Պալչկա. սպաները շորթում են զինվորների փողը

ՄԱՐԴԻԿ, Շաբաթվա լուր | | October 18, 2009 10:21

«Ասում եք` խի՞ եմ պալչկեքը հավքում: Տո’ լավ եմ անում հավքում եմ: Տամ էթաք ղումար-մումար խաղա՞ք»: Սպաներից մեկն այսպես է բացատրում զինվորների ձեռքից նրանց ամսավճարը վերցնելը, որ կոչվում է  «պալչկա հավաքել»: Մի ուրիշ սպա բացատրում էր նրանով, որ եթե ինքը չհավաքի՝ զինվորը այդ գումարով իրեն անհրաժեշտ հիգիենայի պարագաները չի առնի:

Պալչկան կամ ամսական դրամական բավարարումը գումար է, որը ամսվա վերջում տրվում է զինվորին իրեն անհրաժեշտ իրեր գնելու համար: Շարքայինները ստանում են 3600 դրամ, կրտսեր սերժանտները` 4000 դրամ, սերժանտները` 4500 դրամ, ավագ սերժանտները` 5000դ., ավագները` 9800դ.: Ծառայությանս սկզբում շարքայիններիս հասանելիք դրամական բավարարումը ավելի քիչ էր` 2900դ., հետզհետե բարձրացավ:

Ֆինանսական բաժնի պետի ներկայությամբ ամեն վաշտ  ստանում է պալչկան. զինվորը ասում է իր անունը. ցուցակում գտնում են.  դիմացը ստորագրում է ստանում հասանելիք գումարը: Եթե վաշտից որևէ մեկը բացակայում է (հոսպիտալում է. ինքնակամ լքել է զորամասը. արձակուրդում էև այլն).  նրա տեղը ուրիշն է մտնում փող ստանալու, որ երկու անգամ է ստանում` մի անգամ իր անունով` սկզբում. մի անգամ էլ ուրիշի անունով` վերջում. այնպես որ ֆինբաժնի պետը չնկատի: Երբ վաշտի բոլոր զինվորները ստանում են իրենց փողերը վաշտ վերադառնալուն պես հանձնում են վաշտի հրամանատարի կողմից վստահված զինվորին, որն էլ ամեն հանձնողի անվան դիմաց + է դնում: Բացի այդ զինվորներից ցուցակ է հավաքվում, թե ում ինչ է անհրաժեշտ: Ոմանք սկզբունքորեն ինչ հնարավոր է պահանջում են (օճառ, օճառաման, ատամի խոզանակ, ատամի պաստա, թրաշի փրփուր, փուզա, ածելի և այլն): Նաև գնվում է մի քանի բլոկ ծխախոտ ծխողների համար, որից օրական ամեն մեկին 3 հատիկ բաժանում են: Չծխող մի զինվոր ծխախոտի տեղ թերթ էր ուզում, և ստանում էր: Ավագները հիմնականում պալչկա չեն տալիս:

Պալչկայի գումարով առնում էին ամենաէժանագին ու ամենաանորակ ապրանքը: Օրինակ, սպայի առած թրաշի փրփուրով մենք շորեր էինք լվանում, այդ փրփուրը մաշկը չէր փափկացնում:

Մի 18 հոգիանոց մարտկոցում հավաքվում է մոտ 70 հազար դրամ, սպան դրանից  զինվորների պարագաներ գնելու վրա ծախսում է մոտ 15 հազար դրամ, և գրպանը դնում 55 հազար դրամ:

Երբ նոր էի երդումս տվել ու տեղափոխվել վաշտում ծառայելու. զինվորներից մեկը բացատրում էր . «Եթե ծխող չես. կանֆետ կառնի կուտես»:

Մի ուրիշ զինվոր, որը նույնպես նոր էր երդում տվել. ժամանակից շուտ գնացել ստացել էր պալչկան ու իր հավեսին ծախսել` չիմանալով,  որ այդպես չի պալչկայի հետ վարվելու ձևը: Հրամանտարաը նրան ծեծեց,  որից հետո  այլևս նման բան չարեց:

Զինվորներ կային, որոնք սկզբունքի համար` սպային դեմ դուրս գալու համար. կարող էին կազմակերպել,  որ պալչկաները չհանձնվի սպային: Սպան սկսում էր բանակցել նման զինվորի հետ, որ ստանա պալչկան:

