…ԵՐԲ ԴԱՐԻՑ ԵՐԿԱՐ Է ՁԳՎՈՒՄ ՕՐԸ. Թրաֆիքինգի մի խճճված պատմություն

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Շաբաթվա լուր | | November 17, 2012 15:00

Դեռ հին ժամանակներից հայտնի մարդկանց վաճառքը թրաֆիքինգ չի կոչվել, բայց եղել է արդիական: Վաճառվողների ու վաճառողների մասին մարդկության պատմությունը լռում է, բայց վկայում է, որ միջին դարերում մահապատժի էին ենթարկվում այն մարդիկ, որոնք մարդկանց վաճառում էին: Օրենքն օրենք է, բայց մարդու գիտակցության սահմանն օրենքի հետ ոչ մի կապ չունի: Ինչպե՞ս է մեր ժամանակներում տեղի ունենում մարդկանց առևտուրը, այլ լեզվով ասած՝ թրաֆիքինգը: ՀՀ Քրեական օրենսգիրքը պատիժների մի շարք ունի, բայց պատժվո՞ւմ են այն մարդիկ, որոնք դրդում են մարդավաճառության:

 ՍՈՖԻԻ ԱՌԱՋԻՆ ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆԸ

Մեր զրուցակիցը Ս. Կ.-ն է (պայմանականորեն նրան կոչենք Սոֆի), արդեն 29 տարեկան է: Հիմա ապրում է մեր կողքին՝ Երևանում:

2002-ին Հայաստանի հեռավոր շրջանների   մի գյուղից ընկերուհու (պայմանականորեն` Ստելլա) հետ եկել է Երևան՝ սովորելու: Երկուսն էլ ընդունվել են համալսարաններից մեկի բանասիրական ֆակուլտետը:

– Մաման այն ժամանակ շատ էր ուզում, որ լավ կրթություն ստանամ, ու գնամ գյուղից: Ասում էր` գյուղը քո տեղը չի: Դպրոցական ընկերուհուս հետ եկա մայրաքաղաք: Ամեն ինչ առաջին հայացքից լավ էր թվում,- ասում է Սոֆին:

Երկու ընկերուհիները բնակարան են վարձում երևանամերձ մի տեղ` ամսական 40 հազար դրամ վճարով:

– Ես ու ընկերուհիս հենց սեպտեմբերից, որոշեցինք աշխատել: Երևանյան բարերից մեկում էինք աշխատում, որպեսզի կարողանանք օրվա հացը վաստակել: Համարյա գիշերը չէինք էլ քնում, որ ամեն ինչ հասցնենք՝ և՛ լավ սովորենք, և՛ գործի գնանք:

Մինչև երրորդ կուրսն աղջիկները սովորում են գերազանց և օրինակ են դառնում կուրսեցիների համար:  Սիրահարվածության ժամանակն էր, և Ստելլան կուրսեցուն է սիրահարվում: Սոֆին ընկերուհուն չի նախանձում, բայց խորհուրդ է տալիս՝ մի շտապիր: Վեց ամիս անց սիրահարվածությունը մարում է, ու զույգը բաժանվում է:

ԲԱՐԻ ԱՆԾԱՆՈԹՈՒՀԻՆ

 

– Բարում աշխատելու ժամանակ, մի կին էր հաճախ այցելում ինչ-որ տղամարդկանց ուղեկցությամբ: Հիշում եմ՝ ահագին էլ ծախսում էին,- ասում է Սոֆին ու շարունակում,- երևի այդպես մի կես տարի եկան-գնացին, իսկ այդ ընթացքում մենք հասցրել էինք մտերմություն անել: Մի քանի անգամ նա հյուրասիրություն էր կազմակերպել մեզ համար, ու շատ պարկեշտ վարք դրսևորել:

Սոֆին՝ գյուղի միմամիտ աղջիկը՝ անծանոթուհուն՝ Անժիկին, պատմում է իր  կենսագրությունը, արածն ու չարածը, ասում է, որ մի աղքատ գյուղից են եկել, Երևանում և՛ սովորում են, և՛ աշխատում:

– Անժոն անընդհատ ասում էր, որ բարը ձեր տեղը չի, դուք պետք ա լավ աշխատանք ու ապրուստ ունենաք: Ասում էի՝ ախր դեռ դիպլոմ էլ չունեմ, ի՞նչ լավ աշխատանք: Մի անգամ էլ եկավ ու… Մենք երկար, շատ երկար խոսեցինք: Ասաց, որ աշխատանք կարող է առաջարկել (բարձր աշխատավարձով), բայց Ռուսաստանում, կոնկրետ վայրը չասաց, ասաց. «Ռեստորան է, լավ վճարում են, դուք էլ պետք է մատուցողուհի աշխատեք»: Աշխարհն իմն էր, ասացի` բայց ռուսերեն չգիտեմ, ասաց. «Տերը հայ ա, ռեստորանն էլ հայկական, հաճախորդներն էլ՝ տեղի  հարուստ հայերն են, եթե ուզում ես, ընկերուհուդ համար էլ կարող եմ ասել»: Ես ու Ստելլան երկար գցեցինք-բռնեցինք ու որոշեցինք ընդունել առաջարկը:

