Տեսնելու եմ այն օրը, երբ կապույտ անձնագիրը նույնքան հարգված կլինի, որքան մուգ կարմիրը

ԷՍՍԵ | | November 26, 2012 7:18

Ես հայ եմ: Ծնվել եմ Ռուսաստանում: Ապրել եմ տարբեր վայրերում: Հայաստանի քաղաքացի եմ ու միշտ էլ լինելու եմ: Ունեմ կապույտ անձնագիր, որը շատ սովորական ու սիրուն է մնացած կապույտ անձնագրերի կողքին, բայց աչք է ծակում, երբ հայտնվում է մուգ կարմիրների կույտի մեջ: Սահմաններ անցնելիս ինձ հետ հերթ կանգնածները նյարդայնանում են, որովհետև իմ անձնագիրը սովորականից երկար են ստուգում:

Հայկական անձնագրով հայ եմ: Դրա համար ինձ կարող են կանգնեցնել Ռուսաստանի ծովային սահմանին: Կարող են պարզապես պատռել միգրացիոն թերթիկս և ասել, որ դրանից չունեի: Անում են, որովհետև կարող են, որովհետև մուգ կարմիր անձնագիր չունեմ: Անում են, որովհետև, միևնույն է, իմ երկիր մտնելիս իրենց երկրի քաղաքացիների հետ ոչ ոք նման կերպ չի վարվի: Անում են, որովհետև կապույտ անձնագրով մեկը պիտի որ Ֆինլանդիայից չմտներ Ռուսաստան: Անում են, որովհետև սպասում են` գուցե կաշառեմ:

Ես հայ եմ: Ինձ համար ամեն ինչ ավելի դժվար է: Որևէ  երկիր մեկնելիս պիտի աշխարհի փաստաթղթերը ներկայացնեմ, պիտի ամեն քայլս զեկուցեմ, բանկային հաշիվներս ու աշխատավարձս ներկայացնեմ, անուն առ անուն թվարկեմ հրավիրողներիս, օր առ օր բացատրեմ, թե ոնց եմ մնալու օտար երկրում: Պահանջում են, որովհետև, միևնույն է, Հայաստանի դռները բաց են իրենց համար: Բայց ուրախ եմ, որ հայ եմ, որովհետև եթե պարսիկ լինեի, ավելի դժվար կլիներ:

Ես խոսում եմ հայերեն: Խոսում եմ հայերեն միայն Հայաստանում կամ միայն հայերի հետ, որովհետև ուրիշները չգիտեն: Մյուս կողմից, երբ օտար երկրում լսում եմ հայերեն, ուրախանում եմ, ոչ թե նյարդայնանում, թե գերմանացիներն ամեն տեղ են, հոլանդացիներն ամեն տեղ են, ռուսներն ամեն տեղ են, իսպանացիներն ամեն տեղ են, ամերիկացիներն ամեն տեղ են: Խոսում եմ նաև այլ լեզուներով, բայց խոսում եմ օտար առոգանությամբ: Դրանից չեմ ամաչում, որովհետև իմ մայրենի լեզուն հայերենն է: Հայերեն խոսում եմ առանց օտար առոգանության: Սիրում եմ իմ լեզուն ու կարծում եմ, որ բավական հետաքրքիր է այն, բայց լեզվաբանության դասախոսները երբեք հայերենից օրինակներ չեն բերում:

Ես հայ եմ, հետևաբար պիտի որ հպարտանամ իմ հայ լինելով ու իմ պատմությամբ, բայց երբ ասում եմ, որ Հայաստանից եմ, հարցնում են՝ որտե՞ղ է դա, անկա՞խ ենք արդյոք, մեր պետական լեզուն ռուսերե՞նն է կամ նմա՞ն է թուրքերենին, մայրաքաղաքն արդյոք Բաքո՞ւն է: Ես նյարդային հայ եմ, բայց բոլոր հարցերին համբերատար պատասխանում եմ:

Կապույտ անձնագիր ունեմ, որը միշտ առանձնանում է մուգ կարմիրներից ու լրացուցիչ խնդիրներ ստեղծում: Ու հենց դրա համար երբեք չեմ հրաժարվելու իմ կապույտ անձնագրից, անգլերեն ու ռուսերեն խոսելու եմ հայկական առոգանությամբ, Հայաստանի տեղը չիմացողներին բացատրելու եմ, թե որտեղ է այն ու տեսնելու եմ այն օրը, երբ կապույտ անձնագիրը նույնքան հարգված կլինի, որքան մուգ կարմիրը:

 

Բյուրակն  ԻՇԽԱՆՅԱՆ

Դիտվել է 1281 անգամ:
Print Friendly

Leave a Reply