Արտաշես Մինասյան. Շախմատիստուհիների հարցում հանելուկային վիճակ է

Շաբաթվա լուր, ՍՊՈՐՏ | | December 2, 2012 12:33

Սլովենիայի Մարիբոր քաղաքում անցկացված 8-18 տարեկան շախմատիստների աշխարհի առաջնությունում Հայաստանի 16 ներկայացուցիչներից մինչև 10 և մինչև 18 տարեկանների մրցաշարերի մասնակիցներ Շանթ Սարգսյանը և Հովհաննես Գաբուզյանը դարձան մրցանակակիր` արժանանալով արծաթե մեդալների: Վերադարձից հետո զրուցեցինք գրոսմայստեր Արտաշես Մինասյանի հետ, որը նախկինում Հայաստանի  ազգային հավաքականի կազմում  մի շարք հաջողությունների է հասել, նաև հռչակվել Շախմատի համաշխարհային օլիմպիադայի հաղթող և արդեն  երեք տարի է` հայտնվել է նոր դերում. մարզում է մեր երկրի պատանեկան հավաքականը:

 Հայաստանի հավաքականը հատուկ նախապատրաստվե՞լ էր այս փորձությանը:

– Նախկինում խոշորամասշտաբ մրցումներից առաջ նախապատրաստական ուսումնամարզական հավաքներ անցկացրել ենք այլ վայրերում: Բայց այս անգամ նախընտրել էինք  Ծաղկաձորը: 11 օր շարունակ պարապմունքներ են կազմակերպվել: Բանն այն է, որ Մարիբորն ամեն բանով, նաև կլիմայով նման է Ծաղկաձորին: Կարծում եմ, որ նախապատրաստական հավաքը ծառայել է նպատակին: Արդյունքներն էլ այդ են վկայում:

 Ինչպիսի՞ն է Մարիբորը:

Սլովենիայի այդ առողջավայրում պարբերաբար անցկացվում են դահուկային սպորտի տարբեր մրցաձևերի աշխարհի գավաթի խաղարկության մրցաշարեր: Տեղանքը լեռնային է: Այն հյուրանոցը, որում իջևանել էինք,  գտնվում է սարի գլխին: Ուշագրավն այն է, որ մարզասրահը ստորին հատվածում էր: Եվ խաղերին ներկայանում էինք  ճոպանուղով: Ի դեպ, երեխաներից ոմանք երկյուղում էին. օդային ճանապարհը շատ բարձրից էր անցնում: Ընդ որում, այդ ուղևորության ընթացքում շուրջ 10  րոպե ստիպված էինք արտակարգ իրավիճակում` ճոպանից կախված տեղաշարժվել:

 Այլ ճանապարհ չկա՞ր:

– Այն նախատեսված էր ավտոմեքենաների համար, սակայն տեղ հասնելու համար ավելի երկար ժամանակ էր պահանջում` շուրջ կես ժամ: Քաղաքը փոքր է, ինչպես ասացի, մեզ տեղավորել էին վերևում գտնվող հյուրանոցում, մի շարք երկրների ներկայացուցիչներ ներքևում կառուցված  հյուրանոցներում էին: 100-ից ավելի երկրների պատվիրակներ կային:

 Մեր պատվիրակությունն իր թվաքանակով մեծերի շարքո՞ւմ էր:

– Հայաստանից 24 մարդ էր ժամանել Մարիբոր, 16 խաղացողներ էին: Եթե հաշվի առնենք, որ ԱՄՆ-ի, Ռուսաստանի  պատվիրակությունների կազմերում 200-ից ավելի մարդ կար, ապա պարզ կդառնա, որ մեր երկրի ներկայացուցիչները փոքր պատվիրակությունների շարքում էին: Բանն է այն է, որ Հայաստանից խաղալու հնարավորություն է տրվում միայն մեր երկրի առաջնությունում 1-2-րդ տեղերը գրավողներին, մինչդեռ, արտասահմանյան երկրներում սահմանափակումներ չկան: Փաստորեն, ցանկացողը կարող է խաղալ աշխարհի առաջնությունում:

 Օրինաչա՞փ էր մեր երկու մարզիկների հաջողությունը:

– Հովհաննես Գաբուզյանն արդեն գրոսմայստեր է, ուժեղ խաղ է ցուցադրում և այն մրցաշարերում, որոնց մասնակցում է, մրցանակային տեղեր է զբաղեցնում: Մասնավորապես, երեք ամիս առաջ Պրահայում կայացած Եվրոպայի առաջնության մինչև 18 տարեկանների մրցաշարում նա դարձել է փոխչեմպիոն: Հովհաննեսի հետ հույսեր ենք կապում, որ կդառնա մեծ շախմատիստ: Պարտիաների ժամանակ երբեմն այնպիսի քայլեր է անում, որ զարմացնում է:

