Սարգիս Կասյան

ՄԱՐԴԻԿ, Շաբաթվա լուր | | November 5, 2012 15:00

Հայոց պատմությունը պայքարի ու մաքառումի պատմություն է և լի է երևելի ու ազգանվեր գործիչներով: Ցավոք, հայոց պատմության մեջ հանդիպում են նաև գործիչներ, որոնք իրենց ձեռքերով սեփական ժողովրդի պատմության սև էջերը գրեցին...

Սարգիս Կասյանը (Սարգիս Հովհաննեսի Տեր-Գասպարյան) ծնվել է 1876 թ. հունվարի 16-ին: Ավարտել է Լայպցիգի առևտրային ինստիտուտը (1902), ապա` Բեռլինի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետը (1904): Նա առևտրային և փիլիսոփայական գիտությունների թեկնածու էր:

Պատանեկան տարիներից Կասյանը հարել է հեղափոխական շարժումներին: 1903 թ. անդամագրվել է Սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցությանը: Բայց կարճ ժամանակ անց դուրս է եկել Հնչակյան կուսակցության շարքերից և 1905-ին անդամագրվել ՌՍԴ/բ/Կ-ին:

Կուսակցական գործունեությունն սկսել է որպես լրագրող, քարոզիչ: Խմբագրել է «Կայծ», «Նոր խոսք», «Բանվորի ձայն» թերթերը: Թիֆլիսում Սուրեն Սպանդարյանի հետ բոլշևիկյան լեգալ թերթեր է հրատարել: Միաժամանակ նա ակտիվ ընդհատակյա աշխատանք էր տանում Անդրկովկասում, հիմնականում` Թիֆլիսում: Նրա գործունեությունը աննկատ չի մնում, և 1914 թ. ապրիլին ձերբակալվում է և աքսորվում Աստրախան, ապա` Վոլոգդա: Կասյանը մի քանի տարի անցկացնում է աքսորում և ազատ արձակվում միայն 1917 թ. փետրվարյան հեղափոխությունից հետո:

1919 թ. Կասյանը դարձյալ ձերբակալվում է, այս անգամ` Վրաստանի իշխանությունների կողմից: Սակայն Խորհրդային Ռուսաստանի իշխանությունների ճնշմամբ շուտով ազատ է արձակվում: Նույն թվականի աշնանը նա պառակտիչ և  քայքայիչ աշխատանքների նպատակով անցավ Հայաստան:

Այստեղ Կասյանը Ասքանազ Մռավյանի օգնությամբ ձեռնամուխ եղավ Հայաստանի բոլշևիկյան կազմակերպությունների միավորմանը: Հիմնվեց Արմենկոմը` ՌՍԴ/բ/Կ Հայաստանի կոմիտեն: Մշակվեց Հայաստանի Հանրապետությունը պառակտելու, քայքայելու, ապստամբության միջոցով երկրի ուժերը ջլատելու, ռուսական և թուրքական բանակների առջև երկրի դռները բացելու մարտավարություն:

1920 թ. հունվարին Երևանում գումարվեց Արմենկոմի առաջին կոնֆերանսը, որ հաստատեց իր հավատամքը` կործանել Հայաստանի Հանրապետությունը: Մշակվեց հստակ մարտավարություն և գործողությունների որոշակի պլան: Արմենկոմը որոշեց Հայաստանում զինված ապստամբություն բարձրացնել 1920 թ. մայիսին:

Սակայն Սարգիս Կասյանին վիճակված չէր մասնակցել մայիսյան խռովություններին: Նա ձերբակալվեց իշխանությունների կողմից և աքսորվեց երկրից:

Ամիսներ անց բանտից ազատվելուց հետո Կասյանն անցավ Վրաստան և իր քայքայիչ աշխատանքները շարունակեց այնտեղ: Վրաստանի իշխանությունները ձերբակալեցին Կասյանին, սակայն նա կրկին ազատ արձակվեց Խորհրդային Ռուսաստանի իշխանությունների միջամտությամբ և անցնելով Ադրբեջան` այնտեղից շարունակեց իր գործունեությունը սեփական հայրենիքի դեմ: Փաստորեն հենց Արմենկոմը եղավ բոլշևիկյան Ռուսաստանի և Քեմալական Թուրքիայի միջնորդը Հայաստանի Հանրապետության կործանման ծրագրում: Բոլշևիկա-թուրքական դաշինքը սանձազերծեց թուրք-հայկական պատերազմը, թուրքերը Ռուսաստանի տրամադրած զենքով և Ադրբեջանի զինված աջակցությամբ ծնկի բերեցին Հայաստանի Հանրապետությունն ու ծվատեցին առանց այն էլ բզկտված երկիրը:

Թուրք-հայկական պատերազմի ժամանակ Սարգիս Կասյանը քայքայիչ ու կազմալուծող աշխատանք էր տանում հայկական բանակի թիկունքում: Ավելորդ չենք համարում մեջբերել Հայհեղկոմի ցուցումը բանակում կռվող հայ բոլշևիկներին.

«Հույժ գաղտնի

Հայաստանի կոմունիստների(բոլշևիկների) Կենտրոնական կոմիտեն հրահանգում է կուսակցական բոլոր կազմակերպություններին, թե՛ թիկունքում, թե՛ ռազմական գոտիներում և հատկապես Կարսի գարնիզոնը մեկնող բոլշևիկներին, անհատ զինվորների շրջանում և առանձին հավաքույթներում, եթե այդ հնարավոր է, ինչպես նաև գրավոր թռուցիկների միջոցով ծավալել լայն պրոպագանդա ընդդեմ պատերազմի` հիմնական խնդիր դարձնելով.

Առաջին, որ ներկա Թուրքիան այլևս նախկին սուլթանական Թուրքիան չէ և Հայաստանի հանդեպ ագրեսիվ նպատակներ չունի:

Երկրորդ, Քեմալական Թուրքիան Խորհրդային Ռուսաստանի դաշնակից է և պայքարում է իր ազգային ազատության համար ընդդեմ իմպերիալիստական պետությունների` Անգլիայի, Ֆրանսիայի, Հունաստանի:

Երրորդ. Հանրապետական Հայաստանի հաղթանակը Թուրքիայի վրա կնշանակի իմպերիալիզմի ուժեղացում Մերձավոր Արևելքում և դրանով իսկ կվտանգի Հեղափոխության հաղթանակն Անդրկովկասում, իսկ ընդհակառակը` Հանրապետական Հայաստանի պարտությամբ կարագացվի ողջ Անդրկովկասի, ապա նաև Արևելքի խորհրդայնացումը:

Չորրորդ. Հայ բոլշևիկ-կոմունիստների խնդիրը պետք է լինի արագացնել Հանրապետական Հայաստանի պարտությունը, որով և կարագացվի Հայաստանի խորհրդայնացումը:

Այս նպատակի համար պետք է.

1. Կազմալուծել հայկական կռվող բանակը բոլոր միջոցներով, այն է`

ա. կազմակերպել դասալքություն և ամեն կերպ խանգարել զորահավաքին,

բ. ռազմաճակատում հասկացնել զինվորներին, որ նրանք չկրակեն առաջացող թուրքական զինվորների վրա, այլ լքելով դիրքերը` վերադառնան թիկունք,

գ. չենթարկվել սպաների հրամաններին և հարկ եղած դեպքում ոչնչացնել նրանց:

2. Այս ամենի հետ ամենաէականն է հասկացնել Հանրապետական Հայաստանի զինվորներին, որ հաղթող թուրքական ասկյարը հեղափոխական ասկյար է, որը ոչ միայն իրեն թույլ չի տա որևէ բռնի գործողություն պարտված երկրի վերաբերյալ, չի վնասի ազգաբնակչությանը, այլև կօժանդակի աշխատավոր հայ ժողովրդին ազատվելու իմպերիալիստական գործակալ դաշնակցականների տիրապետությունից:

3. Նորից ու նորից բացատրել, որ դաշնակցականների տիրապետությունից ազատվելով` Հայաստանն անմիջապես կկապվի Խորհրդային Ռուսաստանի հետ, ընդմիշտ վերջ կտրվի պատերազմին և սովից ու մշտական ընդհարումներից քայքայված երկիրը կլիանա Ռուսաստանի հացով և մասնակիցը կդառնա Համաշխարհային հեղափոխության մեծ գործին:

