Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանըընդունել է Ուրուգվայի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի պատվիրակությանը

Պաշտոնական, Օրվա լուր | | November 14, 2012 15:31

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 13-ին ընդունել է Ուրուգվայի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի պատվիրակությանը` կառույցի ղեկավար Խորխե Օրիկոյի գլխավորությամբ:
Հանդիպմանը քննարկվել է երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ:
Բակո Սահակյանը նշել է, որ Արցախն ու Ուրուգվայը բարեկամ երկրներ են, որոնք ունեն բազմաթիվ նմանություններ թե իրենց պատմության, թե պետականաշինության փիլիսոփայության տեսանկյունից, ինչը բարենպաստ նախադրյալներ է ստեղծում երկու պետությունների միջեւ փոխգործակցության զարգացման համար:
Նախագահ Սահակյանը բարձր է գնահատել Ուրուգվայի ներդրումը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման, ինչպես նաեւ նրա հավասարակշռված քաղաքականությունն Արցախի Հանրապետության ճանաչման եւ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում:
Երկուստեք նշվել է երկու երկրների միջեւ կապերի խորացման կարեւորությունը եւ այս ուղղությամբ կոնկրետ քայլերի իրականացման անհրաժեշտությունը:
Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ ԱԺ խոսնակ Աշոտ Ղուլյանը, Ուրուգվայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Վահագն Մելիքյանը, ՀՀ ԱԺ պատգամավորներ, Ուրուգվայի Հայ դատի գրասենյակի ներկայացուցիչներ եւ այլ պաշտոնատար անձինք:

Դիտվել է 1806 անգամ:
Print Friendly

Leave a Reply