Ծրագի՞ր, թե՞ հերթական բարեմաղթանք

Շաբաթվա լուր, ՏՆՏԵՍԱԿԱՆ | | November 7, 2012 15:00

Հայաստանի Հանրապետության կառավարությունը վերջերս մի աննախադեպ քայլ արեց. մարդիկ նստեցին, չարչարվեցին ու գրեցին «Արդյունաբերական քաղաքականության ռազմավարություն» փաստաթուղթը, հետո էլ 8 հազար օրինակով տպեցին ու որպես ներդիր թերթերի արանքում հրամցրին ժողովրդին:

Այսպիսով հռչակվում է. «Կառավարությունը փոփոխություն է կատարում արդյունաբերական քաղաքականության մոտեցումներում: Այսուհետև պետությունը ոչ միայն պատասխանատու է լինելու բարենպաստ բիզնես միջավայրի համար, այլև մասնավոր հատվածն ուղղակիորեն ներգրավելու է ճյուղային արդյունաբերական քաղաքականության մեջ: Մասնավոր հատվածի հետ համատեղ կձևավորվի երկխոսության միասնական հարթակ: Դրա միջոցով առավել հեռանկարային յուրաքանչյուրի համար կստեղծվի առանձնահատուկ գործիքակազմ, և կսահմանվեն փոխադարձ պարտավորություններ»:

«Երբ արտահանման խրախուսման քաղաքականություն ես իրականացնում և արտաքին շուկաներում չես նվաճում դիրքեր հայրենական ապրանքարտադրողների ապրանքներն ու ծառայություններն իրացնելու առումով, քո մոտեցումը դառնում է ձևական: Այսինքն` ընդամենն ասում ես, որ աջակցելու եմ քարոզչությամբ, ցուցահանդեսների կազմակերպմամբ և այլն: Մինչդեռ տեղական արտադրողն այսօր կարիք ունի թե՛ ներքին և թե՛ արտաքին ակտիվ տնտեսական քաղաքականության: Եվ եթե լինեին այդ քաղաքականության տարրերը, մենք կունենայինք տեղական արտադրության աճ, զարգացում ու նաև նոր արտադրատեղերի ստեղծում»- այս առումով կարծիք հայտնեց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը:

Պարզվում է, որ սրանից հետո ունենք նաև արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարություն, որը «ՀՀ արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականությունն արտահանման ներուժ ունեցող ոլորտների միջազգային մրցունակության բարձրացմանն ուղղված հավասարակշռված և փուլային միջոցառումների համախումբ է, որի նպատակն է արտահանման աճը և դիվերսիֆիկացումը»:

Հերթական «հավակնոտ» ծրագիրը

Իրոք հավակնոտ ծրագիր է: Անկեղծ նպատակադրումով ու կամքի դրսևորման շնորհիվ նաև կարելի է հասնել արտահանման ծավալների մեծացման, և ներկրողից Հայաստանը կարող է վերածվել պահանջարկ վայելող արտահանողի: Որոշ կուսակցությունների նախընտրական ծրագրերից կարելի է վերհիշել, թե արդեն ինչքան ժամանակ են մարդիկ փորձում մեր կառավարությանը հրել դեպի արտահանման խրախուսման քաղաքականություն:

«Եթե խոսենք արդյունաբերական ռազմավարության մասին, ապա դրական է, որ այդպիսի հայեցակարգ կա: Սակայն մեր մտահոգությունն այն է, որ դա լինի ավելի կոնկրետ ուղղվածությամբ` վերամշակման ճյուղերի և գիտատար: Որի մասին, չնայած, մասնակիորեն խոսվում է ծրագրում, բայց ցանկացած ծրագիր կարող է իրագործվել, իմ կարծիքով, երկու դեպքում: Երբ նշված են պատասխանատուներն ու ժամկետները, և երկրորդ` ծրագրի ձախողման համար պատասխանատուներն էլ պետք է գիտակցեն իրենց պատասխանատվությունը, ինչը, տարիներ շարունակ, ցավոք սրտի, տեղի չի ունեցել»,- ասում է տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը:

Իսկ կառավարությունում, ինչպես պարզվում է ծրագրից, 2011-2013 թթ. հորիզոնում արտահանելի ոլորտներ են հռչակվում  կոնյակագործությունը, ադամանդագործությունը, ոսկերչությունը, ժամագործությունը, տեքստիլ արդյունաբերությունը:

«Թեև, օրինակ, խոսվում է կոնյակագործության զարգացման մասին, սակայն ինտենսիվ գյուղատնտեսությունը ստորադասված է էքստենսիվից: Իսկ սա նշանակում է, որ մենք պրոբլեմ կունենանք  նույն գյուղական բնակավայրերում կամ գյուղատնտեսությամբ զբաղվող անձնաց ամբողջությամբ ներգրավելու այդ երևույթների մեջ»,- պարզաբանում է Արծվիկ Մինասյանը: Իսկ մնացած ոլորտների մասին նշում է, որ հայեցակարգը կառուցված է հիմնականում իներցիոն սկզբունքով: Այսինքն` միայն այն ոլորտների վրա է ուշադրություն դարձվել, որոնք գոյատևել են ճգնաժամի, ֆինանսատնտեսական ծանր պայմաններում: Իսկ այնպիսի կարևոր ոլորտներ, որոնցում Հայաստանն իսկապես կարող է մրցունակություն ունենալ և զարգանալ, լրիվ չեն ընդգրկված:

300 միլիոն դրամով արդյունաբերությունը կզարգանա?

Բայց մեր կառավարությունն ամենևին էլ մտադիր չէ նահանջել: Որովհետև 2011-2015 թթ. հորիզոնում տեսնում են նաև դեղագործության և բիոտեխնոլոգիաների, պահածոների արտադրության, գինեգործության, շշալցված հանքային ջրերի և հյութերի արտադրության ոլորտները: Երրորդ` 2011-2020 թթ. հորիզոնում էլ նշմարում են ճշգրիտ ճարտարագիտությունը:

Ակնհայտ է, որ այսպիսի ծրագիր իրագործելու համար հարկավոր է լուրջ բարեփոխումներ իրականացնել երկրի մաքսային ու հարկային, բյուջետային, դրամա-վարկային քաղաքականություններում, բարեփոխումներ իրականացնել մրցակցային միջավայրի ապահովման դաշտում, խթանել երկրի գիտատեխնիկական պոտենցիալը, օգնել ընկերություններին ու կազմակերպություններին թե՛ օրենսդրական, թե՛ վարչակազմակերպչական և թե՛ ֆինանսական հարցերում:

Արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության հայեցակարգում, իհարկե, այս ամենի մասին դրույթներ կան: Բայց. «Հայտարարված են ոլորտները, սակայն ի՞նչ պետք է արվի, կոնկրետ ի՞նչ քայլեր են արվելու. սա է մեզ համար ավելի էական: Ժամանակացույցը, բնականաբար, կա, բայց այդ ժամանակացույցի մեջ նաև փուլային առումով պետք է ամեն ինչ պարզ լինի: Այն, ինչ մենք համարում ենք պատասխանատվություն, ենթադրում է պատասխանատվություն ոչ թե ծրագրի վերջում, այլ ամեն մի փուլի ավարտին, որպեսզի հաշվետու լինեն և ներկայացնեն շոշափելի արդյունքները: Այդ դեպքում, կարծում եմ, այն, ինչ գրված է, կարող է իրականություն դառնալ»,- նշում է Թաթուլ Մանասերյանը:

«Ես ուզում եմ հավատալ այդ բանին, որ այո, մենք հնարավորություններ ունենք միջազգային շուկաներ դուրս գալու և մրցակցելու: Միայն կամք է պետք: Քայլեր, կարծեք թե նշմարվում են: Այս պահին մենք  չենք հասցրել մեզ այս կտրվածքով, ավելի ուղղորդված ցուցաբերել: Պետք է ենթադրել, որ մենք գուցե դժվարություններ ունենանք գործնական քայլերն ավելի ցցուն իրականացնելու առումով, որովհետև բոլոր դեպքերում ֆինանսատնտեսական ճգնաժամային երևույթներով հանդերձ` իրապես դժվար կլիներ մի որևէ ցցուն բան ունենալ»,-  ասում է ԱԺ նախկին պատգամավոր Վարդան Բոստանջյանը:

Դիտվել է 1721 անգամ:
Print Friendly

Leave a Reply