Շանթ Սարգսյանը տակավին պատանի է, և նա  էլ առաջիկա տասնամյակում կարող է համալրել մեր ազգային հավաքականը: Շնորհաշատ շախմատիստ է: Ի դեպ, նա կարող էր չեմպիոն դառնալ, բայց առաջին տուրում թեթև վրիպում թույլ տվեց ապագա հաղթող, վիետնամցի ՖԻԴԵ-ի վարպետ Նգուեն Ան Խոյի հետ պարտիայում: Ընդ որում, վերջինս չեմպիոնի կոչումը նվաճեց անսպասելի արդյունքով: Նա 11 հնարավորից վաստակեց 11 միավոր: Զարմանալին այն է, որ Վիետնամը շախմատի հայտնի դպրոց չունի: Ի դեպ, մեր թիմում կային այնպիսի մարզիկներ, որոնք շատ մոտ էին մրցանակակիր դառնալուն: Օրինակ` Տիգրան Հարությունյանը մինչև 16 տարեկանների մրցաշարում 3-5-րդ տեղերը բաժանողների թվում էր. ի վերջո, գործակցով ճանաչվեց 4-րդը: Նրա բախտն այս անգամ էլ չբերեց: Եվրոպայի առաջնությունում Տիգրանը կրկին 2-5-րդ տեղեր գրավածների խմբում էր և դարձյալ հանգրվանել էր 4-րդ հորիզոնականում: Ինչ-որ բան պակասում է, բայց նրան էլ շախմատային լավ ապագա է սպասում: Նույնը վերաբերում է մինչև 14 տարեկանների առաջնությունում 5-րդը ճանաչված, Եվրոպայի փոխչեմպիոն Մանուել Պետրոսյանին: Նա էլ լրացուցիչ գործակիցներով 3-րդ մրցանակը զիջեց Կանադայի ներկայացուցչին:

 Ի՞նչ կասեք  ձախողված  շախմատիստների, հատկապես Եվրոպայի կրկնակի չեմպիոն Հայկ Մարտիրոսյանի մասին, որը մինչև 12 տարեկանների մրցաշարում հանգրվանեց 26-րդ տեղում: Հնարավո՞ր է` նրա վրա  ծանր է անդրադարձել ԱՄՆի ներկայացուցիչ, չեմպիոն դարձած Սամվել Սևյանից  9-րդ տուրում կրած ցավալի պարտությունը: Վերջինիս մասին ի՞նչ է հայտնի, ո՞վ է նա:

– Սևյանը Հայաստանից տեղափոխված միջազգային վարպետ Անդրանիկ Մատիկոզյանի սանն է: ԱՄՆ-ի 3-4 շնորհալի պատանի շախմատիստների հնարավորություն է տրվել վարպետությունը կատարելագործել ԱՄՆ-ում նորաբաց Գարրի Կասպարովի շախմատի դպրոցում: Սամվելը նրանց թվում է: Նա իր վարկանիշով մրցակիցներից շատ առաջ էր և տարբերվում էր նաև դրսևորած խաղով: Սևյանը 9-րդ տուրում մրցեց Հայկի հետ: Մարտիրոսյանը կես միավորով հետ էր մնում, և առաջատարին շրջանցելու համար միայն հաղթանակ էր անհրաժեշտ: Վերջնախաղում սպիտակ ֆիգուրներով հանդես եկող Սամվելը երկու անգամ առաջարկեց  ոչ-ոքի ավարտել պարտիան, բայց Հայկը չհամաձայնվեց, իսկ հետո  պարտվեց: Այդուհանդերձ, Մարտիրոսյանի ներուժը մեծ է: Թերևս նրա անհաջողության պատճառն այն էր, որ ժամանակի սուղ լինելու պատճառով  չէր հասցրել նախապատրաստվել մեկնարկային հանդիպմանը և պարտվել էր: Այդ ձախողումն ունեցավ իր դերը: Գրոսմայստեր Կարեն Գրիգորյանն էլ, թեև բավարարվեց 12-րդ տեղը գրավելով, կարող էր ավելին անել: Նրան նույնպես թեթևակի խանգարող հանգամանք եղավ:

 Մեր շախմատիստուհիներից լավագույն արդյունքը ցույց տվեցին մինչև 16 և մինչև 18 տարեկանների մրցաշարերի մասնակիցներ Սուսաննա Գաբոյանը և Մարիա Գևորգյանը, որոնք 15-րդն էին: Ի՞նչը խանգարեց հայ շախմատիստուհիների ավելի հաջող հանդես գալուն:

