ԲՀԿ-ական Գուրգեն Արսենյանը երկու ինքնաթիռ ունի,ՀՅԴ-ական Աղվան Վարդանյանը`գեղարվեստական նկարներ,ՀՀԿ-ական Սեդրակ Սարոյանը `ամենաշատ եկամուտ և այլն

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | November 2, 2012 16:11

Թեկնածուի գույքի և եկամուտների մասին հայտարարագիրը պատգամավորության թեկնածուները ներկայացրել են Կենտրոնական ընտրական հանձնաժողով` մայիսի 6-ի խորհրդարանական ընտրություններից առաջ, որպես թեկնածու գրանցվելու համար: Հայտարարագիրը ունի 6 բաժին, և որպեսզի թեկնածուները կարողանան ճշգրտորեն լրացնել դրանք, ԿԸՀ-ն հայտարարագրին կից մշակել է նաև հատուկ ուղեցույց: Այն մանրամասնորեն բացատրում է, թե ինչպես պետք է լրացվի հայտարարագրի բաժիններից յուրաքանչյուրը:

Առաջին` «Անշարժ գույք» բաժնում, թեկնածուն պետք է լրացներ «հողամաս, ընդերքի մաս, մեկուսի ջրային օբյեկտ, անտառ, շենք եւ շինություն, հողին ամրակայված այլ անշարժ գույք»` նշելով դրանց նկատմամբ իր իրավունքի ձևը (միանձնյա կամ ընդհանուր սեփականություն, անհատույց օգտագործում կամ վարձակալություն), մեծությունը և գտնվելու հասցեն: Դատելով հայտարարագրերից` 5-րդ գումարման ԱԺ պատգամավորներից որևէ մեկը ընդերքի մաս կամ մեկուսի ջրային տարածք չունի: Նրանք հայտարարագրել են բնակարան, առանձնատուն, ավտոտնակ, ջերմոց, հանգստյան տուն, հողամաս, արոտավայր, արտադրատարածք, նույնիսկ մետաղյա տաղավար, պարիսպ ու նկուղ: 2 տասնյակից անցնում է թիվը այն պատգամավորների, ովքեր, ըստ «Անշարժ գույք» բաժնում կատարած նշումների, առանձնատուն կառուցելու համար նախընտրել են հատկապես Կոտայքի մարզը: Հայտարարագրերի այս բաժնից նաև տեղեկանում ենք, որ պատգամավորներից ոմանք անշարժ գույք ունեն Վրաստանում (Գուրգեն Արսենյան, Վոլոդյա Բադալյան), Ուկրաինայում (Սեդրակ Սարոյան), Ռուսաստանի Դաշնությունում (Դավիթ Հարությունյան), Բուլղարիայում (Խոսրով Հարությունյան):

«Շարժական գույք» բաժնում թեկնածուները պետք է հայտարարագրեին ավտոմոբիլային տրանսպորտի միջոցներ` նշելով դրանց մակնիշն ու սերիան, թողարկման տարեթիվը, անշարժ գույքի նկատմամբ թեկնածուի սեփականության իրավունքի տեսակը: Հայտարարագրի ուղեցույցը մանրամասնում է, թե ինչպիսին կարող է լինել ավտոմոբիլային տրանսպորտի միջոցը. անվավոր, թրթուրավոր, ինքնագնաց մեքենա կամ մեխանիզմ, կցորդ, կիuակցորդ, օդային փոխադրամիջոց, ջրային փոխադրամիջոց և այլն: Պատգամավորները «Շարժական գույք» բաժնում հայտարարագրել են ավտոմեքենաներ` հիմնականում թողարկված 1990-ականներից մինչեւ 2011 թվականը: Կա հայտարարագրված նաև երկու ինքնաթիռ: Դրանք երկուսն էլ պատկանում են ԲՀԿ խմբակցության անդամ և ՄԱԿ կուսակցության նախագահ Գուրգեն Արսենյանին:

Հայտարարագրի երրորդ` «Թեկնածուի թանկարժեք գույք» բաժնում, ըստ ուղեցույցի, պետք էր լրացնել «Շարժական գույք» և «Անշարժ գույք» բաժիններում չնշված և 8 մլն դրամը կամ դրան համարժեք արտարժույթը գերազանցող գույքի անունն ու արժեքը: Հայտարարագրի այս բաժինը լրացրել է ընդամենը 4 պատգամավոր. Գագիկ Ծառուկյան (հայտարարագրել է 16 թանկարժեք գույք` կահույք, ադամանդե քարով մատանիներ և ոսկե ժամացույցներ), Դավիթ Հարությունյան (հայտարարագրել է մետաղադրամների հավաքածու և գեղանկարներ), Աղվան Վարդանյան (հայտարարագրել է գեղարվեստական նկարներ), Գագիկ Ջհանգիրյան (հայտարարագրել է 19-րդ դարի 3 արձան):

