Պետք չէ սեփական արշինով չափել հայերին. Շարմազանովը՝ Գուլուզադեին

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | November 16, 2012 15:01

Ադրբեջանական քարոզչամեքենան մտքի հերթական «գոհարներն» է արտաբերել: Ադրբեջանի նախագահի նախկին խորհրդական Վաֆա Գուլուզադեն ադրբեջանական լրատվամիջոցներին տրված հարցազրույցում ասել էր, որ Ուրուգվայի բարձրաստիճան պատվիրակության այցը Լեռնային Ղարաբաղ «սփյուռքի փողերով է կատարվել»: Մեկնաբանելով Գուլուզադեի այդ միտքը` ՀՀ Ազգային Ժողովի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն «Արմենպրես»-ին ասաց, որ Ադրբեջանն իր արշինով է սկսել չափել Հայաստանի քաղաքականությունը և ուրուգվայցի գործընկերների քայլը: «Ադրբեջանին է բնորոշ խավիարային դիվանագիտությունը, հարյուրավոր մետրանոց դրոշներ, մեծ արձաններ տեղադրելով ինքնահաստատվելը, «մաղարիչ» անելը, կեղծ քարոզչություն իրականացնելու համար մարդկանց գումար տալը»,- ասաց Շարմազանովը:
ՀՀ ԱԺ փոխխոսնակը նշեց, որ մեր բարեկամ Ուրուգվայը ինչպես 1965 թվականին ապացուցել էր ժողովրդավարական արժեքներ կրող և մարդու իրավունքների պաշտպան երկիր լինելը, այնպես էլ հիմա Ուրուգվայի մեր գործընկերները եկել են բացառապես իրենց նախաձեռնությամբ:
Նա շնորհակալություն հայտնեց Ուրուգվայի խորհրդարանական պատվիրակության անդամներին: «Շատ կարևոր է, որ ուրուգվայցի մեր գործընկերներն այցելում են Արցախի Հանրապետություն: Սա խոսում է այն մասին, որ Արցախի Հանրապետությունը փաստացի գոյություն ունի` ուզեն ադրբեջանցիները, թե չուզեն»,- ընդգծեց Շարմազանովը:
Մեկնաբանելով Գուլուզադեի այն հայտարարությունը, թե «ի տարբերություն ազգայնամոլ հայերի, նորմալ հայերը գիտեն, որ Լեռնային Ղարաբաղը միշտ եղել է և կմնա Ադրբեջանի կազմում»` Շարմազանովը ասաց. «Ես կասկածում եմ, որ այդ մարդը, ով հայտարարել է դա, կարող է ծանոթ լինել Պլուտարքոսի, Ստրաբոնի և այլ անտիկ հեղինակների աշխատություններին, որտեղ գրվում էր Հայաստանի մասին: Կարծում եմ` իրենց նախագահի նման նա էլ շատ կսիրի ճամփորդել: Եթե մի օր գնա Հռոմ, ապա Հռոմի ֆորումում կտեսնի հին աշխարհի քարտեզը և Հայաստանի սահմաններն այդ քարտեզում, ու այդ ժամանակ թող որոշի»,- ասաց Շարմազանովը:
Նրա խոսքով` Ադրբեջանը պատմության թատերաբեմում առաջացել է 1918 թվականին: «Մինչ այդ պատմության թատերաբեմում Ադրբեջան պետություն չի եղել: Ադրբեջանցի անվանումն առաջացել է 1936 թվականին ստալինյան սահմանադրության արդյունքում, որպեսզի կովկասյան թաթարները կամ թուրքերը տարանջատվեն անատոլիական թուրքերից»,- ընդգծեց Շարմազանովը:

Դիտվել է 819 անգամ:
Print Friendly

Leave a Reply