Ինչո՞ւ են անհաշտ հետ մնացող մարզաձևի մասնագետները

Շաբաթվա լուր, ՍՊՈՐՏ | | November 18, 2012 7:00

Հարցազրույց Հայաստանի գեղարվեստական մարմնամարզության հավաքականի գլխավոր մարզիչ, միջազգային կարգի մրցավար Գայանե Ներսիսյանի հետ:

Օրերս անցկացված գեղարվեստական մարմնամարզության Հայաստանի առաջնությունն ի՞նչ նպատակ էր հետապնդում:

– Փաստորեն, ամփոփվեց այն աշխատանքը, որը 2012-ին կատարվել է Հայաստանի տարբեր մարզադպրոցներում: Իրենց կարողությունները դրսևորելու հնարավորություն էին ստացել Երևանի, Գյումրու, Կապանի մարզադպրոցների 48 սաներ: 2013-ին  մեր երկրի նազելիները մասնակցելու են  Եվրոպայի (մայիսին, Վիեննայում), աշխարհի (սեպտեմբերին, Կիևում) առաջնությունների, միջազգային մի շարք մրցաշարերի: Եվ անհրաժեշտ էր համալրել Հայաստանի հավաքականը, որպեսզի այն նախապատրաստվի այդ ստուգատեսներին:

 Ի հայտ եկա՞ն այնպիսի մարզուհիներ, որոնց հետ կարելի է հույսեր կապել: Վստահություն կա՞, որ մեր երկրի ներկայացուցիչներն առաջիկա խոշորամասշտաբ ստուգատեսներում իրենց անհաջող մրցելույթներով չեն խայտառակի մեր երկրի պատիվը:

– Առաջնությունը ցույց տվեց, որ տարբեր կենտրոններում շնորհալի մարզուհիների հերթափոխ է աճում: Բայց առաջիկայում Հայաստանը ներկայացնելու պատիվը վստահվելու է հիմնականում փորձառու մարզուհիների` Աննա Սվիրինային, Լիլիթ Հարությունյանին և ուրիշների: Ընդ որում, Աննան և Լիլիթը վարպետության դասեր են ստացել Ռուսաստանում` Մոսկվայում և Նիժնի Նովգորոդում, քանիցս հաջողությունների հասել այդ երկրի առաջնություններում, միջազգային մրցաշարերում: Աննայի մայրը հայուհ է և նա որոշել է հանդես գալ Հայաստանի հավաքականի կազմում: Դա մեզ ուրախացնում է, քանի որ նա բարձրակարգ մարզուհի է: Աննան առաջին անգամ էր մասնակցում Հայաստանի առաջնությանը և չորս մրցաձևից երկուսում` օղակով և ժապավենով վարժություններում, դարձավ չեմպիոն: Մրցումների ավարտից հետո նա վերադարձավ Ռուսաստանի մայրաքաղաք, որտեղ կշարունակի պարապել: Մարզուհին այսուհետև հաճախակի կայցելի մեր երկիր և Հայաստանի հավաքականի կազմում ուսումնամարզական հավաքների կմասնակցի: Ի դեպ, Աննան նախկինում հանդես է եկել Ռուսաստանի հավաքականի կազմում, մեծ փորձ ունի և նրա կողքին պարապող մեր մարզուհիները շատ բան կարող են սովորել: Իսկ Հայաստանի հավաքականը հագեցած ծրագրով պարապմունքներ է անցկացնելու, քանի որ խնդիր է դրված, որ մեր երկրի առնվազն երկու ներկայացուցիչ 2016-ի օլիմպիական խաղերի ուղեգրի արժանանա և մասնակցի այդ ստուգատեսին:

 Դա աներևակայելի է թվում է: Ձեր այդ ծրագիրն արդյոք ֆանտաստիկայի ժանրից չէ՞:

