Կարապետյան եղբայրները 2 մլն դոլարից ավելի գումար կտրամադրեն Վանաձորի ծննդատան կառուցման համար

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | November 12, 2012 9:33

«Տաշիր» բարեգործական հիմնադրամը, Կարեն և Սամվել Կարապետյանների գլխավորությամբ, կֆինանսավորի Վանաձորում կառուցվելիք գերժամանակակից առողջապահական համալիրի ծննդատան շինարարությունը: Այս մասին տեղեկացրեց ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանի գրասենյակի ղեկավար Արտակ Ճաղարյանը: Վերջինիս խոսքերով, համալիրը, որի շինաշխատանքները նախատեսվում է սկսել առաջիկայում, կառուցվելու է Համաշխարհային բանկի միջոցներով, իսկ շուրջ 2500քմ տարածքով ծննդատունը՝ «Տաշիրի», որի համար Կարապետյան եղբայրները նախնական հաշվարկներով կտրամադրեն 2 մլն ԱՄՆ դոլարից ավելի գումար:
Խոսելով «Տաշիր» բարեգործական հիմնադրամի առաջիկա ծրագրերի մասին՝ Ա. Ճաղարյանը տեղեկացրեց, որ դեկտեմբերի 20-ին Վանաձորում կյանքի կկոչվի ևս երկու ծրագիր. Կարապետյանների ընտանիքի կողմից կպարգևատրվեն Լոռու մարզի մոտ 50 երիտասարդ գիտնականները, ովքեր ապրում, աշխատում և ստեղծագործում են մարզի տարածքում, ինչպես նաև Լոռու մարզի բոլոր դպրոցների և միջին մասնագիտական ուսհաստատությունների շուրջ 300 մանկավարժներ: Ուսուցիչների թեկնածությունները ներկայացվել են դպրոցների մանկավարժական խորհուրդների կողմից:
Վերջին մի քանի տարիներին Սամվել և Կարեն Կարապետյանների հովանավորությամբ պարբերաբար կազմակերպվել է Լոռու մարզի հազարավոր երիտասարդների եռօրյա հավաքն ու հանգիստը Ծաղկաձորում: Համագործակցելով «Լոռու երիտասարդ սերունդ» հասարակական կազմակերպության հետ՝ համանման մի ծրագիր էլ «Տաշիր» հիմնադրամը կիրականացնի դեկտեմբերին՝ ընդգրկելով շուրջ 300 երիտասարդների:
Կարեն Կարապետյանի գրասենյակի ղեկավարը նաև տեղեկացրեց, որ իրենք դիմել են հանրապետության բոլոր պետական բուհերի ղեկավարներին՝ խնդրանքով տրամադրել իրենց բուհերում սովորող՝ Լոռու մարզի միակողմանի և երկկողմանի ծնողազուրկ ուսանողների ցանկը: Այն ամբողջանալուն պես հիմնադրամը կքննարկի այդ ուսանողների հետ կապված ծրագիր իրականացնելու հարցը, ինչի մասին կտեղեկացվի լրացուցիչ:

«Տաշիր» բարեգործական հիմնադրամի մամլո ծառայություն

Դիտվել է 1023 անգամ:
Print Friendly

Leave a Reply