– Շախմատիստուհիների հարցում հանելուկային վիճակ է: Առայժմ փորձում ենք գտնել ելքը, թե ինչ կարելի է անել, որ նրանք ևս կարողանան բարձր արդյունքներ ցույց տալ: Ուսումնամարզական հավաքներ ենք կազմակերպում, պարապմունքներ անցկացնում: Մի տարի է արդեն, որ գործում է Լևոն Արոնյանի և Գաբրիել Սարգսյանի դպրոցը և Եվրոպայի առաջնությունից առաջ Ջերմուկում անցկացրել է ուսումնամարզական հավաք: Դեկտեմբերի1-ից դպրոցը մարզումներ է անցկացնելու Ծաղկաձորում: Դա էլ կօգնի: Այդուհանդերձ, մարզուհիների  խաղամակարդակի բարձրացման հարցում խնդիրները մնում են:

 Հնարավո՞ր է` հոգեբանական խնդիրներ են:

– Չեմ կարծում: Հավանաբար նրանց ավելի շահագրգռելու, խթանիչ միջոցներ գտնելու անհրաժեշտություն կա: Դա կլինի պարգևատրում թե մեկ այլ բան, պետք է որոշել: Ի դեպ, առաջնությունում Գաբոյանը և Գևորգյանը բարձրացրին իրենց անհատական գործակիցները: Եթե նախկինում մեր երկրի մարզուհիներն ասես  զբոսաշրջիկի կարգավիճակով էին մասնակցում առաջնություններին, ապա այժմ նրանք պայքարում են: Գևորգյանը 2011-ի Եվրոպայի առաջնությունում 3-րդ տեղ է գրավել: Առաջընթաց կա, սակայն դանդաղ: Մարզուհիների հետ այդ ուղղությամբ աշխատելու շատ անելիք կա: Պետք է մտածել, դեղամիջոցը գտնել:

 Բացի Սևյանից, այլ երկրների հավաքականների կազմերում ուշադրության կենտրոնում գտնվող պատանի հայ շախմատիստներ կայի՞ն:

–  Անգլիայի հավաքականի կազմում էր մի հայ շախմատիստուհի, որն այնքան էլ լավ հանդես չեկավ: Գերմանիայի հավաքականի պատիվն էր պաշտպանում Տիգրան Պողոսյանը, որի մարզիչը  Հայաստանից տեղափոխված Սերգեյ Գալդունցն է: Տիգրանն էլ ոչնչով աչքի չընկավ:

 Հայաստանի պատանեկան շախմատում ի՞նչ խնդիրներ կան, որոնք հրատապ լուծում են պահանջում: Ի՞նչ է արվում հուսալի հերթափոխ աճեցնելու ուղղությամբ:

– Մեր գրոսմայստերներն ամիսը 2-3 անգամ պարտադիր պատանիների համար դասախոսություններ են կարդում և պարապմունքներ անցկացնում: Ներգրավվում են Շախմատի հանրապետական դպրոցի, «Միկայի» դպրոցի, Հայաստանի շախմատի ակադեմիայի սաները: Թերևս մեր  պատանի շախմատիստներին պակասում է խոշոր մրցաշարերի  մասնակցելու փորձը: Ցավոք, դրանց թիվը քիչ է նաև Հայաստանում: Ջերմուկում միջազգային  մրցաշար  է կազմակերպվում,  բայց ուժեղ կազմով պատանեկան մրցաշար չի անցկացվում: Թեկուզ այդպիսի մի մրցաշար պարտադիր պետք է կազմակերպվի Հայաստանում:

 Մարզչական աշխատա՞նքն է պատճառը, որ վերջին շրջանում գրեթե չեք խաղում ներկայացուցչական  մրցաշարերում:

– Այո: Ինքս էլ չէի պատկերացնում, որ հետագայում կարող եմ մարզչությամբ զբաղվել: Պարզապես դժվար է,  խաղալու համար ժամանակ չի մնում: Վերջում, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել այն մարզիչներին, որոնք օգնել են թիմը նախապատրաստելու, Արսեն Եղիազարյանին, Վահագն Խաչատրյանին, նաև Արա Սանթրյանին, Դավիթ Կարաթորոսյանին:

 Խաղա՞լն է դժվար, թե՞ հավաքականի գլխավոր մարզիչ աշխատելը:

– Մարզչական աշխատանքն ավելի բարդ է, քանի որ պետք է մտածես սաներիդ մասին, որպեսզի նրանք ոչ միայն շախմատային, առողջական, այլև այլ խնդիրներ չունենան:

 

Դիտվել է 1088 անգամ:
Print Friendly

Leave a Reply