– Ցավոք, երկար ժամանակ դոփել ենք տեղում, առաջընթաց չենք ունեցել: Այժմ փորձելու ենք ելք գտնել ստեղծված իրավիճակից: Մարմնարզուհիները, որոնք համալրել են Հայաստանի հավաքականը, 17-22 տարեկան են: Եթե նախկինում նազելիներն ակտիվ սպորտում ավելի կարճատև կյանք էին ունենում, ապա այժմ պատկերը փոխվել է, նրանք ավելի երկարակյաց են: Առայժմ հավաքականի առաջատարները կլինեն դրսում վարպետության դասեր ստացած մարզուհիները: Համատեղ կպարապենք Ռուսաստանի հավաքականի հետ: Այսպես, քայլ առ քայլ փորձելու ենք առաջ շարժվել միջազգային մրցասպարեզներում:

–  Շուրջ 7 ամիս է, որ մեր երկրի հավաքականն եք գլխավորում: Հայտնի է նաև, որ պաշտոնավարման առաջին իսկ օրից խոչընդոտների եք հանդիպել, նույնիսկ` գարնանը կայացած Հայաստանի  թիմային և անհատական առաջնությունը տապալելու փորձերի: Օրերս կայացած բազմամարտի առանձին մրցաձևերի առաջնության կազմակերպման ժամանակ եղա՞ն նման բաներ:

– Թվում էր, որ այս առաջնությունում ամեն ինչ խաղաղ կանցնի, ցավոք, դարձյալ տհաճ միջադեպեր արձանագրվեցին: Ընդ որում, այդ ամենը կատարվում էր մարզասրահում գտնվող ծնողների, հանդիսականների ներկայությամբ: Մեր մի խումբ մասնագետներ հնարավորն անում էին, որպեսզի խափանեն առաջնությունը. ուշացումով էին ներկայացել մրցումներին, իրենց կամքը թելադրելով պահաջնում էին իրենց ցանկալի մասնագետներին ընդգրկել մրցավարական հանձնաժողովում, նաև անթաքույց փորձում մեկ ուրիշին տեսնել գլխավոր մրցավարի դերում և այլն: Ի պաշտոնե կատարելով գլխավոր մրցավարի պարտականություն, այդ հարցերը կարողացա կարգավորել: Խռովություն բարձրացնողներին խանգարեց նաև այն, որ մրցավայրում էին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի պատասխանատու մի շարք աշխատողներ: Այդուհանդերձ, կարգազանցության ամեն մի դեպք պետք է  քննարկվի ֆեդերացիայում և համապատասխան որոշում կայացվի, որպեսզի քայլեր ձեռնարկվեն տհաճ միջադեպերի կրկնությունը բացառելու համար:

 Ի՞նչ եք կարծում, այդ դրսևորումներն ինչի՞ հետևանք  են:

– Բնավորությամբ է պայմանավորված. չկամություն է, նախանձ: Ոմանք կարծում են, թե իրենք են միայն արժանի գլխավորելու Հայաստանի հավաքականը: Թերևս այդպիսի բաներ կան նաև այլ ոլորտներում, սակայն զարմանալի է, որ այդ ամենը գեղարվեստական մարմնամարզությունում այդպես ակնհայտորեն, ցուցադրաբար է դրսևորվում:

 Խանգարողներն ավա՞գ սերնդի ներկայացուցիչներ են, թե՞ ձեզ հասակակից մասնագետներ:

– Ցավոք, խոսքն այնպիսի մարդկանց մասին է, որոնց հետ մտերմական հարաբերություններ ենք ունեցել: Դժվարանում եմ ասել, թե ինչն է նրանց փոխել, և այն դեպքում, երբ այս բնագավառում նոր մարդ չեմ: Երկար ժամանակ Հայաստանի հավաքականի պատիվն եմ պաշտպանել, մասնագիտական կրթություն ստացել, որպես մարզիչ աշխատել մեր երկրի հավաքականում, 31 տարի մարզչական գործունեությամբ եմ զբաղվում, նաև միջազգային մրցավարի կարգավիճակով սպասարկում եմ աշխարհի, Եվրոպայի առաջնություններ: Ընդ որում, երբ ղեկավարությունն առաջարկեց  գլխավորել Հայաստանի հավաքականը, մտքովս անգամ չէր անցնում, որ կարող են այդպիսի ոտնձգություններ արվել այն մարդկանց կողմից, որոնց հետ նախկինում մի շարք հարցերում համագործակցել ենք, իրար օգնության ձեռք մեկնել: Բայց այդ ամենը հաղթահարելի է, ժամանակավոր է, առավել ևս, որ ամենայն աջակցություն են դրսևորում ֆեդերացիան, ՀԱՕԿ-ը, Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը:

