոլոր տեսակի սահմանափակումները:

Ինչպես տեղեկացնում է ՄԱԿ-ի պաշտոնական կայքէջը, ԱՄՆ-ն 2010թ.-ին վերացրել է ուղևորությունների` 22 տարի գործող արգելքը: Այլ երկրներ, որոնց թվում են Հայաստանը, Չինաստանը, Ֆիջին, Մոլդովան, Նամիբիան և Ուկրաինան, վերջերս նույնպես վերացրել են այդ սահմանափակումները: Այդուհանդերձ` 45 երկրներում դեռևս գործում է ՄԻԱՎ վարակակիրների համար մուտքի, ապրելու և աշխատանքային արտոնագիր ստանալու արգելքը:

«Փաստինֆո»

Դիտվել է 979 անգամ:
Print Friendly

Leave a Reply