Բ-3 թաղամասի թիմը դարձել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի միջբակային ֆուտբոլի առաջնության հաղթող

Պաշտոնական, Օրվա լուր | | November 6, 2012 16:52

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի միջբակային ֆուտբոլի ամենամյա առաջնության եզրափակիչ խաղին:

Խաղի հիմնական ժամանակում հաղթողի կոչումը վիճարկող Բ-3 և Ծերենց թիմերի անզիջում պայքարն ավարտվել է առանց գոլերի: Հաղթողը որոշվել է հետխաղյա 11-մետրանոց տուգանային հարվածներով, որում ավելի դիպուկ են եղել Բ-3 թաղամասի ֆուտբոլիստները:

Առաջնության հովանավորներ, ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ Սամվել Ալեքսանյանը և Կորյուն Նահապետյանը պարգևատրել են համապատասխանաբար 2-րդ և 3-րդ հորիզոնականները զբաղեցրած թիմերի ֆուտբոլիստներին, իսկ 4-րդ հորիզոնականը զբաղեցրած թիմին խրախուսական պարգևներ է հանձնել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Դավիթ Օհանյանը:

Մինչ հաղթող թիմի պարգևատրումը, քաղաքապետ Տարոն Մարգարյանը նախ շնորհավորել է առաջնության բոլոր մասնակիցներին և ընգծել, որ բակային ֆուտբոլի խրախուսումը հենց այն մեկնակետն է, որտեղից էլ պետք է զարգանա հայկական ֆուտբոլը:

«Կարծում եմ դուք արդեն համոզվել եք, որ մեզ համար սպորտի զարգացումը առաջնային նպատակներից մեկն է և ըստ այդմ բակերի բարեկարգման ծրագրերի շրջանակում հնարավոր վայրերում մենք կահավորում ու բնակիչների տնօրինմանն ենք հանձնում նաև ֆուտբոլի մինի դաշտեր: Համոզված եղեք, որ այս մոտեցումը լինելու է շարունակական և ես վստահ եմ, որ դրա արդյունքում տարիներ անց մենք կունենանք միջազգային ասպարեզներում առավել արժանապատիվ խաղ ցուցադրող հրաշալի հավաքական» – նշել է քաղաքապետը:

Այնուհետ քաղաքապետ Տարոն Մարգարյանը վարչական շրջանի միջբակային ֆուտբոլի ամենամյա առաջնության հաղթող թիմի անդամներին պարգևատրել է ոսկե մեդալներով ու նրանց է փոխանցել առաջնության գավաթը:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և

հասարակայնության հետ կապերի վարչություն

Դիտվել է 1478 անգամ:
Print Friendly

Leave a Reply