 Նախկինում հաճախակի նշվել է, որ թեև գեղարվեստական մարմնամարզությունը գրավիչ մարզաձև է, Հայաստանի ներկայացուցիչների համար չէ: Նույնիսկ պատճառաբանվել է, որ այն ազգային յուրահատկության պատճառով չի կարող զարգանալ, քանի որ հայուհիները շուտ են հասունանում, անցումային տարիքում լինելով, ի վիճակի չեն  միջազգային ստուգատեսներում կայուն մրցելույթներ ունենալու և բարձր արդյունքներ ցույց տալու: Համամի՞տ եք այդ տեսակետին:

– Եթե արտասահմանում բնակվող մեր հայրենակցուհիները հաջողությունների են հասնում, ուրեմն նույնը կարող են անել նաև Հայաստանում ապրող մարզուհիները: Ի դեպ, ժամանակները փոխվել են, և այժմ հավաքականում են ամնևին էլ ոչ անցումային տարիքի մարզուհիներ: Մասնավորապես, Աննան 22, Լիլիթը` 17 տարեկան է: Ի դեպ, Լիլիթը դեռ 2012-ի օլիմպիական խաղերի մասնակից կարող էր դառնալ: Որպես Հայաստանի հավաքականի ներկայացուցիչ` նա ուշ սկսեց պաշտոնապես մասնակցել միջազգային մրցումների: Փաստն այն է, որ  վերջին օլիմպիական խաղերից առաջ Ուզբեկստանում և Լատվիայում կազմակերպված միջազգային մրցաշարերում Հարությունյանը շրջանցել է օլիմպիական խաղերի վարկանիշ ձեռք բերած անգամ Ռուսաստանի, Բելառուսի հավաքականների մի շարք տիտղոսակիր մարզուհիների:

 Հայտնի է, որ Հայաստանում մարզիչների խնդիր կա: ի՞նչ է արվելու այդ բացը լրացնելու համար:

– Վերջերս Մեքսիկայում անցկացված մարմնամարզության միջազգային համաժողովի ժամանակ պայմանավորվել ենք, որ 2013-ի սկզբին Հայաստան է գործուղվելու փորձառու մասնագետ, որը սեմինար է անցկացնելու:

 Ո՞րն եք համարում հիմնական խանգարող հանգամանքը:

– Մարզումների համար համապատասխան պայմաններ չկան: Մարզասրահներում ձմռանը ցուրտ է լինում, մարզուհիները և նրանց մարզիչները տարվա մոտ կեսը հարկադրական պարապուրդի են մատնվում: Չկան համապատասխան  մրցահարթակներ: Սվիրինան Հայաստանի առաջնության ժամանակ հայտնեց, որ դժոխային պայմաններ են, մրցագորգն անհարթ  է, և վնասվածք ստանալու հավանականությունը` մեծ: Բացի այդ, եղած մարզասրահների առաստաղները ցածր են, չեն համապատասխանում միջազգային չափանիշներին: Խոստացել են, որ կօգնեն: Լավ մրցահարթակը 30 հազար դոլար արժե:

 Դրսից հրավիրված մարզուհիները ֆինանսական խնդիրներ դնո՞ւմ են:

– Ունենք հովանավորներ, որոնք լուծելու են նաև այդ հարցերը:

Դիտվել է 1013 անգամ:
Print Friendly

Leave a Reply