Մարտի 8-յան զգացողություններ. կանանց սպասումները մեծ են, ստացածը` փոքր

ԱՆԿԱԽ ԿԻՆ, Շաբաթվա լուր | | March 12, 2010 11:01

Մարտի 8…ի՞նչ տրամադրություն ու զգացումներ  է առաջացնում Կանանց միջազգային տոնը հայ կանանց շրջանում: Արդյո՞ք այն հերթական տոնական մի օր է, որն այս կամ այն կերպ տոնում են ու մոռանում, թե՞ այդ օրը հայ կինն իրեն իսկապես կին է զգում` մեծարված ու սիրված կին:

Փոքրիկ հարցախույզ անցկացնելով տարբեր տարիքի և ընտանեկան դրության կանանց շրջանում` շատ քիչ կանանց հանդիպեցինք, ովքեր խոստովանեցին, որ այդ օրն իրենց լիարժեք ուերջանիկ են զգում:

Անկախ նրանից` կանայք ամուսնացած էին, թե ոչ, երեխաներ ունեին, թե ոչ, մեծ մասի մոտ գերակշռում էր` սպասումները չարդարանալու, բավարարված ու գոհունակ չլինելու կամ պարտադրանքի զգացողությունը:

Օրինակ, շատ կանանց համար (27-37 տարեկան, ամուսնացած), Մարտի 8-ն ավելի շատ հոգս է, քան տոն, քանի որ պարտավոր են նվերներ գնել երեխաների ուսուցչուհիների համար, իսկ իրենք հատուկ ակնկալիքներ չունեն` բացի երեխաների կողմից արված փոքրիկ նվերներից ու ծաղկեփնջերից:

Խե˜ղճ կանայք…փաստորեն, այդ օրը ևս նրանք իրենց ավելի շատ մայր են զգում, քան կին…

Ինչ վերաբերում է տղամարդկանց կողմից որևէ անակնկալի սպասմանը, ապա այդ տարիքի կանանց մեծ մասի խոսքով, Մարտի 8-ին իրենք են հանդես գալիս տոնական տրամադրություն ստեղծելու նախաձեռնությամբ:

«Ամուսիններն այդ օրը հիմնականում սահմանափակվում են ծաղկեփնջով կամ ,լավագույն դեպքում` կնոջը կենցաղային որևէ անհրաժեշտ իր նվիրելով,-ասում է արդեն տասնհինգ տարվա ամուսնական կյանք ունեցող Ամալյան,-մինչդեռ կարող են որևէ հետաքրքիր բան մտածել, որն իսկապես անակնկալ կլինի կնոջ համար»:

Շատ կանայք էլ խոստովանում են, որ այդ օրն անցկացնում են երեխաների հետ, քանի որ ամուսինները զբաղված են լինում: Իսկ ամենահետաքրքիր տարբերակներից մեկն էլ այն է, որ որոշ կանայք (40-60 տարեկան) այդ օրը տոնում են հարևան կանանց հետ.

«Դե, այդ օրը հարևաններով հավաքվում ենք որևէ մեկի տանը, ամեն մեկս մի բան է պատրաստում, սեղան ենք գցում,  իրար շնորհավորում ենք,- ասում է 50-ամյա Անուշը,- պատահում է, որ տղամարդիկ վերջում միանում են մեզ»,-ծիծաղելով ավելացնում է նա:

Ոչ, սա ամենազարմանալին չէ… պարզվում է` կան նաև կանայք, ովքեր կարծում են, որ Մարտի ութը «իսկական բեռ է խեղճ տղամարդկանց համար…»: Դե, եթե կանայք այդպես են մտածում, պատկերացրեք` որքան են «օգտվում» դրանից տղամարդիկ:

18-28 տարեկան չամուսնացած աղջիկների շրջանում անցկացրած նույն հարցախույզից պարզվում է, որ այդ տարիքային խմբի համար Մարտի 8-ն անցնում է «որևէ կարևոր բանի սպասումով, որը հաճախ չի արդարանում»: Շատերի մոտ էլ այն ասոցացվում է պարտադրանքի հետ` նվերներ մորը, տատիկին, ընկերուհիներին, վերադասին, դասախոսներին:

«Կարծում եմ` ճիշտ չէ, երբ երիտասարդ աղջիկները Մարտի 8-ին իրար նվերներ են տալիս,- կարծում է  23-ամյա Նունեն,- ընդունելի է, երբ նվեր ես տալիս մորդ կամ վերադասիդ, բայց ընկերուհիներին կարելի է պարզապես շնորհավորել»:

Մինչդեռ շատ աղջիկներ խոստովանում են, որ չեն բավարարվում` ընկերուհիներին սոսկ խորհրդանշական նվերներ կամ փոքրիկ ծաղկեփնջեր գնելով, այլ տասնյակ հազարավոր դրամներ են ծախսում նվերների վրա:

Եղան նաև կանայք, ովքեր կարծիք հայտնեցին, թե Կանանց միջազգային տոնը սխալ տոն է, քանի որ կանանց պետք է մեծարել ու հարգել ողջ տարվա ընթացքում:

Իսկ 22-ամյա Նաիրան այսպես արտահայտվեց. «Այդ օրն արտասովոր ձևով գոռոզանում եմ, կարծես հերոս լինեմ: Ինձ համար կարևոր չէ` տղամարդիկ ինձ ծաղիկներ նվիրում են, թե ոչ: Ես ինքս եմ այդ օրն ինձ համար տոն դարձնում: Կնոջ ինքնագնահատականը պետք է միշտ բարձր լինի, և կինն ամեն օր իրեն պետք է հերոս զգա»:

Դիտվել է 4887 անգամ:
Print Friendly

Leave a Reply