Բարեգործական միջոցառում Մոսկվայում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | November 9, 2012 15:50

Նոյեմբերի 8-ին Մոսկվայի «Grande Palace» հյուրանոցային համալիրի շքասրահում տեղի ունեցավ «Հայաստան» համահայկական հիմնադրամի եւ ՌԴ-ում ՀՀ դեսպանության կողմից կազմակերպված «Մարաթոն 2012»-ի շրջանակներում անցկացվող ամենամյա բարեգործական ճաշկերույթը՝ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի, ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի, Հայ առաքելական եկեղեցու ռուսաստանյան թեմի առաջնորդ Եզրաս Ներսիսյանի, ՌԴ-ում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանի, «Ռուսաստանում հայերի միության» նախագահ Արա Աբրահամյանի, «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանի եւ ռուսաստանաբնակ հայ գործարարների մասնակցությամբ:
Բարեգործական ճաշկերույթին բացման խոսքով հանդես եկավ ՌԴ-ում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանը, ով ընդգծեց բարեգործության եւ միասնության խորհրդի նշանակությունը հայ ժողովրդի պատմական անցյալում՝ նշելով մեր օրերում հասարակության բոլոր շրջանակների միահամուռ եւ հայանպաստ գործունեության կարեւորությունը համահայկական ծրագրերի իրականացման հարցում:
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը ներկաներին ուղղված խոսքում նշեց, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կայացմանն ուղղված յուրաքանչյուր նվիրաբերում ծառայում է իր նպատակին եւ ուղղված է Արցախի ժողովրդի բարեկեցությանը: Բակո Սահակյանն ընդգծեց նաեւ, որ այս տարի հիմնադրամի կողմից կազմակերպված բարեգործական ճաշկերույթները եւ «Մարաթոն 2012»-ն անցկացվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության 20-րդ տարեդարձին նվիրված միջոցառումների շրջանակներում:
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հայ գործարարներին ուղղված խոսքում ընդգծեց Սփյուռքի, Մայր Հայաստանի եւ Արցախի միասնության առաջնահերթությունը` որպես հայոց պետականության զարգացման հիմնարար պայման:
Ելույթներով հանդես եկան նաեւ Հայ առաքելական եկեղեցու ռուսաստանյան թեմի առաջնորդ Եզրաս Ներսիսյանը, «Ռուսաստանում հայերի միության» նախագահ Արա Աբրահամյանը եւ այլոք:
«Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը ներկայացրեց վերջին տարում հիմնադրամին նվիրաբերված միջոցներով իրականացված աշխատանքներն Արցախի տարբեր շրջաններում: Ճաշկերույթի ընթացքում ցուցադրվեց նաեւ հիմնադրամի կողմից պատրաստված տեսաֆիլմը 2011թ.-ին իրականացված աշխատանքների մասին:

Դիտվել է 1126 անգամ:
Print Friendly

Leave a Reply