Ազգային ժողովում քննարկվում է 2013-ի բյուջեի նախագիծը. ընդդիմությունը կոչ է անում դեմ քվեարկել

Շաբաթվա լուր, ՔԱՂԱՔԱԿԱՆ | | November 15, 2012 12:00

Նոյեմբերի 12-ին Ազգային ժողովը սկսեց հերթական քառօրյա նիստերի աշխատանքը, որի հիմնական առանցքը «2013 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագիծն էր:

Ամբողջությամբ ընդունվեց «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու օրինագիծը` 73 կողմ , 8 դեմ և 17 ձեռնպահ ձայներով: Հիշեցնենք, որ այն նախատեսում է նվազագույն աշխատավարձը 32,5 հազարից բարձրացնել մինչև 35 հազար դրամի:

Քննարկման դրվեց հանրապետության գլխավոր փաստաթուղթը` 2013 թ. բյուջեի նախագիծը, որը ներկայացրեց ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը` առաջացնելով ընդդիմության զարմանքը. «Որտե՞ղ է վարչապետը ,և ինչո՞ւ նա չի ներկայացնում նախագիծը»: «Չլինի՞ հրաժարական է տվել»,- հետաքրքրվեց Նիկոլ Փաշինյանը, որի հետաքրքրասիրությունը փարատեց Ֆինանսների նախարարը. «Տիգրան Սարգսյանը ողջ-առողջ է ու շարունակում է պաշտոնավարել»:

Ֆինանսների նախարարի խոսքով` 2013 թ. ՀՀ կառավարության տնտեսական քաղաքականությունն ուղղված է լինելու գործարար և ներդրումային միջավայրի բարելավմանը, տնտեսության դիվերսիֆիկացման խորացմանն ու արտահանելի ծավալի մեծացմանը, իրականացվող տնտեսական քաղաքականության սոցիալական ուղղվածության, ինչպես նաև մակրոտնտեսական կայունության պահպանմանը:

Ծախսերը 2013-ին նախատեսված են 1 տրիլիոն 151 մլրդ 400 մլն դրամի չափով: Ֆինանսների նախարարը ներկայացրեց տարբեր ոլորտներում նախատեսված ֆինանսական հատկացումները. կրթության ոլորտ՝ 108 մլրդ դրամ, գիտության ոլորտ՝ 11,2 մլրդ դրամ, առողջապահության ոլորտ՝ 70 մլրդ դրամ, սոցիալական պաշտպանության ոլորտ` 303 մլրդ դրամ, արդյունաբերության ոլորտ` 156 մլրդ դրամ և այլն:

ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը Ֆինանսների նախարարից հետաքրքրվեց, թե 2013 թ. որքա՞ն աշխատատեղ է ստեղծվելու, որին ի պատասխան` նախարարն ասաց` մոտ 10 000: Միջին աշխատավարձն էլ, ըստ նախարարի, լինելու է 120 հազար դրամ:

Աղվան Վարդանյանին հետաքրքրում էր Հայաստանում և Սիրիայում մշտապես հաստատվելու որոշում կայացրած սիրիահայերի խնդիրը, և թե ինչպես է կառավարությունը պատրաստվում աջակցել այդ ընտանիքներին: Նախարարը պատասխանեց, որ նման ծրագրերի առկայության դեպքում կառավարությունը պատրաստ է քննարկել դրանք պահուստային ֆոնդից ֆինանսավորելու խնդիրը. «Բայց քանի դեռ ձևակերպված ծրագիր չկա, դժվար է նմանատիպ պարտավորություն վերցնել և դնել բյուջեում»,- ասաց նա:

ՀՅԴն արտահերթ քննարկման դրեց իր նախագիծը

Խորհրդարանի արտահերթ քննարկմանը ներկայացվեց ՀՅԴ խմբակցության «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին նախագիծը: Այն ներկայացրեց խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը` նշելով, որ  նախագծի փոփոխությունների հիմքում դրված են նաև կառավարության հիմնարար ծրագրերում ներկայացված գաղափարները: Առաջարկվում է, որ երկրում նվազագույն աշխատավարձի չափը սահմանելիս հաշվի առնվի գնաճի մակարդակը, կենսաապահովման նվազագույն բյուջեն կամ սպառողական նվազագույն զամբյուղի արժեքը, ինչպես նաև միջին աշխատավարձը:

Հարակից զեկուցող, ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը, ներկայացնելով իր հիմնավորումները, հայտարարեց, որ նախագիծը քննարկվել է հանձնաժողովում և ստացել բացասական եզրակացություն: «Նախագծի ներկայացրածը հաշվարկելով տեսնում ենք, որ պարենային զամբյուղը 2017-ին շատ ավելի քիչ է ձևավորվում, քան առաջարկում է կառավարությունն իր ծրագրում»,-ասաց նա:

Հակոբյանը հաշվարկեց նաև գնաճին համապատասխան բարձրացող միջին աշխատավարձը՝ եզրակացնելով, որ 2017-ին, ըստ ՀՅԴ նախագծի, նվազագույն աշխատավարձը կլինի մոտ 61 հազար դրամ, իսկ կառավարությունն առաջարկում է 65 հազար.  «Ո՞նց կարելի է շատից ու քչից ընտրել քիչը»,- զարմացավ Հակոբ Հակոբյանը:

Օրենքի ընդունումը նպատակահարմար չհամարեց նաև ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը: Նա պատգամավորներին հորդորեց սթափ նայել ծրագրին, որպեսզի չստեղծվեն սպասումներ, որոնք մեծ հավանականությամբ կարող են չիրականանալ, բայց խաթարել կայունությունը:

«Ձեռ ե՞ք առել ձեզ…». բարկացավ Բագրատյանը

ՀՅԴ խմբակցության կողմից ներկայացված «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» նախագծի քննարկման ժամանակ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանն իր վրդովմունքն արտահայտեց ֆինանսների նախարարի հայտարարությունների վերաբերյալ. «Պարո՛ն Գաբրիելյան, եթե Դուք վկայակոչում եք եվրոպական փորձը, ապա միջին եվրոպական երկրում նվազագույն աշխատավարձը կազմում է միջին աշխատավարձի 40 տոկոսը: Հիմա դուք ասում եք՝ մեր միջին աշխատավարձը 120 հազար դրամ է, էդ դեպքում պարտավոր եք 50 հազար նվազագույն աշխատավարձ տալ: Հետևաբար, կա՛մ միջին աշխատավարձի վերաբերյալ Ձեր թիվն է սխալ, կա՛մ Ձեր մոտեցումն է սխալ»,-ասաց նա:

Բագրատյանը վրդովված էր նաև նախարարի այն հայտարարությունից, թե գումար չկա, որտեղի՞ց աշխատավարձը բարձրացնեն. «Է, նորմալ հարկեք…ո՞նց կարող ա պատգամավորը ստանա ավելի պակաս, քան կենտրոնական բանկի հավաքարարը: Նույն որակի ե՞ք գնահատում աշխատանքը, ձեռ ե՞ք առել ձեզ: Ասում եք` օրենքն ա էսպես: Փոխե՛ք օրենքը: Ավելի լավ է` մարդ անգրագետ լինի, քան կիսագրագետ և փորձի խաբել»,- բարկացավ Բագրատյանը:

«Ես այնքան խելացի եմ, ինձ տեսե՛ք, հետագայում հաշվի կառնեք». Գ. Սահակյան

2013 թ. բյուջեի քննարկումների վերաբերյալ ամփոփիչ ելույթների ժամանակ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը հայտարարեց, որ քննարկման ընթացքում կային փնթի ելույթներ, ինչպես նաև կառուցողական. «Այս ամբիոնը կարծեք ոչ թե Ազատության հրապարակի հարթակ է դառել, այլ Կամսարականի ժամանակաշրջանի Չիբուխլուի տարածքի նման մի բան, հնչում են փնթի, երբեմն թափթփված ելույթներ»,-ասաց նա` հավելելով, որ փոխարենը իրենք (ՀՀԿ) բյուջեն քննարկում են պատասխանատվությամբ և հավատով:

Ըստ նրա` որոշ ելույթներ էլ ոչ թե քննադատում էին, այլ պարզապես ցույց էին տալիս, թե «ես այնքան խելացի եմ, ինձ տեսե՛ք, հետագայում հաշվի կառնեք»:  «Դա էլ կանենք»,-խոստացավ Սահակյանը:

ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը պատգամավորներին կոչ արեց դեմ քվեարկել բյուջեի նախագծին` նշելով, որ դրանով կառավարությունը չի լուծում բազմաթիվ խնդիրներ, այդ թվում` 240 000 գործազուրկներին աշխատանքով ապահովելու և տնտեսական աճի խնդիրները։

Հրայր Թովմասյանը փորձեց արդարանալ

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Կարապետյանը պարզաբանումներ խնդրեց Հրայր Թովմասյանից` վերջին օրերին նրա կողմից արված հայտնի հայտարարության վերաբերյալ, ըստ որի` «աչք ու բերան կարելը բանտարկյալների համար սովորական բան է»:

Նախարարը փորձեց արդարանալ, թե իր խոսքը սխալ են հասկացել. «Այն, որ համատեքստից հանած մի բառը կարող է որոշ լրագրողների ճանաչում բերել, ես սա չեմ հասկանում, միգուցե լրագրողության մեջ ընդունելի է, բայց այն, որ քաղաքական հավակնություններ ունեցող քաղաքական ուժի ներկայացուցիչները կարող են թերթում տպագրվածով եզրակացություններ անել, ինչ-որ հետևություններ անել ու ինչ-որ բաներ հնչեցնել, դա ինձ համար ո՛չ հասկանալի է, ո՛չ էլ ընդունելի»,- ասաց նախարարը:

Նա հորդորեց նայել իր այդ հայտարարությունից հետո հեուստաընկերություններից մեկին տված հարցազրույցը,   որում պարզ երևում է, որ խոսքը չի վերաբերում այդ երևույթին, այլ մեկ-երկու մարդու, որոնց համար դա սովորական է:

Զարուհի Փոստանջյանը ցավ է ապրում` ճանաչելով Հրայր Թովմասյանին

Պատգամավորների և կառավարության անդամների հարցուպատասխանի ժամանակ Զարուհի Փոստանջյանը բարձրացրեց դատական համակարգի անկատարության հարցը` հին և թարմ դեպքերի օրինակներով: «Ինչպե՞ս եք պատրաստվում պայքարել կոռուպցիայի դեմ, երբ դատական համակագը չի գործում»,- հարցրեց պատգամավորը:

«Եթե ես հիմա այս ամբիոնից փորձեմ որևէ գնահատական տալ Ձեր նշած դեպքերի վճիռների վերաբերյալ, ապա վաղը բոլոր լրատվամիջոցները կգրեն, որ արդարադատության նախարարը միջամտում է դատական իշխանությանը, ցուցում է տալիս, պաշտպանում է և այլն: Կառավարությունը պատասխանում է այն հարցերին, որոնք իր իրավասության մեջ են, դատական իշխանությունը չի մտնում գործադիր իշխանության մեջ»,- պատասխանեց նախարարը:

Ինչ վերաբերում է կոռուպցիայի դեմ պայքարին, ապա նախարարի խոսքով` դա ամենաշատ քննարկված հարցերից է, և ինքը միշտ հայտարարել է` կոռուպցիան երկրի համար նույնն է, ինչ օրգանիզմի համար չարորակ ուռուցքը: Միաժամանակ նախարարը հիշեցրեց, որ վերջին տարիներին ոլորտում զգալի դրական տեղաշարժ կա, անգամ օրինակներ բերեց:

Զարուհի Փոստանջյանն արձագանքեց. «Գիտեք, Ձեր խոսելուց հետո էնքան ցավ եմ ապրում, որ Ձեզ ճանաչում եմ: Լավ կլիներ՝ չճանաչեի: Պետք չի էստեղ արդարանալ, թե սա է արվել, նա  է արվել: Եթե սա իրոք քաղցկեղ է և չարորակ է, ապա դրա դեղահաբն այսօր բժշկության մեջ քիմիաթերապիան է»:

«Քիմիաթերապիայից բացի կա նաև ֆիզիոթերապիա, վիրահատական միջամտություն»,- հավելեց նախարարը:

Վարչապետը` Քոչարյանի հայտարարության, ԲՀԿՀՀԿ հարաբերությունների  և 2013-ի բյուջեի նախագծի մասին

Խորհրդարանում լրագրողների հետ ավանդական ճեպազրույցի ժամանակ լրագրողների խնդրանքով վարչապետ Տիգրան Սարգսյանը մեկնաբանեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի  խորհրդարանական կառավարման համակարգին և 100- տոկոսանոց համամասնական կարգին անցնելու վերաբերյալ վերջին հայտարարությունը:

«Մենք նոր ենք փոփոխել մեր ընտրական օրենսգիրքը, և կարծում եմ` նախագահական ընտրություններից հետո հնարավորություն կունենանք կառավարման  համակարգի արդյունավետության վերաբերյալ քաղաքական բանավեճ ունենալ ԱԺ-ում և  լսել տարբեր տեսակետներ, բայց ընտրություններից մի քանի ամիս առաջ անդրադառնալ այդ խնդրին այնքան էլ ճիշտ չէ և մեր օրակարգում առաջնահերթ հարց չէ»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է ՀՀԿ-ԲՀԿ հուշագրին, նա կրկնեց, որ իրենք համախմբված են եղել մի հայտարարությամբ, որում հստակ ամրագրված էր, որ այդ 3 ստորագրած կուսակցությունները պաշտպանելու են գործող նախագահի թեկնածությունը 2013 թվականի ընտրությունների ժամանակ: «Եղե՞լ է, արդյոք, այդ 3 կուսակցություններից որևէ մեկի կողմից պաշտոնական հերքում: Այդպիսի հերքման ես ծանոթ չեմ»,- ասաց նա:

2013 թ. բյուջեի նախագծի վերաբերյալ իր տեսակետը վարչապետը կհայտնի ամփոփիչ ելույթի ժամանակ: Սակայն նա զարմանում է, որ լրագրողները զարմանում են ընդդիմության քննադատությունից. «Բա ուզում եք, որ ընդդիմությունը մեզ չքննադատի, այլ գովերգի՞: Ընդդիմությունը նրա համար է, որ քննադատի, մենք շատ նորմալ ենք վերաբերվում ընդդիմության քննադատությանը և այն գործիքակազմին, որ օգտագործվում է մեզ քննադատելու համար»,- ասաց վարչապետը:

Նրա խոսքով` ընդդիմության առաջարկների մեջ կան բազմաթիվ կառուցողական առաջարկներ, որոնք գրավոր ներկայացվելու դեպքում մանրամասն կքննարկվեն: Վարչապետը համոզված է, որ դրանց մի մասը կընդունվի:

Դիտվել է 1675 անգամ:
Print Friendly

Leave a Reply