Հրայր Թովմասյանն ու Նաիրա Զոհրաբյանը կրկին իրար չհասկացան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Շաբաթվա լուր | | November 20, 2012 17:12

Նոյեմբերի 20-ին խորհրդարանում տեղի ունեցան խորհրդարանական լսումներ՝ քրեակատարողական հիմնարկներում և ոստիկանության ձերբակալված անձանց պահելու վայրերում մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ: Լսումներին մասնակցում էին պետական, հասարակական և միջազգային կառույցների ներկայացուցիչներ: Նախաձեռնությունը ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի և Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովներինն էր:

ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն առաջինը խոսեց ոլորտի բացերից՝ առանձնացնելով հիմնական խնդիրները՝ գերծանրաբեռնվածություն, շենքային վատ պայմաններ, զբաղվածության ցածր մակարդակ, սոցիալ-հոգեբանական ու բուժսպասարկման պատշաճ ծառայության բացակայություն, այլընտրանքային պատժիների կիրառման ցածր աստիճան, որակյալ կադրերի պակաս և այլն: «Աշխարհում որևէ երկիր բանտային համակարգում հեղափոխական բարեփոխումներ չի կատարել, քանի որ դա իր մեջ մեծ ռիսկայնություն է պարունակում՝ կապված այն կոնտինգետնի հետ, ում վերաբերում են այդ բարեփոխումները»,-ասաց նախարարը՝ նշելով, որ ինքը կողմնակից է ոլորտի հեռահար և երկարաժամկետ բարեփոխումների ձևաչափին:

Հրայր Թովմասյանը կոչ արեց բոլորին ոլորտի մասին խոսելիս և գրելիս մի քիչ զգույշ լինել: «Պետք է հասկանանք, որ մյուս կողմում որբ մնացած երեխաներ են, բռնաբարված աղջիկներ և տղաներ, բայց եթե անգամ 0,1 տոկոս հնարավորություն կա, որ այդ մարդիկ, որոնք ինձ համար սխալ գործած մարդիկ են, վերադառնան լիարժեք կյանք, ապա դա պետք է լինի պետության գլխավոր խնդիրը»:

ՔԿՀ-ներում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդների խմբի ղեկավար Արթուր Սաքունցին նախարարի այս հայտարարությունը պարզապես ցնցեց: Ըստ իրավապաշտպանի՝ չի կարելի ՔԿՀ-ում գտնվող անձի հանդեպ վերաբերմունքը պայմանավորել նրա գործած հանցանքով: «Դա աքսեոմա է,-ասաց նա,-որևէ նորմալ երկրում կալանավորների նկատմամբ նման վերաբերմունքի համար արդարադատության նախարարը հրաժարական պետք է տար: Դա կդիտվեր որպես սկանդալ, բայց այսօր ՀՀ կառավարությունում սկանդալը նորմալ երևույթ է»:

Անդրադառնալով վերջին շրջանում ազատազրկվածների կողմից իրականացված ինքնախեղման դեպքերին՝ Հրայր Թովմասյանը հայտարարեց, որ հանրության մեծ մասը տեղյակ չէ, թե ինչ է կատարվում աշխարհի այլ երկրների բանտերում: «Ինքնախեղումների պատմությունը դարերով է հաշվվում, այն ես չեմ հորինել և այսօրվա իշխանությունների արդյունք չէ»,-ասաց նա:

Նախարարը սիրողական մակարդակում ինքնախեղման մի քանի պատճառ առանձնացրեց՝ ուշադրություն հրավիրել իրենց և իրենց գործի վրա, հասնել ցանկալի դատավճռի, պարտադրել բանտային ադմինիստրացիային՝ տրամադրել արտոնություններ, հոգեկան հիվանդ ձևանալ պատժից խուսափելու նպատակով և այլն: Նախարարի խոսքով՝ այդ դեպքերն առանձին-առանձին ուսումնասիրվել են, սակայն կան պահանջներ, որոնց նա երբեք ընդառաջ չի գնա, օրինակ այն, որ ազատազրկվածը պահանջում է չմեղադրել իրեն թմրանյութ բերած կնոջը: «Այս պահանջների չկատարումն է, որը նպաստել է մեր քրեակատարողական հիմնարկներում վերջին 3-4 տարիների ընթացքում սպանության դեպքերի վերացմանը»,-ասաց նախարարը՝ տեղեկացնելով, որ միայն այս տարի 2607 կտրող-ծակող գործիք է բռնագրավվել ազատազրկվածների սենյակների զննության ժամանակ:

Ի դեպ, ինքնախեղման դեպքերի վերաբերյալ նախարարի հայտնած մտքերը կրկին դուր չեկան Նաիրա Զոհրաբյանին , որը փորձեց հստակեցնել՝ արդյո՞ք նախարարը հաստատում է վերջերս հնչեցրած այն միտքը, թե ինքնախեղումը ՔԿՀ-ներում նորմալ երևույթ է: Պատգամավորի հարցադրումն էլ նախարարին դուր չեկավ. «Եթե լրագրողը համատեքստից մի բառ որոշում է հանել և սենսացիա սարքել, ինձ համար ընդունելի չէ, բայց ես դա կարող եմ հասկանալ: Իսկ եթե դա անում է պատգամավորը, որոշակի հավակնություններ ունեցող քաղաքական ուժի ներկայացուցիչը, ինձ համար ոչ հասկանալի է, ոչ էլ ընդունելի: Ասել եմ և էլի եմ կրկնում՝ երևույթը չի կարող նորմալ լինել: Ես ասել եմ՝ կան մարդիկ, որոնց համար դա սովորական է: Եթե ցանկություն կա, կարող եմ այդ մարդկանց հետ ծանոթացնել,-վրդովված ասաց Հրայր Թովմասյանը:

Մինչ նախարարը խոսում էր, Զոհրաբյանը փորձեց ընդհատել նրան և նկատողություն ստացավ. Հրայր Թովմասյանը հիշեցրեց, որ խորհրդարանում ինքը հյուր է, և պատգամավորը պետք է իրեն պահի տանտիրոջը վայել: «Պարզապես Դուք խեղաթյուրում եք փաստերը…»,-արդարացավ Զոհրաբյանը, ինչը նախարարին է՛լ ավելի բարկացրեց. «Երբ որ էս հարցի վերաբերյալ Ձեր ամբողջ գործունեությունն է խեղաթյուրված, ես հանգիստ լսում եմ և իմ իրավունքների շրջանակում՝ արձագանքում: Պարզապես Ձեզ համար կարևոր չէ իմ պատասխանը, Ձեր խնդիրը հարցը հնչեցնել է»,-հայտարարեց նախարարը:

Էլինար Վարդանյանը կոչ արեց հարցը վեճի չվերածել:

Նախարարն ի վերջո պարզաբանեց իր միտքը՝ ասելով, որ ինքնախեղումը սովորույթ դարձրածներն ընդամենը երկուսն են, և ինքը նկատի է ունեցել հենց նրանց, որոնք արդեն 13-14 –րդ անգամ են ինքնախեղման դիմել: Երբ Հրայր Թովմասյանը նրանցից մեկին հարցրել է, թե ինչու է դա անում, պատասխանել է. «Դե երբ հուզվում եմ, անում եմ: Էդ անցքերը կան, ես շատ հեշտ անում եմ»:

Նախարարն անդրադարձավ նաև ազատազրկվախների զբաղվածության խնդիրներին՝ նշելով, որ եթե օրինակ, Կանադայում աշխատանքի մեջ ներգրավված ազատազրկվածները կազմում են 50-60 տոկոս, Էստոնիայում՝ 90, ապա Հայաստանում ընդամենը 5-6 տոկոս: Նա համոզված է, որ զբաղվածության խնդրի լուծման պարագայում տասնյակ այլ խնդիրներ կլուծվեն: Անցյալ տարի աշխատանքի մեջ ընդգրկվածների թիվը եղել է 170, այս տարի հասել է 307-ի: «Եթե միայն քրեակատարողական համակարգին անհրաժեշտ պարագաներն էլ արտադրվեն ներսում, ապա աշխատողների թիվը կհասնի 700-800-ի»,-կարծում է նա:

Ինչ վերաբերում է ոլորտի կադրերին, ապա այստեղ նույնպես լուրջ խնդիրներ կան: Հրայր Թովմասյանի խոսքով՝ ոստիկանական ծառայությունն ու քրեակատարողական համակարգի ծառայությունը միանգամայն տարբեր բաներ են, և ցավոք Հայաստանն այսօր չունի մի հաստատություն, որտեղ քրեակատարողական ծառայության մասնագետներ պատրաստեն:

Քննարկման ընթացքում Նաիրա Զոհրաբյանը բարձրացրեց վաղաժամկետ պայմանական ազատազրկման գործընթացի հետ կապված խնդիրները՝ նշելով, որ բազմաթիվ մարդիկ բողոքում են հանձնաժողովի այս կամ այն անդամի սուբյեկտիվ որոշումներից: Ի դեպ, Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանն էլ հաստատեց հանձնաժողովի անդամների անձնական հայեցողության լայն սահմանների մասին իրողությունը՝ հայտնելով, որ իրենք հանձնաժողովից հանել են իրենց անդամին՝ վստահ չլինելով, որ չեն վարկաբեկվի այնտեղ ներկայացուցիչ ունենալով:

Մարդու իրավունքների պաշտպանն իր ելույթը սկսեց քրեակատարողական հիմնարկներում տիրող քրեական օրենքների հարցը բարձրացնելով: Ըստ նրա՝ դա ամենաառանցքայն խնդիրն է, որը վարակի պես փոխանցվում է հասարակություն, բանակ, անգամ հեռուստատեսություն: «Այդ նույն քրեական օրենքները լրիվ այլ սկզբունքներով գործում են նաև ՔԿՀ ադմինիստրացիայում, մեր հասարակությունում և մեր պետական ու ոչ պետական հաստատություններում»,-ասաց նա:

Կարեն Անդրեասյանի խոսքով՝ իրենք գիտեն, թե ինչ են ուզում ունենալ, սակայն չունեն դրա լուծումները, և եթե իշխանություններն իսկապես մտահոգ են ՔԿՀ-ներում խնդիրները լուծելու հարցով, ապա պետք է օգտագործեն իրենց` ՄԻՊ-ի ռեսուրսը: Ներողություն խնդրելով դահլիճում ներկա արտասահմանցի փորձագետներից՝ Մարդու իրավունքների պաշտպանն ասաց, որ նրանց կարիքն ամենևին չկա ՔԿՀ-ների խնդիրները վերհանելու գործում, քանի որ իրենք քաջատեղյակ են բոլոր այդ խնդիրներից:

Դիտվել է 1871 անգամ:
Print Friendly

Leave a Reply