Քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է ԵՃՇՊՀ-ի 90-ամյակի հոբելյանական միջոցառումներին

Պաշտոնական, Օրվա լուր | | November 9, 2012 15:05

Երևանի քաղաքապետ, Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի խորհրդի նախագահ Տարոն Մարգարյանը ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի և ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հետ միասին մասնակցել է Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի Մանուկ Աբեղյանի անվան հենակետային թիվ 3 ավագ դպրոցի հիմնանորոգված շենքի բացմանը:  Քաղաքապետը բոլոր հյուրերի հետ միասին շրջել է դպրոցում, ծանոթացել կատարված աշխատանքներին և համոզվել, որ հիմնանորոգված դպրոցում այսօր առկա են որակյալ կրթություն ապահովելու անհրաժեշտ բոլոր պայմանները:

Շնորհակալություն հայտնելով քաղաքապետ Տարոն Մարգարյանին արդյունավետ համագործակցության համար, Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանը՝ համալսարանի գիտական խորհրդի որոշմամբ, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին պարգևատրել է «Հայաստան-Արցախ ինժեներական համագործակցություն» ոսկե մեդալով:

Այնուհետ քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի 90-ամյա հոբելյանին նվիրված միջոցառմանը:

Հոբելյանի առթիվ իր շնորհավորական խոսքում քաղաքապետ, Տարոն Մարգարյանը վստահեցրել է, որ քաղաքապետարանը այսուհետ ևս կանի հնարավորը ձեռնարկվող ծրագրերի աջակցման ու կյանքի կոչման ուղղությամբ. «Թե որպես խորհրդի նախագահ, և թե որպես Երևանի քաղաքապետ վստահեցնում եմ, որ քաղաքապետարանը միշտ լինելու է համալսարանի կողքին և այն արդյունավետ համագործակցությունը, որն առկա է այսօր, կլինի շարունակական: Օգտվելով առիթից, նաև շնորհակալություն եմ հայտնում բուհի ռեկտորին այն առողջ մթնոլորտի ձևավորման համար, որն այսօր ակնհայտ է»,-նշել է քաղաքապետը:

90 ամյա հոբելյանի առթիվ բուհի պրոֆեսորադասախոսական կազմի տարբեր տարիների մի շարք աշխատակիցներ արժանացել են  ՀՀ նախագահի, ՀՀ վարչապետի և ՀՀ կրթության և գիտության նախարարի պետական պարգևների:

Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի 90-ամյակի կապակցությամբ ճարտարապետության, շինարարության, գիտության և կրթության կազմակերպման բնագավառներում ունեցած մեծ ավանդի համար նաև Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով են պարգևատրվել դիզայնի և համակարգչային նախագծման ֆակուլտետի դեկան, տեխնիկակական գիտությունների դոկտոր Լևոն Թոքմաջյանն ու գծանկարի, գունանկարի և քանդակի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Ալբերտ Սոխիկյանը:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Դիտվել է 985 անգամ:
Print Friendly

Leave a Reply