Արարատյան դաշտավայրը սնուցող ջրային պաշարները վտանգված են

Հարցազրույց | | November 7, 2012 15:55

Նոյեմբերի 3-ին Հանրային խորհուրդը  ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին ներկայացրեց առաջարկությունների փաթեթ Արարատյան արտեզյան ավազանի ջրային պաշարների օգտագործման և ձկնաբուծական տնտեսություններում ջրի կիսափակ  համակարգերի անցման մասին: Թեմայի մասին «Անկախը» հարցազրույց է ունեցել ՀԽ  գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի հանձնաժողովի նախագահ Յուրի Ջավադյանի հետ:

Պարոն Ջավադյան, ի՞նչն առիթ դարձավ, որ Արարատյան արտեզյան ավազանի ջրային պաշարների օգտագործման և ձկնաբուծական տնտեսություններում ջրի կիսափակ համակարգերի անցման հարցը քննարկվի Հանրային խորհրդում:

– Արարատյան արտեզյան ավազանը  ջուր է մատակարարում և՛ ոռոգման,  և՛ խմելու նպատակով, ինչպես նաև  ձկնային տնտեսություններին ու արտադրական նպատակներով, այսինքն` բոլոր նպատակներով: Արտեզյան ավազանի երկարությունը 120 կմ է,  լայնությունը` 10-30 կմ, սնվում է Մասիս, Հայկական պար, Արագած և  Գեղամա լեռներից:

Արարատյան արտեզյան ավազանի ջրային պաշարների ուսումնասիրությամբ հաստատվել  է, որ պաշարների վերականգնման չափը տարեկան  1 մլրդ 226 մլն խմ է: Սա այն պաշարն է, որից ավելի ջուր վերցնելու իրավունք չունենք: Եթե վերցնենք, սկսվելու  է պաշարների սպառում: Հենց այդ երևույթն էլ սկսվել է:

Քանի որ ջրառի թույլտվությունները 1990-ից հետո ավելի շատ են, քան ջրային պաշարները, բավական ծանր վիճակ է ստեղծվել: Եվ մինչև հիմա ինչքան ցանկացել ենք, որ պաշարների  նոր ուսումնասիրություն լինի, թեկուզ` հաշվարկային կարգով, չի եղել, սակայն   ջրառի թույլտվությունները շարունակվում են: Միայն ձկնային տնտեսություններն  օգտագործում են տարեկան ջրառի թույլատրելի  պաշարների չափ ջուր, այսինքն` ոռոգման, խմելու, արտադրական և այլ նպատակների համար հավելյալ ջրային պաշարներն են օգտագործվում, ինչի պատճառով պաշարները նվազում են:

Ջրառը թույլ տվող կազմակերպություններն այդ բոլորը պետք է գոնե հետագայում  հաշվի առնեն, որպեսզի դադարեցնենք պաշարների  սպառումը և ստորերկրյա ջրավազանին կամաց-կամաց վերականգնվելու հնարավորություն տանք:

Ջրային պաշարների վերաբերյալ արդյոք նոր ուսումնասիրություններ կա՞ն: Ինչպիսի՞ն է պաշարների օգտագործման ներկա վիճակը:

– Ուսումնասիրություններ 1984-ից հետո չեն կատարվել: Մի 2-3 տարի առաջ առաջարկել ենք նման ուսումնասիրություն կատարել, սակայն նախարարությանն այդքան գումար չի հատկացվել: Ուսումնասիրության արժեքը գնահատվել է  250 մլն դրամ:

2008-ին բնապահպանության նախարարությունը, ըստ  «Ջրի ազգային ծրագրի մասին»  օրենքի պահանջների, կատարել է գույքագրում: 2010-ին, զգալով պաշարների նվազումը ,փոխվարչապետ պարոն Գևորգյանի կողմից կազմվել է հանձնաժողով, որին մասնակցել են բնապահպանության և գյուղատնտեսության նախարարությունների ներկայացուցիչները, ջրպետկոմի ներկայացուցիչը և Արարատի ու Արմավիրի  մարզպետարանների ներկայացուցիչներ: Ուսումնասիրության արդյունքներով պարզվել  է, որ երկու մարզերի համայնքները փականային  ռեժիմ չունեն, և ջուրն անխնա հոսում է: Տարեկան 200 մլն խմ ջուր առանց օգտագործվելու լցվում է Արաքս գետը:  1 մլրդ  200 մլն  խմ ջուր էլ ձկնային  տնտեսություններն են ծախսում: Ընդհանուր, բոլոր ոլորտները հաշվարկած,  տարեկան ՀՀ-ից  1 մլրդ 770 մլն ջուր ենք թափում Արաքս գետը և սահմաններից դուրս ուղարկում:

Թույլատրելիից ավելի ջրի օգտագործումը տեսանելի խնդիրների հանգեցրե՞լ է:

– Այո: Ջրպետկոմն ուսումնասիրել է Մեծամոր գետի ավազանի վիճակը: Ավազանը ժամանակին սնվում էր ստորերկրյա աղբյուրներից և 303 շատրվանող  հորերից: Դրանցից 122-ն  իսպառ չորացել են: 1990-ին գետի ավազանում ունեցել ենք 18 խմ/վրկ ջուր: Ստուգման ժամանակ պարզվել է, որ հասել է 604 լիտր/վրկ-ի: Այսինքն` առնվազն  10 անգամ  պակասել է: Այժմ և՛  Ակնա լճում, և՛ Մեծամոր գետի վերին հոսանքներում ջուր չունենք, դրա հետևանքով 6000 հա հողեր զրկվել են ջրի աղբյուրից:

Ստիպված ենք արդեն հաջորդ տարվանից (այս տարի էլ ենք բաց թողել, բայց հաջորդ տարվանից ավելի շատ) մոտ 70 մլն խմ լրացուցիչ ջուր բաց թողնել Սևանա լճից: Ստացվում  է, որ Սևանից պիտի հավելյալ ջուր բերենք, բայց տեղի պաշարներն էլ` 1,770 մլրդ խմ,    առանց նպատակին ծառայեցնելու, լցնենք Արաքսը: Սա է մեր անհանգստության պատճառը:

Կան նաև ձկնաբուծարաններ, որոնց հատակները ջրամեկուսացված չեն, ջուրը ներծծվում  է ու գնում դեպի բանավաններ և վարելահողեր: Վտանգավոր իրավիճակ է ստեղծվել և՛ բնակելի տների կայունության առումով,  և՛  հողային ֆոնդի համար: Ներկայումս 21 հազար հա հողատարածք բարձր խոնավության վիճակում է  և կրկնակի աղակալման վտանգի առջև:

Խնդրին ի՞նչ լուծում է առաջարկում ՀԽն:

– Առաջարկում ենք համայնքային բոլոր շատրվանող հորերը բերել  փականային  ռեժիմի:  Խորքային  հորերն ունեն փականային  ռեժիմ, քանի որ  ջուրը պոմպի միջոցով է հանվում, էլեկտրականություն է ծախսվում, և այդ պատճառով շռայլումներ չեն կարող լինել: Մենք առաջարկում ենք նաև, որ ձկնային տնտեսությունները երկու փուլով անցնեն նոր համակարգի: Առաջին փուլով նախատեսվում է անցնել  կիսափակ համակարգի, որով ջրի 70 տոկոսը պիտի պտտվի, 30 տոկոսը` շարունակի հոսել:

Երկրորդ փուլով արդեն պետք է անցում կատարվի փակ համակարգերի, որի դեպքում  կօգտագործենք  միայն 3,5-5 տոկոս  ջուր`  գոլորշիացման և ֆիլտրացիոն կորուստները լրացնելու համար: Փակ համակարգը շատ ավելի խնայող է, բայց  ավելի շատ միջոցներ է պահանջում: Ուստի չենք ցանկանում տնտեսություններին միանգամից ծանրաբեռնել: Եթե գոնե կիսափակ համակարգի անցնենք  և 70 տոկոսը խնայենք, նաև հորերի փականային ռեժիմ կիրառենք, տարեկան 990 մլն խմ ջուր կխնայենք: Դա արդեն իսկ մեծ օգնություն կլինի ավազանի պաշարների վերականգնման համար:

Ձկնաբուծական տնտեսությունների համար անցումը նոր համակարգին տանելի՞ ֆինանսական բեռ է:

– Մեր կարծիքով սա թույլատրելի ֆինանսական բեռ է տնտեսվարողների համար: Տնտեսվարողներին բաժանել ենք 3  խմբի. ջուր քիչ օգտագործողներ` մինչև 50 լ/վրկ, միջին օգտագործողներ` մինչև 150 լ/վրկ և շատ օգտագործողներ` ավելի քան 150 լ/վրկ:

Խոշոր տնտեսությունները 30-ն են, միջինները` 145:  93 փոքր տնտեսություններին առաջին փուլում չենք նախատեսում  ընդգրկել:

Առաջին փուլով նախատեսվում է, որ միջին և խոշոր տնտեսությունները մեկ տարվա ընթացքում պետք է անցում կատարեն կիսափակ համակարգին: Միջին տնտեսությունների համար դա կարժենա 17 մլն դրամ, խոշոր տնտեսությունների` 68 մլն դրամ: Կիսափակ համակարգին անցնելու  պարագայում տարեկան 25 տոննա միջինների դեպքում և 100 տոննա խոշորների դեպքում արտադրության պայմաններում ձկան մեկ կիլոգրամի ինքնարժեքը կբարձրանա 115 դրամով:

Բացի այդ, մի շարք եվրոպական երկրներ, եթե իրենց սարքավորումներն են գնում, վարկ են տալիս: Օրինակ` Դանիան նման պարագայում հատկացնում է 5 տոկոսով վարկ` 7 տարի ժամկետով: Մենք էլ առաջարկում ենք, որ տնտեսություններն այդ վարկերից օգտվեն:

Առաջարկել ենք  նաև ավտոմատ հեռակառավարման համակարգ ստեղծել: Հեռակառավարման շնորհիվ համապատասխան պաշտոնյան ցանկացած պահի կկարողանա  ստուգել իր աշխատասենյակից, թե որ հորը երբ ինչքան ջուր է տվել, և արդյոք դա թույլատրելիի՞ սահմաններում է:

Հարցը մանրակրկիտ քննարկվել է Հանրային խորհրդում, առաջարկությունները ներկայացրել ենք նախագահին, որպեսզի կառավարության հետ միասին այդ հարցերը նորից քննարկենք և լուծենք:

Իսկ այս առումով ինչպիսի՞ն է միջազգային փորձը:

– Մենք ուսումնասիրել ենք միջազգային փորձը, բելգիացիների օրինակով ու տվյալներով ենք հաշվարկները կատարել: Ընդհանրապես որևէ տեղ խմելու ջրի նկատմամբ նման  բարբարոս վերաբերմունք չունեն: Ամեն տեղ փակ համակարգ են կիրառում:

Ստեղծված իրավիճակն ի՞նչ վտանգներ է պարունակում:

– Վտանգն առաջին հերթին այն է, որ խախտվում է դաշտավայրի էկոլոգիական հավասարակշռությունը, երկրորդ` իջնում է գյուղացիական նշանակության հողերի բերքատվությունը, երրորդ` սոցիալական լարվածություն է առաջանում, չորրորդ` վտանգված է ատոմակայանի նորմալ շահագործումը, քանի որ Մեծամորի ջրային պաշարներից է օգտվում:

Եվ  ամենակարևորը, որ մենք ունենք 6 մլրդ 300 մլն մակերեսային ջրեր, որից օգտագործում ենք միայն 2,5 մլրդ-ը, մնացածը սահմաններից դուրս է գնում: Այսինքն` այդ 3,7 մլրդ-ին, որի համար ջրամբարներ պիտի կառուցենք ու մի մասը պահենք, դեռ մի բան էլ ավելացնում ենք հոսքեր` ստորգետնյա պաշարներից  1 մլրդ 700 մլն: Դա մեր կողմից ամենամեծ սխալ քայլն է:

Ի՞նչ ժամանակահատվածում է ցանկալի, որ ՀԽ առաջարկությունները կյանքի կոչվեն:

– Մենք առաջարկել ենք մեկ տարում անցնել խնայող ռեժիմի: Ուշացնել այլևս չենք կարող: Այլապես հետևանքներն անկանխատեսելի են: Այլևս վերականգնելու հնարավորություն չենք ունենա: Ստորգետնյա ավազանը, որը ոռոգման և  խմելու ջուր է ապահովում Արմավիրի, Էջմիածնի, Մասիսի, Արտաշատի, Արարատի, Վեդու տարածաշրջանների համայնքներին, վտանգում ենք:

Դիտվել է 3969 անգամ:
Print Friendly

Leave a Reply