Կան զորամասեր, որտեղ զորքից մի քանի հոգի են տնօրինում պալչկային.  իրենք էլ հավաքում են. իրենք էլ գնումները անում: Այդպիսի զինվորները զորամասի հեղինակություններն են, որոնք սպաների վրա էլ են իշխանություն տարածում: Լինում է, որ ամբողջ փողով հեռուստացույց են առնում,   dvd  կամ վաշտն են վերանորոգում: Այս դեպքում պալչկայի ավելացած գումարը պալչկան տնօրինող զինվորն է գրպանը դնում: Իսկ եթե զորքից որևէ մեկը համարձակվում է պալչկան չտալ. պալչկա հավաքող զինվորը պատասխան է պահանջում, թե ինչու չի տալիս, և եթե չտվողը կարողանում է տակից դուրս գալ.  նա այլևս չի տալիս պալչկան: Բայց հիմնականում կռիվների արդյունքում պալչակա տալը հրաժարվողները սկսում են տալ:

Եթե սպան է հավաքում պալչկան ու զինվորը հրաժարվում է տալ, ապա սպան թարսվում է  զինվորի հետ. ամեն օր զինվորի պահարանը ստուգում, և եթե այնտեղ թեկուզ մի բան պակաս է լինում(զինվորը պարտադիր պետք ունենա օճառ, ատամի մածուկ, ատամի խոզանակ, ածելի և այլն), սկսում է գոռգոռալ վրան. խփել, իսկ եթե այդպիսի զինվորը լավ ստորաբաժանումում է ծառայում.  ցրում է նրան ավելի վատ ստորաբաժանում:

Երբ որևէ զինվորի շտապ փող է հարկավոր լինում, երբեմն նա դիմում է պալչկա հավաքողին: Եթե հավաքողը սպա է կախված է թե ինչպիսի մարդ է, մեկը կտա փող, մեկ ուրիշը` ոչ: Եթե  զինվոր է, ապա եթե կարողանաս բացատրել թե ինչքան անհրաժեշտ է փողը, նա կտա:

Բարձր հրամանատարական կազմը և ռազմական ոստիկանությունը շատ լավ գիտեն, թե ինչ է կատարվում զինվորի պալչկայի հետ և այդ երևույթը կանխելու համար սպաներին ասում է. «Ով  զորքից պալչկան վերցնում ա. ինքը բ-ի տղա ա»: Բայց նման որակումները ոչ մի ազդեցություն չեն ունենում,  քանի որ ինչպես սպայի ասածը շատ զինվորների համար «ասնավանի» չի (հիմք չի), այնպես էլ պաշտոնով ցածր սպաների համար պաշտոնով բարձրերի ասածը հիմք չի:

Ռազմական ոստիկանությունը այս հարցին ավելի լուրջ ուշադրություն է դարձնում (համենայն դեպս մեզ մոտ այդպես էր). աշխատում է ապացույցներ հայթայթել զորքի մեջ ունեցած իր մարդկանց միջոցոցվ,  ովքեր ամեն ինչ պատմում են: Այդ զինվորները հայտնի են և զորքին և սպայական անձնակազմին: Սպան նման զինվորներին կալանք (կուբախտ) չի տալիս, որ նա այնտեղ ամեն ինչ չպատմի ոստիկանությանը (կուբախտը ոստիականությունում է): Ինչպես նման զինվորներից մեկն էր ասում. «Հեսա ոտս ընգնի կուբախտ. ինչ կա-չկա թսվելու եմ (պատմելու եմ) սրանց մասին»: Եղել են դեպքեր, երբ ոստիկանությունը բռնացրել է սպային պալչկա հավաքելուց ու հեռացրել է նրան բանակից կամ զգուշացրել է, որ հաջորդ անգամ նման բան չկրկնվի: Բայց, իհարկե, կրկնվել է ու հետո արդեն հեռացվել բանակից: Բայց ավելի հաճախ սպան լեզու է գտնում ռազմական ոստիկանի հետ և ազատվում պատասխանատվությունից:

Դիտվել է 3242 անգամ:
Print Friendly

Leave a Reply