Հետաքրքիր դիտարկումների առիթ են տալիս հայտարարագրերի «Եկամուտներ» ու «Արժեթղթեր և այլ ներդրումներ» բաժիններում կատարված, երբեմն էլ չկատարված նշումները: Օրինակ, առավելապես իր բիզնես-գործունեությամբ հայտնի Սամվել Ալեքսանյանը «Արժեթղթեր և այլ ներդրումներ» բաժնում չի հայտարարագրել ոչինչ, իսկ Գագիկ Ծառուկյանը այս բաժնում ամենաշատ նշումներ կատարած պատգամավորն է. նա հայտարարագրել է 33 կազմակերպություն, որտեղ ունի արժեթուղթ կամ այլ ներդրում: Որոշ պատգամավորության թեկնածուներ (Վարդանյան Աղվան, Մանուկյան Արամ, Արզումանյան Ալեքսանդր, Բաբայան Վահան, Ստեփանյան Արթուր, Գրիգորյան Հայկ, Հակոբյան Ռուբեն, Պետրոսյան Շուշան և այլք), ըստ հայտարարագրերի, հաշվետու տարում` 2011թ-ի մարտ ամսից մինչև 2012թ-ի մարտը, չեն ունեցել ոչ մի եկամուտ. «Եկամուտներ» բաժնում նրանք չեն հայտարարագրել ոչինչ: Մինչդեռ նաեւ նախորդ գումարման Ազգային ժողովում պատգամավոր եղած շատերը այս բաժնում հայտարարագրել են հարյուրավոր, միլիոնավոր, նույնիսկ տասը միլիարդը գերազանցող եկամուտ (դրամով), որից պատգամավորական աշխատավարձը կազմել է ընդամենը 3 միլիոնից մի փոքր ավելի գումար: «Առաջատարն» այստեղ ՀՀԿ-ական պատգամավոր Սեդրակ Սարոյանն է (գեներալ Սեյրան): Հաշվետու տարում նա հայտարարագրել է 16 մլրդ դրամ, Գագիկ Ծառուկյանը` 5 մլրդ դրամ, Հերմինե Նաղդալյանը` 781 մլն դրամ, Գրիգորյան Արայիկը` 146 մլն, Ռուբեն Սադոյան` 145 մլն դրամ, Աշոտ Արսենյանը` 100 մլն դրամ:

Հաշվետու տարում ամենամեծ եկամուտը` արտարժույթով, հայտարարագրել է Գագիկ Ծառուկյանը` շուրջ 61 մլն ԱՄՆ դոլար և 40 մլն եվրո, իսկ հայտարարագրի` «Դրամական միջոցները հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ» բաժնում Ծառուկյանը հայտարարագրել է 1 մլրդ 161 մլն դրամ, 30 մլն 730 հազ. դոլար և 20 մլն 483 հազ. եվրո: Սեդրակ Սարոյանը, ըստ այս բաժնի, հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ ունեցել է 4 մլրդ 700 մլն դրամ և 884 հազար 94 ԱՄՆ դոլար, Արայիկ Գրիգորյանը` 1մլրդ 200 մլն դրամ, 864 հազ. դոլար, Արտակ Սարգսյանի(ՍԱՍ-ի Արտակ) «խնայած» դրամական միջոցները 1 միլիարդի չեն հասնում. նա հայտարարագրել է 645 մլն 561 հազ. ՀՀ դրամ: Սամվել Ալեքսանյանի ունեցածը դրանից պակաս է` 380 մլն դրամ, բայց նա, հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ ունեցել է ավելի քան 9 մլն ԱՄՆ դոլար, Գուրգեն Արսենյանը հայտարարագրել է 6 մլն 253 հազ. 17 ԱՄՆ դոլար: Հայտարարագրերի «Դրամական միջոցները հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ» բաժնի նշումներից կարելի է եզրակացնել, որ մեր պատգամավորները խնայողությունները նախընտրում են պահել 3 արտարժույթով` ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար և եվրոյով: Բացառություն են, թերևս, Արա Բաբլոյանն ու Վրեժ Մարկոսյանը. Բաբլոյանը հայտարարագրել է նաև շվեյցարական ֆրանկ, Մարկոսյանը` ռուսական ռուբլի:

Հետգրություն. Պատգամավորության թեկնածուները, ինչպես հուշում է «Թեկնածուի գույքի և ունեցվածքի հայտարարարագրի» ուղեցույցը, պետք է հայտարարագրեին իրենց եկամուտներն ու դրամական միջոցները հաշվետու տարվա`03.03.2011-03.03.2012թթ կտրվածքով, բայց դատելով հայտարարագրերի բովանդակությունից, թեկնածուները չեն հետևել այս ժամկետին` հիմնականում հայտարարագրելով իրենց ողջ ունեցվածքը, երբեմն էլ նշելով գումարներ, որոնք ավելի շատ ամսական, քան տարեկան եկամուտ են հիշեցնում: Սա և հայտարարագրերում տեղ գտած բազմաթիվ այլ անհստակ ձևակերպումներ ու բացթողումներ նկատի ունենալով` կարելի է ասել, որ պատգամավորության թեկնածուները այնքան էլ լրջորեն չեն վերաբերվել հայտարագրերը լրացնելու հարցին, իսկ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ընդունել է դրանք`առանց լրացուցիչ ճշտումների:

Դիտվել է 1843 անգամ:
Print Friendly

Leave a Reply