Ինչքանո՞վ ենք ապահովագրված կեղծ դեղերի գործածությունից

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Շաբաթվա լուր | | December 6, 2012 10:23

Այսօր դեղամիջոցների շուկան համարվում է  ամենաեկամտաբեր բիզնեսներից մեկը և այն սակավաթիվ ասպարեզներից, որոնք գրեթե չեն տուժել ճգնաժամից: Ու քանի որ հետզհետե մեծանում է նաև դեղագործական ընկերությունների մրցունակությունը` թե՛ արտադրման և թե՛ ներկրման տեսանկյունից, առաջանում է դեղամիջոցների անվտանգության ապահովումն ուժեղացնելու անհրաժեշտությունը: Դեղն այն առանձնահատուկ արտադրանքն է, որը, ի տարբերություն սոցիալական նշանակության այլ ապրանքների, բոլոր երկրներում ենթարկվում է պարտադիր փորձաքննության և գրանցման, քանի որ ցանկացած դեղ բուժիչ հատկությունների հետ մեկտեղ ունենում է կողմնակի ազդեցություններ, որոնք պահանջում են մշտական հսկողություն:

Անորակ և անարդյունավետ դեղի կիրառումը կարող է մարդկության զանգվածային ողբերգության պատճառ դառնալ, ինչպիսիք բազմիցս արձանագրվել են աշխարհի տարբեր երկրներում: Դեղը պետք է  ուղեկցվի հավաստի, ամբողջական և ապացույցների վրա հիմնված տեղեկատվությամբ: Լինելով մեծ եկամուտների աղբյուր` այն միաժամանակ գայթակղիչ է անօրինական շրջանառության և կեղծման ճանապարհով շահույթներ ձեռք բերելու համար:

Եվրոպայում արտադրվող և ներկրվող յուրաքանչյուր դեղամիջոց առողջապահական համակարգի ներկայացուցիչների խիստ վերահսկողության տակ է, ինչը արդյունավետության և անվտանգության տեսանկյունից պահանջում է որոշակի չափորոշիչների կիրառում: Եվրախորհուրդն առանձնակի ջանասիրությամբ է զբաղվում դեղորայքային միջոցների վորահսկողության, ինչպես նաև բնակչության առողջության ապահովման խնդիրներով:

Ի՞նչ է արվում այս ուղղությամբ մեր երկրում, և ինչ մեխանիզմների միջոցով է  իրականացվում վերահսկողությունը դեղերի շուկայի նկատմամբ: 

Կեղծ դեղերի շրջանառության վերահսկման, ոլորտի կարգավորման, առկա բացթողումների վերանայման և փորձի փոխանակման նպատակով Եվրոպայի խորհրդի դեղերի որակի և առողջապահության վարչությունն արդեն մի քանի տարի մեր երկում կազմակերպում է խորհրդաժողովներ և դասընթացներ: Լայնածավալ աշխատանքների արդյունքում ձևավորվել և 2008 թ. շրջանառության մեջ է դրվել Դեղերի կեղծման և նմանատիպ հանցագործությունների դեմ պայքարի  մասին «Մեդիքրայմ» համաձայնագրի նախագիծը: Այնուհետև հաջորդող տարիների ընթացքում կատարված շտկումների և կատարելագործման արդյունքում Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեն 2011թ. հոկտեմբերի 28-ին Մոսկվայում մեկնարկել է համաձայնագրի ստորագրումը:

Այս տարվա սեպտեմբերին Հայաստանը նույնպես միացավ «Մեդիքրայմ» համաձայնագրին, ըստ որի` արտադրանքը համարվում է կեղծ, եթե կանխամտածված և խաբեությամբ ներկայացված են իսկության, ծագման և բաշխման վերաբերյալ ոչ ճիշտ տվյալներ: Համաձայնագիրը միջազգային փաստաթուղթ է, տարածվում է  դեղերի և բժշկական արտադրանքի վրա և սահմանում է քրեական պատասխանատվություն այդ արտադրանքի և դրան վերաբերող փաստաթղթերի ամեն տեսակ կեղծումների համար: Այն ոչ միայն Եվրոպայի խորհրդի անդամ, այլև ոչ անդամ երկրների համար ապահովում է  միջգերատեսչական համագործակցություն  դեղերի ոլորտը կարգավորող կառույցի, ոստիկանության և մաքսային մարմինների միջև: Համաձայնագրում հստակ ընդգծված է այս երևույթի կանխարգելման համար դեղային օրենսդրության, դեղերի որակի անվտանգության, արդյունավետության և բաշխման վերահսկողության չափորոշիչների ներդրումը:

ՀՀ առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը հայտնեց, որ դեղերի շրջանառության վերահսկման ոլորտը մեր երկրում առաջնահերթություն է: Նա նկատեց, որ  արդեն 20 տարի է, ինչ դեղերի արտադրությունը ազատականացվել է, սակայն այս ոլորտը պատշաճ մակարդակով չի կարգավորվել, անելիքներ  դեռևս շատ կան: «Այսօր Հայաստանում դեղերի շրջանառության առումով ունենք լուրջ խնդիրներ` կապված դեղերի գրանցման մեխանիզմների, դեղագործական ընկերությունների, դեղատների գործունեության, դեղերի բացթողման գործընթացների և կանոնակարգերի, ինչպես նաև դրանց օգտագործման հետ: Կեղծ դեղերի առկայությունը մեզ համար լուրջ վտանգ ներկայացնող խնդիրներից է, որոնց վերջնական լուծման համար կառավարության կողմից ձեռնարկվում են համապատասխան քայլեր: Դեղերի մասին նոր օրենքը կներկայացվի կառավարությանը, որի շնորհիվ հնարավոր  կլինի կարգավորել ոլորտում առկա խնդիրները: Նոր օրենքը փակում է այն դաշտը, որը բաց էր մնացել նախորդ օրենքի ընդունումից հետո»,- նշեց փոխնախարարը:

Օրենքի ընդունումից հետո` մինչ դրա շրջանառումը, պետք է ընդունվեն ավելի քան  40 կարգավորիչ փաստաթղթեր, ինչի շնորհիվ լիարժեք կկարգավորվի դեղերի շրջանառության ոլորտը:

Եվրոպայի խորհրդի դեղերի որակի և առողջապահության վարչության կեղծման դեմ պայքարի հարցերով  պատասխանատու Սաբինա Վալսերը այս կապակցությամբ նշել է, որ Հայաստանի համար սա առաջին լուրջ քայլն է ոլորտի վերահսկման արդյունավետության բարձրացման տեսանկյունից. «Այն երկիրը, որն արդեն հայտնաբերել է կեղծված դեղամիջոցներ, արդեն իսկ ճիշտ քայլեր է ձեռնարկում վնասի չափերը գնահատելու և դրանց դեմ պայքարելու ուղղությամբ: Աշխատանքերն առավել արդյունավետ դարձնելու, իրավաբանական խորհրդատվություն իրականացնելու, գործնական օժանդակություն ցուցաբերելու համար այսօր համագործակցում ենք նաև Հայաստանի հետ, քանի որ ոչ մի երկիր ապահովագրված չէ դեղերի կեղծ և ապօրինի շրջանառության երևույթներից»:

Եթե ԱՊՀ երկրներում, մասնավորապես Ուկրաինայում 25-30 տոկոսի են հասնում կեղծ դեղերի շրջանառության ծավալները, ապա ՀՀ ԱՆ դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի տնօրեն Հակոբ Թոփչյանի տեղեկացմամբ` Հայաստանում այդ շրջանառությունը  փոքր չափերի է հասնում` կազմելով մոտավորապես 5 տոկոս: Մեր երկրում վերջին տարիների ընթացքում կեղծ դեղամիջոցներ գրեթե չեն հայտնաբերվել:

 Ինչու՞ է Հայաստանում փոքր տոկոս կազմում կեղծ դեղերի շրջանառությունը:

Հակոբ Թոփչյանը դա վերագրում է ոլորտի կարգավորման արդյունավետությանը: Ըստ նրա` վերահսկողությունը սկսվում է  անմիջապես մաքսային գոտիներից, որի միջոցով սահմանափակվում է կեղծ  դեղերի մուտքը ՀՀ, որովհետև կատարվում է  դեղի նմուշառում, լաբորատոր փորձաքննություն: «Կարող եմ հավաստիացնել մեր ազգաբնակչությանը, որ այսօր մեր կողմից չեն հայտնաբերվել կեղծ դեղամիջոցներ: Նախագահի վերջին հանձնարարականներին բավական մեծ պատասխանատվությամբ են վերաբերվում բոլոր կառույցները: Այդ հանձնարարականներից մեկն էլ վերաբերում է առողջապահության տեսչության ստեղծմանը, որի հիմնական գործառույթներից մեկն է լինելու դեղատնային ցանցում դեղերի իսկության և համապատասխանատվության ստուգումը, ինչի շնորհիվ կսահմանափակվի կեղծ դեղերի տարածումը»,- վստահեցրեց ՀՀ ԱՆ դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի տնօրեն Հակոբ Թոփչյանը:

Նշենք, որ Հայաստանում 5 տոկոսի շրջանառությունը դեռ հաստատված թիվ չէ, քանի որ շատ գործընթացներ իրականում ստվերում են մնում` այդպես էլ չբացահայտվելով:     

Լ.Ն

 

 

 

Դիտվել է 1976 անգամ:
Print Friendly

Leave a Reply