Գրությունը կարդալ սահմանափակ ժողովում և կարդալուց հետո անմիջապես այրել:

Հայաստանի կոմունիստական բոլշևիկների կուսակցության կոմիտեի անդամներ Սարգիս Կասյան, Ասքանազ Մռավյան, Ավիս Նուրիջանյան, Շավարշ Ամիրխանյան, Դովլաթյան, Աշոտ Հովհաննիսյան:

Բաքու1920 թ. սեպտեմբերի 20»:

Կամ`

«Եկողները ոչ թե թալանչի ավազակներ են, այլ հայ գյուղացիների, զինվորների և բանվորների ընկեր թուրք աշխատավորներն են: Նրանք գալիս են ոչ թե ձեզ կոտորելու, այլ թալանչի դաշնակների ձեռքից ազատելու»:

 1920 թ. նոյեմբերին Սարգիս Կասյանը նշանակվեց Հայաստանի հեղկոմի նախագահ: Հայաստանի Ռազմահեղափոխական կոմիտեն, փաստորեն, ստեղծվելով Ադրբեջանում, Սարգիս Կասյանի գլխավորությամբ գործիք դարձավ ադրբեջանա-թուրքական նվաճողների ձեռքին` սեփական ժողովրդին ստրկացնելու համար: Հայաստանի ռազմահեղափոխական կոմիտեն 1920 թ. ռուսական 11-րդ Կարմիր բանակի ուղեկցությամբ Քարվանսարայով մտավ Հայաստան, բռնագրավեց երկիրն ու Հայաստանը հռչակեց խորհրդային սոցիալիստական հանրապետություն: Դեկտեմբերի 2-ին Երևանում ՀՀ կառավարությունը իշխանությունը հանձնեց բոլշևիկներին: Մինչ Հայաստանի ռազմահեղափոխական կոմիտեի Երևան ժամանելը տեղում իշխանությունը ժամանակավորապես իր ձեռքն էր կենտրոնացրել Դրոն: ՀՀ կառավարության և Հայաստանի ռազմահեղափոխական կոմիտեի միջև ձեռք բերված նախնական համաձայնության արդյունքում, Խորհրդային Հայաստանի իշխանությունների մեջ պետք է տեղ ունենար նաև ՀՅԴ-ն` հանձինս Դրոյի և Տերտերյանի: Սակայն հասնելով Երևան` հայհեղկոմը, Սարգիս Կասյանի գլխավորությամբ, արհամարհելով բոլոր պայմանավորվածությունները` դաշնակցության ներկայացուցիչներին տեղ չտվեց կառավարության մեջ:

Ստանձնելով իշխանությունը Հայաստանում` բոլշևիկներն անմիջապես ազատություն տվեցին իրենց սանձարձակ կրքերին. Հայհեղկոմի առաջին իսկ հրամանով երկրում ստեղծվեց ՉԷԿԱ-ն` Արտակարգ հանձնաժողովը: Ստեղծվեցին ժողովրդական դատարաններ և հեղափոխական տրիբունալներ: Մի քանի օր անց բանակի հրամանատարությունից ազատվեց Դրոն, հայկական բանակի 1400 սպաներ կալանավորվեցին մեկ գիշերվա մեջ և ուղարկվեցին Բաքվի բանտ: Հայհեղկոմը լավ էր յուրացրել երիտթուրքերի մարտավարությունը:

Պետք է նշել, որ Սարգիս Կասյանը` որպես Հեղկոմի նախագահ, ոչինչ չարեց Հայաստանում բռնությունների ալիքը մեղմելու համար: Սոցիալիզմի խաբկանքով տարված քառյակը` Սարգիս Կասյանը, Գևորգ Աթարբեկյանը, Ավիս Նուրիջանյանը, Ասքանազ Մռավյանը, ողջ անողորմությամբ պայքարեցին հայ աշխատավորի ու նրա ունեցվածքի դեմ: Նրանք պետական ապարատի, բանակի պարենավորման և հանդերձավորման նպատակով թալանում ու կեղեքում էին սեփական ժողովրդին: Բոլշևիկները պատրաստ էին հանուն «Համաշխարհային հեղափոխության» շահերի` զոհել թե՛ Հայաստանը, թե՛ հայությանը: «Մենք ժամանակավոր ստիպված ենք զոհել հայ աշխատավորների շահերը հանուն համաշխարհային հեղափոխության շահերի: Հիշեք, ընկերներ, մենք չենք պատրաստվում պատերազմել Հայաստանի համար ում հետ էլ լինի, հատկապես` Քեմալի»:

Իրականացնելով ռուսական «Ռազմական կոմունիզմի» քաղաքականությունը` Հայհեղկոմը ոչնչի առջև կանգ չէր առնում` քծնելու և հաճոյանալու Ադրբեջանի և Ռուսաստանի կառավարություններին:

Հայհեղկոմը սկսեց սեփական ժողովրդի կողոպուտն ու թալանը: Բոլշևիկները բռնագրավում էին մարդկանց ունեցվածքը, փշրում, ջարդում ու հողին էին հավասարեցնում տասնյակ տարիների ընթացքում արդար աշխատանքով կուտակած ինչքը: Հեղկոմի հրամանով Երևանի բանտում կացնահարվեցին հայ քաղաքական, ռազմական գործիչները:

Դա մեծ դժգոհություն բարձրացրեց ողջ երկրում և 1921 թ. փետրվարին ժողովուրդը, հայրենիքի փրկության կոմիտեի առաջնորդությամբ, ապստամբության դրոշ բարձրացրեց կառավարության դեմ: Փետրվարի 18-ին ապստամբ ժողովուրդը գրավում է Երևանը, և բոլշևիկները փախուստի են դիմում դեպի Ղամարլու և Վեդի: Այստեղից Կասյանը հեռագրերով հեղեղում է Մոսկվան և Թիֆլիսը` օգնություն պահանջելով Լենինից և Օրջոնիկիձեից, որպեսզի վերջ տա «դաշնակցական ավազակների» տիրապետությանը:

Ապրիլի 2-ին «Հայրենիքի փրկության կոմիտեն», չդիմանալով արտաքին հզոր ճնշմանը, նահանջում է Սյունիք, և բոլշևիկյան զորամասերը կրկին գրավում են Երևանը: Երկու օր անց Կասյանը, Հեղկոմով վերադառնալով Երևան, իր ողջ զայրույթն ու քենը հանում է հայ աշխատավոր ժողովրդից:

Ապստամբության պարտությունից հետո` 1921 թ. մայիսի վերջին, Հայհեղկոմը լուծարվեց, և կազմավորվեց ՀԽՍՀ Ժողկոմխորհը` Ալեքսանդր Մյասնիկյանի գլխավորությամբ: Հաշվի առնելով Սարգիս Կասյանի ղեկավարած Հայհեղկոմի սխալները, որ անհանդուրժելի եղան հայ ժողովրդի համար, Մոսկվան Հայաստան ուղարկեց շնորհալի քաղաքական, կուսակցական գործիչ Ալեքսանդր Մյասնիկյանին: Իսկ Սարգիս Կասյանը, որ իր աշխատաոճով անընդունելի էր հայ աշխատավորի համար, անցավ այլ աշխատանքի:

1924-1927 թթ. Սարգիս Կասյանը Անդրկովկասյան կոմունիստական համալսարանի ռեկտորն էր: 1927-1931 թթ. եղել է Անդրֆեդերացիայի և ՀԽՍՀ կենտգործկոմների նախագահ, 1931-1934 թթ. ` Անդրֆեդերացիայի գերագույն դատարանի նախագահ:

Որտեղ էլ աշխատեց Սարգիս Կասյանը, ամենուր ցուցաբերեց իր անսահման նվիրվածությունը ռեժիմին. խորհրդային տոտալիտար ռեժիմին, ոչ իր ազգին: Եվ ռեժիմը ըստ արժանվույն գնահատեց Կասյանի ծառայությունները: Նա դարձավ նույն ռեժիմի զոհը:

Սարգիս Կասյանը զոհվեց 1937 թ. դեկտեմբերին:

 

Վահե ԱՆԹԱՆԵՍՅԱՆ

Դիտվել է 3838 անգամ:
Print Friendly

Leave a Reply