ԱՇԽԱՏԱՆՔ՝ ՌԵՍՏՈՐԱՆՈՒՄ

Անժիկը՝ աղջիկների հարազատն ու փրկիչը, աղջիկների անձնագրերը վերցնում է ու տոմսեր գնում : Դա 2004 թվականն էր: Աղջիկները ավտոբուսով հասնում են Կրասնոդար:

– Մեզ դիմավորեց Հենդո անունով մեկը ու ասաց, որ պլանները մի քիչ փոխվել են, տերը Դուբայում էլ նույն գործն ա անում, ու ասաց. «Էսօր ստեղ կմնաք, վաղը առավոտ ձեզ կուղարկեմ»: Մենք, ճիշտն ասած, ավելի ուրախացանք, ասացինք՝ լավ է՝ գոնե մի քանի քաղաք կտեսնենք: Մեզ տվեց 200 դոլար ու ասաց. «Սնունդի համար եմ տալիս»: Երեկոյան եկավ ու հրավիրեց մեզ ակումբ, առաջին անգամ ես ու Ստելլան խմեցինք, շատ խմեցինք: Չեմ էլ հիշում՝ ինչպես անցավ այդ գիշերը ու բացվեց նոր բացվող առավոտը: Հենդոն եկավ ու մեզ տվեց ռուսական անձնագրեր: Ասաց. «Ձեր անունները փոխել ենք, որ խնդիրներ չլինեն: Սաղ ծախսերը մենք ենք արել, Անժոյի խաթր»:

Վերցրեցինք իրերն ու ուղևորվեցինք Դուբայ… Չէինք էլ նկատել, որ բացի անունները փոխելուց, Հենդոն նաև մեր տարիքն էր մեծացրել: Մեզ էլ խնդրեց ոսկի տանել` մի քանի ականջօղ, ապարանջան և մատանիներ: Ասաց՝ դրեք ձեր մատին, ականջօղերը կախեք, հասնեք թե չէ, ձեզ կդիմավորի Սուսիկը, իրան կտաք ու կծանոթանաք հետը…

ԱՌԱՋԻՆ ՕՐԸ ՍԻՐՈ ՕՎԿԻԱՆՈՍՈՒՄ

Աղջիկներն առանց խոչընդոտների հասնում են Դուբայ: Իսկապես նրանց դիմավորում է Սուսան անունով մի 50-ին մոտ կին:

– Սուսիկը մեզ դիմավորեց հենց օդանավակայանում: Ասաց՝ ի՞նչ եք ուզում տեսնել, ասացինք՝ քաղաքը: Ասաց՝ դեռ ժամանակ կունենաք տեսնելու: Վերցրեց մեր անձնագրերը` ասելով, որ ձևակերպումների համար է: Ու տարան մեզ հյուրանոցանման մի տեղ: Սուսիկը մեզ այդ օրը ծանոթացրեց Մուստաֆի հետ, ու ասաց, որ ինքն ա շեֆը:

Առավոտյան մեզ լողացրին ու տարան խանութ՝ շքեղ շորեր առնելու: Երեկոյան Սուսիկն ասաց. «էսօր ձեր առաջին աշխատանքային օրն ա: Ձեզ տեսնեմ՝ աղջկերք»: Մեզ տարավ մի տարօրինակ բար ու ներկայացրեց ինչ-որ տղամարդկանց: Հայերեն վարժ խոսող Մուստաֆը ասաց. «Արի՛, գնացինք»: Ու ինձ տարավ հյուրանոցի համարներից մեկը: Ասաց՝ հանվի: Ես չհասկացա, հետո ասացի՝ կույս եմ, չեմ կարող, դուք ինձ խաբել եք… Հասկանո՞ւմ ես, արդեն ուշ էր:

Մուստաֆն իմանալով, որ աղջիկները կույս են, որոշում է ավելի թանկ գնով վաճառել: Իսկ Սուսիկը, տեսնելով աղջիկների լացը, ասում է. «Ձեր վրա 20 000 դոլար եմ ծախսել, փողերս տվեք, ուր ուզում եք գնացեք»…

ԳԵՐԻՆԵՐԸ

 

– Առաջին անգամ ինձ բռնաբարեց մի մեծահարուստ, ու ահագին փող տվեց Սուսիկին: Այդքան ստորացում ես չէի տեսել: Ամեն օր ստիպված էինք սպասարկել մի 40 հոգու: Չորս ամիս հետո Անժիկը եկավ ու ասաց. «Ձեզ տալիս եմ Օֆոյին, ինքն ա ձեր հիմիկվա շեֆը»: Մենք ծանոթացանք նրա հետ ու միանգամից հասկացանք, որ պատմությունը կրկնվելու է:

