Հայկական Տեղեկատվական Տեխնոլոգիաների Ընկերությունները Մասնակցում են Վրացական ՏՏ Նորարարության Համաժողովին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | November 17, 2012 8:14

Թբիլիսի, Վրաստան – Նոյեմբերի 15-ին Թբիլիսիում մեկնարկեց հինգերորդ ամենամյա տեղեկատվական տեխնոլոգիաների նորարարության համաժողովը (GITI): Եռօրյա միջոցառման շրջանակներում տեղի կունենան մի շարք քննարկումներ էլեկտրոնային կառավարման, տեղեկատվական և կիբեռ-անվտանգության, հեռահաղորդակցության տարածաշրջանային շուկայի զարգացման վերաբերյալ, ինչպես նաև ցուցահանդես և մրցանակաբաշխություն, որը ընթացքում կճանաչվեն տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում տարածաշրջանային ձեռբերումներն ու ջանքերը:

Հայկական պատվիրակության կազմում ընդգրկված են 50 ներկայացուցիչներ` պետական կառավարման մարմիններից և տեղական բարձրտեխնոլոգիական ընկերություններից, այդ թվում` «Ինստիգեյթ Դիզայն» (Instigate Design), «Գելըրի Սիսթեմզ» (Gallery Systems), «Բեսթ Սոֆթ» (Best Soft), «Իքս-Թեք» (X-Tech), «Իննովեյթիվ Գրինհաուս» (Innovative Greenhouse), «Քինեքթ Մենյու Թիմ» (Kinect Menu Team), «Լոքեյթոր» (Locator), «Մաքուր H2O» (Clean H2O) և այլ ընկերություններ, որոնք ցուցահանդեսի Հայկական անկյունում ներկայացնում են տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների ապրանքներ և լուծումներ Երևանից և այլ մարզերից: Հայկական պատվիրակության մասնակցությունն այս միջոցառմանը համակարգում է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը, իսկ մասնակցությունը հնարավոր է դարձել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող «Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության» ծրագրի միջոցով: Ծրագիրն աջակցում է հայաստանյան ՏՏ ընկերությունների կարողությունների զարգացմանը` խթանելու արտահանումը դեպի մերձակա միջազգային շուկա, ի դեմս Վրաստանի, և կատարելագործելու բիզնես հաղորդակցման, շուկայավարման և իրացման գործնական հմտությունները:

2008թ.-ից ի վեր GITI համաժողովի նպատակն է խթանել կապերը և համագործակցությունը Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի, Բալթյան երկրների, Կովկասի և Կենտրոնական Ասիայի ՏՏ ընկերությունների, ասոցիացիաների և կառավարական մարմինների միջև` մրցունակության և նորարարության զարգացմանը նպաստելու միտումով: Համաժողովի կազմակերպիչներն են Վրաստանի ՏՀՏ գործարար խորհուրդը և Վրաստանի արդարադատության նախարարությանն առընթեր Տվյալների փոխանակման գործակալությունը:

Հայաստանը մասնակցել է համաժողովի աշխատանքներին 2008 թվականից` ներկայացնելով «Made in Armenia» բրենդը, տարածելով տեղական լուծումները նոր շուկաներում և ստեղծելով նոր գործարար կապեր արտերկրում:

Դիտվել է 988 անգամ:
Print Friendly

Leave a Reply