ՌԱՀՀԿ-ը դիտարկեց Լեռնային Ղարաբաղի խնդրի միջազգային համատեքստը

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | November 7, 2012 16:56

Լեռնային Ղարաբաղի շուրջ բախումնային իրավիճակի միջազգային նշանակության եւ կարեւորության թեմայի արծարծմանն էր նվիրված այսօր Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնում (ՌԱՀՀԿ) անցկացված մեկօրյա սեմինարը, որին հիմնականում մասնակցում էին խնդրին փորձագիտական մակարդակով տիրապետող վերլուծաբաններ ու թեմայի խորացված ուսումնասիրությամբ հետաքրքրվող երիտասարդ քաղաքագետներ:

Սեմինար-քննարկումը բացեց ՌԱՀՀԿ գիտական տնօրեն, քաղաքագետ Մանվել Սարգսյանը եւ, ողջունելով նրա մասնակիցներին, ասաց. «Այս քննարկումների ընթացքում կփորձենք մոդելավորել բախումնային իրավիճակի շուրջ ստեղծված միջազգային իրավաքաղաքական մեխանիզմներն ու չափանիշները` հստակեցնելու համար մի շարք թեզերի, մասնավորապես ԼՂՀ ճանաչման-չճանաչման վերաբերյալ քաղաքական ուժերի եւ հասարակության շրջանում տարածված գնահատականներն ու դիրքորոշումները»:

ԼՂ խնդրի միջազգային համատեքստի շուրջ իրենց դիտարկումները ներկայացնելիս փորձագետներ Մարթա Այվազյանը, Լեւոն Գեւորգյանը, Արթուր Ղազինյանը, Անդրիաս Ղուկասյանը եւ Դավիթ Շահնազարյանը անվտանգության հեռանկարների տեսանկյունից գնահատեցին ԼՂ շուրջ բախումնային կացության իրավաքաղաքական իրողությունները եւ ստեղծված իրավիճակի վրա ներազդելու հնարավորությունները` դիտարկելով ինչպես խնդրի միջազգային-իրավական, քաղաքական մոդելներն ու դրանց չափանիշները, այնպես էլ նրա նկատմամբ իրավական ներգործության մեթոդները:

ԼՂ խնդրի միջազգային-իրավական մոդելը, փորձագետների կարծիքով, ներառում է միջազգայնորեն ճանաչված խնդրի էությունը, լուծման առաջարկված տարբերակը եւ այն իրավական ակտերը, որոնք ձեւավորել են ԼՂ խնդրի շուրջ միջազգային դիրքորոշումը: Իսկ որպես քաղաքական մոդելի չափանիշներ` մատնանշվեցին հակամարտության մի շարք ասպեկտների շուրջ միջազգայնորեն ճանաչված անհամաձայնության փաստը, ԼՂ խնդրի քաղաքական կարգավորման միջազգային գործընթացի առկայությունը` հիմնված Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքների վրա, ԼՂ խնդիրը խաղաղ ճանապարհով լուծելու` Ադրբեջանի պարտավորությունը եւ վերջինիս կողմից ուժի կիրառումը միջազգայնորեն խոչընդոտելու իրողությունը:

Նույն չափանիշների լույսի ներքո ամփոփվեցին նաեւ ԼՂ հայերի ինքնորոշման միջազգայնորեն չճանաչված իրավունքը, ԼՂ նկատմամբ Ադրբեջանի գերիշխանության ու ԼՂ հայերի իրավունքների փաստացի ճանաչումը, ինչպեսեւ ԼՂ շուրջ բախումնային իրավիճակի վերաբերյալ տարածաշրջանային տերությունների դիրքորոշումների փաստացի հակասությունը:

ԼՂ խնդրի վրա իրավական ներգործության մեթոդների առումով փորձագետներն ընդգծեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում բանակցային գործընթացի լճացումն ու անվտանգության խնդիրները, ինչպես նաեւ նույն խնդիրների ծագման հնարավորությունը ԼՂՀ անկախության ճանաչման պարագայում: Բանախոսները որոշակի ռեսուրս եւ, միեւնույն ժամանակ, ռիսկեր են տեսնում թե´ Հայաստանի կողմից ԼՂՀ անկախության ճանաչման եւ թե´ խնդրի միջազգային-իրավական մոդելի փոփոխության համատեքստում:

Դիտվել է 1692 անգամ:
Print Friendly

Leave a Reply