– Օֆոն շատ դաժան էր: Առաջին օրը մեզ լավ ծեծեց ու ասաց. «Եթե չենթարկվեք, կմեռնեք» (Ստելլան պատմելիս չի զսպում արցունքները): Ու ամեն օր մենք զբաղվում էինք մարմնավաճառությամբ: Այն բաները, որ չէինք ուզում անել, Օֆոյի տղամարդավարի բռունցքներին էինք արժանանում:

Երկու ընկերուհիները սարսափով են հիշում այդ ժամանակները: Ասում են՝ երեխա էինք, խաբեցին ու ինչ ուզեցին, արեցին:

– Նույնիսկ այն օրերին, երբ չէինք կարողանում սպասարկել, հիմա չեմ ուզում խորանալ ու պատմել, նա մեզ ծեծելով էր դուրս շպրտում:

Մեկուկես տարի անց, երբ ընկերուհիները Օֆոյին են վերադարձնում պարտքը, նա ասում է. «Ազատ եք, ինչ ուզում եք, արեք»:

ԱՂՋԻԿՆԵՐԻ ԸՆԿԵՐ ԲԱՀԱՄԻՆ

 

– Իմ հաճախորդներից մեկը թուրք էր, անունը՝ Բահամի: Նա խոսում էր անգլերեն, մենք էլ կիսատ-պռատ սովորել էինք այդ լեզուն: Թուրքերի մասին միշտ վատ կարծիք կա, բայց նա մեզ օգնեց: Երևի մենակ նա է, որ ինձ երբեք չի ծեծել: Երբ արդեն ոչ ոքից կախում չունեինք, որոշեցինք մի քանի ամիս էլ մնալ, աշխատել, նոր գալ Հայաստան: Այդ ընթացքում երկու անգամ եմ խոսել մորս հետ ու ասել. «Մա՛մ ջան, ամեն ինչ լավ ա… Լավ աշխատում ենք, էնքան պատմելու բան ունեմ, չես պատկերացնի, սա փրկություն էր»: Չէի ուզում, որ ծնողներս իմանան այս մասին (նրանք մինչև հիմա էլ չգիտեն,- հեղ.):

Երկու ամսվա ընթացքում հասցրինք աշխատել ու տնտեսել մի 10 000 դոլար: Չեմ հաշվում, որ ընթացքում մի քանի ոսկի նվեր ստացանք ու հավելավճարներ: Դրանք ծախսում էինք սննդի, մնալու ու նոր շորեր առնելու վրա:

Բահամիին ես շատ էի դուր եկել, ասում էր. «Ինչ ուզես, կանեմ»: Ասացի՝ ուզում եմ Երևան գնալ: «Դժվար բան ես ուզում, բայց կփորձեմ անել»,- պատասխանել է Բահամին:

Հարուստ գործարարը աղջիկների համար անձնագրեր է պատվիրել, բավական գումարներ ծախսել, տոմս առել…

Երկու շաբաթ անց, Բահամիի հետ գիշերն անցկացնելուց հետո, ասաց. «Ես քեզ էլի կուզենայի տեսնել, բայց դուք արդեն Երևանում կլինեք: Այդ պահին տվեց գումարը, անձնագրերը և տոմսը»: Գումարը ես չվերցրեցի:

Դրանից երևի մի շաբաթ հետո մենք Երևանում էինք: Գիտես, եղածը եղած է, ոչինչ չէինք կարող անել: Մեր կյանքն էլ այդպես դասավորվեց, ի՞նչ արած:

ՍՈՖԻՆ ԵՎ ՍՏԵԼԼԱՆ՝ ԵՐԵՎԱՆՈՒՄ

 

– Եկանք Երևան, մի քանի օր մնացինք հյուրանոցում ու գնացինք գյուղ՝ մերոնց տեսնելու: Մերոնք շատ ուրախացան, հետո ես էլ, Ստելլան էլ ասացինք, որ պետք է քաղաքում ապրենք, լավ աշխատանք են խոստացել:

Դուբայում անցկացրած դառն օրերը, մղձավանջային երազները մնացին իմ ու Ստելլայի գաղտնիքը, այդ մասին ոչ ոք չիմացավ:

 Հ.Գ.- Իմացանք, որ Ստելլան ամուսնացել է: Իսկ Սոֆին իր լավ ընկերոջ հետ հիմա բիզնեսով է զբաղված: Հասցրել է բնակարան ու ավտոմեքենա գնել, իսկ գյուղում ապրող ծնողներին էլ ֆինանսապես օգնում է: Նա հիմա ճակատագրից շատ դժգոհ չէ: Առաջիկայում ծրագրում է նաև հեռակա համակարգով շարունակել ուսումը:

 

Միքայել ԱՀԱՐՈՆՅԱՆ

 

Դիտվել է 2375 անգամ:
Print Friendly

Leave a Reply