Արթուր Իշխանյան. «Անարդարության և վիրավորվածության զգացումը կառավարության գործելաոճից թևածում է ամենուր»

ԿՐԹԱԿԱՆ, Շաբաթվա լուր | | November 15, 2012 12:43

ԱԺ-ում ավարտվեցին 2013-ի բյուջեի նախագծի քննարկումները: Համաձայն «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» օրենքի պահանջի` 2013-ին գիտության ֆինանսավորումը կավելանա հնարավոր նվազագույնի չափով` 13 տոկոսով:

Գիտության ֆինանսավորման խնդիրների մասին «Անկախը» զրուցել է «Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» (ՊԳՖԱ) նախաձեռնության անդամ, ԳԱԱ թղթակից անդամ, Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր Արթուր Իշխանյանի հետ:

Պարոն Իշխանյան, ՊԳՖԱն գո՞հ է 2013-ին գիտությանը հատկացված ֆինանսավորումից:

– Ընդհանրապես գոհ չենք: Տարբեր հարթակներում քննարկումներ են ընթանում, որտեղ կարող եք տեսնել բուռն անհամաձայնություն: Պատճառները բազմաթիվ են: Նախ` այս բյուջեն բառացիորեն նախորդ տարիների պատճենումն է: Դժգոհությունը կուտակվել է,  դրան էլ գումարվել է ևս մեկ կարևոր հանգամանք. մոտեցել ենք կրիտիկական շեմին`  գիտնականների միջին տարիքի առումով, անթույլատրելիորեն ծերացել է գիտական հանրությունը: Կա նաև սերունդների խզում, մենք միջին տարիքի  գիտնականներ չունենք: Այս գործոններն արդեն շատ վտանգավոր են դարձել:

Ինչի՞ց է գալիս դժգոհությունը, կմանրամասնե՞ք դժգոհության պատճառները:

– Դժգոհության հիմքերը շատ խորքային են  և  միայն ֆինանսավորման մակարդակով չէ, որ պայմանավորվում են:  Անշուշտ, գիտության մեջ առաջին քայլերն անող երիտասարդի համար անհասկանալի է` ինչպես գոյատևել, ինչպես ընտանիքը պահել և ընդհանրապես ինչպես կյանքում իր տեղը գտնել նման ֆինանսավորմամբ: Բայց  նա կարող է համեմատել իր վիճակն այլ ոլորտներում աշխատող իր տարեկիցների հետ, և չի կարող անարդարության զգացում և վիրավորվածություն չառաջանալ: Դա նկատվում է բազմաթիվ մեկնաբանություններում:

Նույնը կարելի է ասել նաև տարիքն առած գիտնականների մասին: Նրանց դեպքում այդ անարդարության զգացումն արդեն տարիներ շարունակ կրծում է հոգին, և վիրավորանքը շատ մեծ է: Այս անգամ այդ երկու գործոնները  շատ ավելի ընդգծված են  այն պատճառով, որ վերջին տարիներին շատ բարձրաձայնվեցին և քննարկվեցին:

Վիրավորանքն ունի նաև տեխնիկական պատճառներ: Նախկինում ասում էին, որ գիտնականներն ակտիվ չեն, չեն խոսում իրենց խնդիրների մասին,  առաջարկներ չեն անում: Բայց այդ ամենը եղավ,  և հաջորդեց  կառավարության բացարձակ  անտարբեր վերաբերմունքը:

Կառավարության արհամարհական, խնդրին որևէ կերպ ընթացք չտալու քաղաքականությունը խորապես ազդել  է գիտական հանրության տրամադրությունների վրա: Ցավով եմ ասում, բայց մենք չենք կարող չփաստել, որ հենց այդ անարդարության և վիրավորվածության զգացումը երկրի կառավարության գործելաոճից թևածում է ամենուր, բոլոր լսարաններում, լաբորատորիաներում, գիտահետազոտական ինստիտուտների միջանցքներում, ինտերնետային հարթակում: Եվ  սա  մտածելու տեղիք է տալիս: Միայն վերջին շաբաթվա ընթացքում` բյուջեի քննարկումներից հետո, գիտնականների շրջանում արտագաղթելու վերաբերյալ խոսակցությունները մի քանի անգամ  շատացել են:

Գիտնականները դժգոհ են 2013-ի բյուջեից, պետական այրերն էլ հայտարարում են, որ բյուջեն ավելացել է, իրենց խոստումներն էլ կատարել են: Ինչպե՞ս կբացատրեք սա:

– Պետական այրերի որդեգրած հիմնական մարտավարությունը չխոսելն է, շրջանցելը, իսկ խոսելու  պարագայում` ասել ավելացված 13 տոկոսի մասին: Բայց եկեք հասկանանք, որ այդ 13 տոկոսը օրենքով սահմանված այն նվազագույն շեմն է, որ առանց այն էլ պիտի լիներ: Այդ նվազագույն շեմով բարձրացումներ եղել են բոլոր տարիներին: Ցույց տվեք ինձ մի բան, որ դրանով լավացել է: Այս տարիների ընթացքում գիտնականների բողոքն այն էր, որ նմանատիպ բարձրացումները ֆինանսավորման ավելացում չեն նշանակում, քանի որ ՀՆԱ-ի նկատմամբ տոկոսային առումով նույնիսկ հետընթաց են:

Մենք շատ լավ գիտենք, որ այդ 13 տոկոսը գնում է տարրական բաների: Օրինակ`  նվազագույն աշխատավարձը բարձրացել է 2500 դրամով: Այդ գումարը հազիվ բավարարի թանկացումները ծածկելուն և գնաճի հետ կապված այլ ուղղակի ծախսերին` շինությունների պահպանման, տրանսպորտային և այլն: Այնպես որ, այս 13 տոկոսը չի փակում գնաճը, գիտնականն անգամ ավելի է աղքատացել:

Իսկ լուրջ ավելացումների մասին հայտարարություններն էլ հանգեցնում են այն տրամադրություններին, որ ունենք: Անպատասխանատու հայտարարությունների  պատճառով դժգոհությունների ալիքը կրկնակի բարձրացել է: Կոչ եմ անում պետական այրերին զերծ մնալ անպատասխանատու հայտարարություններից:

ԱԺ ընտրություններից առաջ շատ քաղաքական ուժեր մեծմեծ խոստումներ էին տալիս: Սա այն պահն էր, որ խոսքը գործի վերածեինԱրվե՞ց:

– Քաղաքական ուժերն ինչ-որ առումով չմոռացան իրենց խոստումները և ինչ-որ առումով իրավիճակը շտկելու փորձեր անում են: Վերջին մի քանի օրերին  բազմաթիվ հանդիպումներ են եղել ԱԺ-ում ընդգրկված քաղաքական բոլոր ուժերի ներկայացուցիչների հետ: Պարզ է դառնում, որ բոլոր ուժերը մտահոգություն արտահայտում են, ըմբռնումով են մոտենում ասվածին ու փորձում են այս կամ այն կերպ օժանդակել:  Այդ օժանդակումը, ցավոք սրտի, գործնական չէ, հիմնականում սահմանափակվում է ինչ-որ ելույթներով:

Բայց  բյուջետային քննարկումների ժամանակ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում  բավական թվով առաջարկներ հնչել են: Չնայած դրանք միտված չեն շատ լուրջ որակական փոփոխությունների, բայց դրանց թվում կան այնպիսիք, որոնք նկատելի բարելավում կարող են բերել:

Էական է այն, որ վերջնական քննարկումների արդյունքում այդ հանձնաժողովը կառավարություն ուղարկեց չորս կետից բաղկացած առաջարկ,  օրինակ`  երիտասարդ գիտնականներին  ընդգրկել սոցիալական փաթեթի ծրագրում, լրացուցիչ ֆինանսներ հատկացնել` թեմատիկ ֆինանսավորմամբ տրվող դրամաշնորհների թիվը և  ֆինանսավորումը ավելացնելու համար,  որպեսզի մասնակիցների աշխատավարձը  դառնա գոնե 120 հազար դրամ: Ինչ-որ առումով սա առաջընթաց քայլ է, լրջորեն կարող է մեղմել այդ անարդարության զգացումը, քանի որ այդ զգացումն առավելապես ապրում են շատ աշխատող գիտնականները: Այժմ քայլը կառավարությանն է:

Անտրամաբանական կլինի ասել, որ կառավարությունն ի վիճակի չէ  տրիլիոնանոց բյուջեում հավելյալ 1-2 մլրդ դրամ գտնել գիտության համար: Սա ինչ-որ չափով կդիտվի նաև որպես մասնագիտական անկարողության ցուցանիշ:

Հանդիպումներում 2013-ի բյուջեն ինչպե՞ս է հիմնավորվում:

– Կառավարությունը որևէ կերպ չի հիմնավորում, պարզապես ասում է` ֆինանսները սուղ են, որը խոսում է  անտարբերության մասին գերակա ուղղության նկատմամբ: Նույնիսկ ասում են` ասացեք, որտեղի՞ց կտրենք: Այդ ամենը ասված է, հաշվարկված, ներկայացվել է ԱԺ պատգամավորներին: Հիմա տեսնենք, թե ինչ կասեն:

Իսկ Աժ պատգամավորները` ըստ խմբակցության:  ՀՀԿ-ական պատգամավորների մի մասը կրկնում է կառավարության ասածները: Բայց կային նաև այնպիսիք, որոնք մտահոգված էին և ասացին, որ պատրաստ են հանդես գալ առաջարկություններով: Սկսել են գիտակցել:

Իսկ ի՞նչն է պատճառը, որ կառավարությունը գիտությունը հայտարարել  է գերակա ուղղություն, բայց համապատասխան վերաբերմունք չի ցուցաբերում:

– Գիտեք, ինձ համար էլ է  սա պարադոքս: Ձեր տված հարցը, կարծում եմ, չունի ռացիոնալ պատասխան: Այո, հնարավոր չէ հասկանալ, թե ինչու հայտարարեցին, և դրանից հետո մշտապես խոսքն ու գործը եղան տարբեր, հակասող, անգամ հակադիր մինչև 180 աստիճանով: Սա էլ զարմացնում է գիտնականներին և հանգեցնում անարդարության զգացումին:

ՊԳՖԱն  լրացուցիչ ֆինանսավորման հայթայթման մեխանիզմներ է մշակել: Մի քանի  օրինակ կնշե՞ք:

– Քանի որ բազմիցս արտահայտվել եմ, չկրկնելու համար ասեմ, որ իմ առաջարկները երկու բնույթի են`  ուղղակի և անուղղակի մասհանումներ տարբեր գերատեսչությունների ծախսերից` ուղղված գիտության ոլորտին: Անուղղակիների մեջ, մասնավորապես, առաջարկել  եմ պաշտպանության նախարարության միջոցներից ավելացնել գիտատար հենքով ռազմա-արդյունաբերական մշակումների մասնաբաժինը, որը կլինի  փաստացի ֆինանսավորում գիտությանը, բայց ՊՆ խողովակներով:

Բնապահպանության նախարարությունը կարող է ֆինանսավորել  ակադեմիայի կազմում գտնվող էկոնոոսֆերայի ինստիտուտի էկոլոգիական  խնդիրների հետ կապված համապատասխան աշխատանքները: Այդպիսով կթեթևանա  ԳՊԿ ֆինանսական բեռը, նախարարությունն էլ իր  լուման կունենա  մեր երկրի գերակա խնդրի կատարման հարցում:

Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանն առաջարկում ենք ծրագրեր իրականացնել երիտասարդ գիտնականների համար, որոնք այսօր նախարարության ուշադրությունից դուրս են մնացել:

Նախարարությունը կարող է շոշափելի միջոցներ ուղղել երիտասարդական  գիտական դպրոցների, գիտաժողովների կազմակերպման համար, միջոցներ ուղղել արտասահմանյան գիտաժողովներին երիտասարդ գիտնականների մասնակցելու ծախսերը հոգալու համար, որոշակի պարբերականությամբ սահմանել մրցանակներ երիտասարդ գիտնականների համար: Աջակցել երիտասարդ գիտանականների հանգստի կազմակերպմանը: Կարծում եմ, որ նախարարությունը կարող է  Ծաղկաձորում կամ այլ հանգստյան բազաներում կազմակերպել  երիտասարդ գիտնականների և նրանց ընտանիքների հանգիստը: Սա կլինի մի քայլ, որով նրանք կզգան, որ ուշադրության են արժանանում: Վերջապես,  սպորտի և երիտասարդության նախարարությունը, ըստ իս, պարտավոր է գիտահետազոտական դրամաշնորհների ձևով ֆինանսավորել երիտասարդներից բաղկացած գիտական խմբերի գիտական հետազոտությունները:

Նախագահի` երիտասարդ գիտնականների աջակցության 100 մլն-ի ծրագիրը մշակված ու փորձարկված է, երիտասարդ գիտնականների կողմից էլ հաջողությամբ իրականացվում է:  Այս  ծրագրի ճշգրիտ պատճենումը նախարարության այս տարվա բյուջեում համարում եմ  նվազագույն քայլ, որը պիտի իրականացնի սպորտի և երիտասարդության նախարարությունը:

ՊԳՖԱն մտադի՞ր է հավելյալ մանրամասներ քննարկել  սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության հետ:

– Անպայման: Առաջարկում ենք նախարարությանը հանդիպում կազմակերպել երիտասարդ գիտնականների հետ և հնարավորինս շուտ, քանի դեռ ընթանում են բյուջեի քննարկումները:

Դիտվել է 2457 անգամ:
Print Friendly

Leave a Reply