ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչությունը Երևանի պետական համալսարանի հետ կազմակերպեց ՄԱԿ-ի մոդել-խորհրդաժողով

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | November 17, 2012 13:25

Երևան, նոյեմբերի 17, 2012 թ. – Ուսանողները ՄԱԿ-ի արժեքների վերաբերյալ իրենց գիտելիքները, ինչպես նաև բանակցային և հաղորդակցության հմտությունները բարելավեցին՝ ՄԱԿ-ի մոդել խորհրդաժողովի ընթացքում իրականացնելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի (ԱԽ) դերախաղ, որտեղ քննարկում էին ՄԱԿ-ին Պաղեստինի անդամակցության հարցը: Խորհրդաժողովը տեղի ունեցավ այսօր Երևանի պետական համալսարանում (ԵՊՀ):
Միջոցառումը կազմակերպվել էր ՄԱԿ-ի հանրային տեղեկատվության վարչության (ՄԱԿ ՀՏՎ) և ԵՊՀ-ի համատեղ ջանքերով՝ Համալսարանի և ՄԱԿ ՀՏՎ-ի միջև համագործակցության ծրագրի շրջանակներում: Այն նվիրված էր Պաղեստինի ժողովրդի հետ համերաշխության և Հանդուրժողականության միջազգային օրերին:
Նախքան համաժողովն անցկացվել են դասընթացներ` ՄԱԿ-ի արժեքների, ՄԱԿ-ի ԱԽ գործառույթների և կառուցվածքի, ընթացակարգային կանոնների մասին մասնակիցների գիտելիքները զարգացնելու համար: ՄԱԿ-ի հայկական ասոցիացիայի փորձառու դասընթացավարն ու թեմատիկ փորձագետներն ուղղորդել են մասնակիցներին և նրանց տրամադրել հատուկ մշակված ուղեցույցներ:
Մասնակիցներն իրազեկվել են ՄԱԿ-ին Պաղեստինի անդամակցության վերաբերյալ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի անդամների դիրքորոշումների վերաբերյալ: Նրանք տեղեկացվել են ոչ միայն Պաղեստինի անդամակցության խնդրի նրբությունների և ՄԱԿ-ի մարմինների գործառությների մասին, այլև ծանոթացել բանակցությունների, բազմակողմ դիվանագիտության արվեստին և ստացել անհրաժեշտ տեղեկություններ, որոնք նրանց օգնեցին դերախաղի ժամանակ պատշաճ ներկայացնել իրենց երկրների դիրքորոշումները:
ՄԱԿ ՀՏՎ ներկայացուցիչ Մարիա Դոցենկոն խորհրդաժողովի բացմանը նշեց. «Դասընթացավարների հետ և ձեր առանձին խմբերում աշխատելու ընթացքում դուք շատ բան սովորեցիք ՄԱԿ-ի արժեքների և ՄԱԿ-ի ԱԽ գործառույթների մասին: Բանակցելու, համաձայնության գալու և հակառակ կողմի կարծիքին հանդուրժողաբար վերաբերվելու կարողությունն օգտակար է ձեր հետագա մասնագիտական առաջընթացի համար և ձեզ կօգնի դառնալ ձեր համայնքների առավել ակտիվ անդամներ»:
Երևանի պետական համալսարանի պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանն ասաց. «Մենք բարձր ենք գնահատում ՄԱԿ-ի հետ մեր արդյունավետ համագործակցությունը: Ես տպավորված եմ այն խանդավառությամբ, որով մեր ուսանողները վերաբերվում են հետազոտությանն ու բանավեճերին, այն նվիրվածությամբ, որով նրանք նախագծում են իրենց համակողմանի դիրքորոշումները, և միջազգային դիվանագիտության այն ոգով, որով նրանք շփվում են իրենց ընկեր-պատվիրակների հետ»:
Օրվա ավարտին բոլոր մասնակիցները ստացան գնահատանքի վկայականներ և փոքրիկ մրցանակներ:
ՄԱԿ-ի մոդել խորհրդաժողովները ՄԱԿ-ի մարմինների դերախաղ են, որի ընթացքում մասնակիցները ներկայացնում են ՄԱԿ-ի տարբեր անդամ պետություններ և քննարկում համաշխարհային նշանակության հարցեր: ՄԱԿ-ի անդամ բազմաթիվ երկրներում, ինչպես և Հայաստանում, ՄԱԿ-ի մոդել խորհրդաժողովները մեծ ժողովրդականություն են վայելում երիտասարդների շրջանում: Մասնակիցներն առաջարկվող մտացածին դեպքերի շուրջ ուսումնասիրություններ են կատարում, ներկայացնում իրենց երկրների դիրքորոշումները, սովորում քննարկել, համաձայնություն կառուցել և ընդունում են համատեղ բանաձև:

Դիտվել է 860 անգամ:
Print Friendly

Leave a Reply