Ծանորդների խնդիրը մեդալների պակասը լրացնելն է

Շաբաթվա լուր, ՍՊՈՐՏ | | November 11, 2012 7:00

Ծանրամարտը Հայաստանում առաջատար մարզաձև է: Այս օրերին էլ մեր երկրի հավաքականը 8 մարզիկով մասնակցում է Իսրայելում կազմակերպված աշխարհի ուսանողական առաջնությանը, և սպասելիքները մեծ են: Ցավոք, 2012-ին Լոնդոնում կայացած օլիմպիական խաղերում երկաթախաղի մեր երկրի ներկայացուցիչներն այն արդյունքները ցույց չտվեցին, որոնք ակնկալվում էին: Միայն Հռիփսիմե  Խուրշուդյանը դարձավ բրոնզե մեդալակիր: Հայտնի է, որ դրան հետևել էր Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Սամվել Խաչատրյանի հրաժարականը: Իսկ թե ինչ է կատարվել հետո, պարզաբանեցՀայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Փաշիկ Ալավերդյանը:

– Ֆեդերացիայի նոր նախագահ է ընտրվել Արմեն Շահազիզյանը: Այլ փոփոխություններ չեն կատարվել, նաև` մարզիչների, մարզչական խորհրդի անդամների շարքերում: Նորությունն այն է, որ 13 մասնագետներից կազմված խումբ է ստեղծվել, որը զբաղվելու է աշխատանքը համատեղ ուժերով կատարելու հարցերով:

 Արմեն Շահազիզյանի մասին քիչ բան է հայտնի: Ո՞վ է նա:

– Ինչքան Ձեզ, այնքան էլ մեզ է հայտնի նորընտիր նախագահի մասին: Միայն գիտեմ, որ նա  բիզնեսով է զբաղվում: Կարևորն այն է, որ Շահազիզյանը պատասխանատվությամբ է ստանձնել նոր պարտականությունը: Ֆեդերացիան արդեն թոշակներ է նշանակել ծանրորդներին: Իսկ երբ աշխատանքը գնահատվում է, վերաբերմունք կա, նաև շահագրգռությունն է մեծանում, և կարելի է սպասել արդյունքների:

 Խոսակցություններ կան, որ տևական ժամանակ տեսադաշտից դուրս հայտնված մի շարք տիտղոսակիր մարզիկներ, այդ թվում նաև Եվրոպայի կրկնակի չեմպիոն, աշխարհի փոխչեմպիոն, օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Գևորգ Դավթյանը, ցանկություն ունեն վերադառնալու մրցահարթակ և փորձելու իրենց կարողությունները:

– Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն հոգացել է,  արել բոլոր ծախսերը, որպեսզի  Դավթյանը Մոսկվայում վիրահատվի: Ամեն ինչ հաջող է  անցել, Գևորգն այժմ ապաքինվում է: Նա 29 տարեկան է և կարող է պայքարել հաջորդ օլիմպիական խաղերի ժամանակ: Բարեբախտաբար, ծանրամարտում տարիքային այնպիսի սահմանափակում չկա, ինչպիսին բռնցքամարտում է, և 34 տարեկան մարզիկն էլ կարող է օլիմպիական խաղերի մասնակից դառնալ: Այդուհանդերձ,  ծանրամարտում մինչև 15 տարեկան մարզիկներին արգելվում է օլիմպիական խաղերի մասնակցել, թեև նրանց թույլատրվում է հանդես գալ Եվրոպայի, աշխարհի առաջնություններում: Ուստի մնում է, որ  մինչև 2016-ի օլիմպիական խաղերը Դավթյանը վերագտնի իր լավագույն մարզավիճակը: Ինչ վերաբերում է մյուսներին, ապա լավ արդյունքներ ցույց տվող մարզիկների առջև Հայաստանի գլխավոր թիմի դռները միշտ էլ բաց են:

 Ֆեդերացիայի նախագահի փոփոխությունից հետո մեր ծանրորդները միջազգային խոշորամասշտաբ ինչպիսի՞ մրցումների են մասնակցել, արդյունքները գոհացնո՞ղ են:

– Հայաստանի ներկայացուցիչները հանդես են եկել աշխարհի, Եվրոպայի պատանեկան առաջնություններում: Ֆեդերացիայի նախագահը մեկնարկներից առաջ հավաքել է մարզիկներին, ողջունել, հնարավոր աջակցություն ցույց տվել տարբեր խնդիրների կարգավորման համար: Բայց դեռ վաղ է նրա կատարածի մասին խոսելը, քանի որ հեռանկարային ծրագրեր են կազմվում, և դրանք ընթացքում են: Սեպտեմբերին Ռումինիայում կայացել է Եվրոպայի պատանեկան առաջնությունը, հետո էլ Սլովակիայում մերոնք հանդես են եկել աշխարհի պատանեկան առաջնությունում: Անդրանիկ Կարապետյանն աշխարհի ռեկորդ է սահմանել: Ունեցել ենք նաև եվրոպական ռեկորդներ: Մերոնք չեմպիոններ, մրցանակակիրներ են դարձել: Հաջողություններ կան, սակայն դրանք չպետք վերագրել այն բանին, որ կազմակերպության նոր նախագահ է նշանակվել, թեև Շահազիզյանն ընդունել է հաջողակներին, շնորհավորել նրանց և մարզիչներին: Ընդհանրապես նա Հայաստանում քիչ է լինում, հիմնականում` Մոսկվայում, սակայն ամեն այցի ժամանակ հավաքվում ենք, քննարկում կատարելիք աշխատանքը, ցավոտ խնդիրները, փորձում ելք գտնել: Ուրախ ենք, որ Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի արդեն նախկին նախագահ Սամվել Խաչատրյանից հետո կա կազմակերպության այնպիսի ղեկավար, որը պակաս սրտացավություն և  մտահոգություն չի դրսևորում: Եվ բոլորս աշխատում ենք աջակցել նրան, անում հնարավորը, որ կրկին մեր ծանրորդները շռնդալից հաջողություններ ունենան:

 Այնուամենայնիվ, այս մրցաշրջանը մեր երկրի ծանրորդների համար մեդալների առումով այնքան էլ բերքառատ չէ

– Առայժմ Հայաստանի տարբեր տարիքային խմբերի ծանրորդները Եվրոպայի, աշխարհի առաջնություններում, օլիմպիական խաղերում ընդհանուր հաշվով  25 մեդալի են տիրացել` 10 ոսկե, 7 արծաթե, 8 բրոնզե: Սակայն դեռևս մրցաշրջանը շարունակվում է: Սպասումներ կան, որ մեր մարզիկները նոր պարգևներ կնվաճեն ընթացիկ` աշխարհի ուսանողական առաջնությունում: Նախկինում ունեցել ենք չեմպիոններ և մրցանակակիրներ: Այս անգամ էլ մասնակիցների թվում են արդեն այդ ստուգատեսի ոսկե մեդալների տիրացած Աղասի Աղայանը, Հայկ Հակոբյանը, այլ մրցանակակիրներ: Ստուգատեսն ավարտվելու է նոյեմբերի 10-ին: Նոյեմբերի 29-ից մինչև դեկտեմբերի 9-ը աշխարհի ուսանողական առաջնության մրցավայրում` Իսրայելի Էյլաթ քաղաքի մարզապալատում, անցկացվելու է մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունը: Դարձյալ ակնկալիքները մեծ են: Այնպես որ հույս ունենք` մեր ծանրորդները  զգալիորեն կավելացնեն իրենց մեդալների թիվը: Ոչ մի մարզիկի մրցավայր չենք ուղարկում, որն ի վիճակի չէ մեդալների տիրանալու: Սակայն սպորտում, նաև ծանրամարտում ամեն ինչ հնարավոր է. հաջողություններից բացի, մրցության բովում լինում են նաև սայթաքումներ: Սպորտն անկանխատեսելի է և դրանով էլ գրավիչ: Փաստն այն է, որ մեր ծանրորդները լավ են նախապատրաստվում  ցանկացած մրցման և ներուժ ունեն: Իսկ թե ինչ կստացվի պայքարի ընթացքում, դժվար է գուշակել: Մի բան կարող եմ վստահորեն ասել, որ մերոնք չեն կարող շատ վատ հանդես գալ:

 Օրերս` Իսրայել մենելուց առաջ, խնդիրներ էին առաջացել, մեր պատվիրակներին այդ երկրում հանդես գալու թույլտվությունն անմիջապես չի տրվել: Ի՞նչն էր պատճառը:

– Բանն այն է, որ կազմակերպիչները Հայաստանի ներկայացուցիչներին չէին ցանկանում տրամադրել այդ երկիր մուտք գործելու արտոնագիր այն պատճառով, որ չէին կարողացել ճշտել` մեր երկիրն անդամակցո՞ւմ է Ուսանողական մարզական միջազգային ֆեդերացիային, թե՞ ոչ: Դա զարմանալի էր, քանի որ Հայաստանի ներկայացուցիչները ոչ միայն այդ կազմակերպության անդամ են, այլև նախկինում քանիցս մասնակցել են ուսանողական մարզական միջազգային խաղերի, նաև մեդալներ են նվաճել:

Ինչքան հայտնի է, մեր երկրի հավաքականը համալրելուց առաջ դժվարություններ են ծագել նաև  Հայաստանում:

– Խնդիրներ առաջացան գերծանրքաշային  Հայկ Հակոբյանի հարցում: Նա զինծառայող է, և պետք է լիներ հանրապետության պաշտպանության նախարության թույլտվությունը: Բայց մի սպայի քմահաճույքով ամեն ինչ կես ամսից ավելի ձգձգվեց: Հակոբյանն այդ ընթացքում չմարզվեց, նաև 10 կգ քաշ պակասեցրեց: Դա կարող է խանգարել նրան մրցումների ժամանակ: Մնում է ցանկանալ, որ նման բաներ այլևս չկրկնվեն:

 Դուք նախկինում երկար ժամանակ գլխավորել եք  Երևանի Մանթաշյան 9 ա հասցեում գտնվող ծանրամարտի դպրոցը: Այժմ այն նոր տնօրեն ունի` օլիմպիական խաղերի չեմպիոն  Օգսեն Միրզոյանը: Վերանորոգումից հետո ե՞րբ է մարզօջախը լիարյուն կյանքով գործելու:

– Ծանրամարտի այդ կենտրոնն արդեն գործում է, մարզիկները լավ պայմաններում պարապմունքներ են անցկացնում: Դա շատ բանով կնպաստի հայկական ծանրամարտի զարգացմանը: Այդ տարածքում կրկին կզարգանա ծանրամարտը, երեխաները կանոնավոր մարզումներ կանցկացնեն: Բացի այդ, ծանրամարտի դպրոցը հիանալի մարզասրահ ունի` միջազգային չափանիշներին համապատասխանող, և այն կհյուրընկալի Հայաստանի տարբեր տարիքային խմբերի առաջնությունների մասնակիցներին: Այնպես որ Եռանկյունի թաղամասում ծանրամարտի եռուզեռը կշատանա, կլինի այնպես, ինչպես նախկին լավ տարիներին:

Դիտվել է 1499 անգամ:
Print Friendly

Leave a Reply