Երբ արժանի վերաբերմունքը բացակայում է

Շաբաթվա լուր, ՍՊՈՐՏ | | November 4, 2012 7:31

Մարզասերները տեղյակ են, որ Իսրայելի Էյլաթ քաղաքում կայացած շախմատի Եվրոպայի ակումբային առաջնությունում Երևանի «Միկայի» մարզուհիները դարձել են արծաթե մեդալակիր: Ստուգատեսի մասին ահա թե ինչ ասաց շախմատի «Միկա» ակումբի գործադիր տնօրեն, առաջնության գլխավոր մրցավարի տեղակալ Աշոտ Վարդապետյանը:

– Նախկինում «Միկայի» շախմատիստուհիները դարձել են Եվրոպայի չեմպիոն, երեք անգամ տիրացել բրոնզե մեդալի և կեսկատակ-կեսլուրջ առաջնությունից առաջ ասում էին, որ  ցանկանում են տիրանալ միայն  արծաթե պարգևների, որպեսզի լրացանեն իրենց մեդալների հավաքածուի բացը: Եվ հասան նպատակին: «Միկայի»  շախմատիստուհիներն իրենցից առաջ թողեցին միայն Մոնակոյի «Մոնտե Կարլո» ակումբին, որի կազմում խաղում է աշխարհի հավաքականը: Իսկ  «Միկայի» պատիվը պաշտպանում էին Էլինա Դանիելյանը, Հարիկա Դորնավալին (Հնդկաստան), Լիլիթ Մկրտչյանը, Լեյլա Ջավախիշվիլին (Վրաստան), Աննա Հայրապետյանը:

 Ինչպե՞ս է կազմակերպվել առաջնությունը: Ինչպիսի՞ն էր Էյլաթը:

– Առաջնությունը կազմակերպվել էր բարձր մակարդակով: Ինչ վերաբերում է մրցավայրին, ապա այն աշխարհագրական ուշագրավ դիրքում է: Միջոցառման փակման հանդիսավոր արարողության ժամանակ էլ ուկրաինացի հանրածանոթ գրոսմայստեր Վասիլի Իվանչուկը հայտնեց, որ Իսրայելի այդ քաղաքը դրախտավայր է հիշեցնում: Զարմացնում է այն, որ անապատային վայրում այդպիսի քաղաք է կառուցվել: Ընդ որում, անապատն ավարտվում է ծովեզրին և սկսվում է առողջարանային քաղաքը: Այն փոքր է, Կարմիր ծովի ափին, հեռու Իսրայելի կենտրոնական տարածքներից: Հետաքրքիրն այն է, որ այդ հատվածում միանում է չորս երկիր: Ավտոբուսով 15 րոպեում կարելի է հասնել Եգիպտոսի սահման: Հակառակ ուղղությամբ գնալու դեպքում` 10 րոպեից կարելի է հայտնվել Հորդանանի սահմանին: Մի փոքր հեռվում էլ Սաուդյան Արաբիան է:

 Ինչպե՞ս էր ձևավորվել «Միկայի» հավաքականը: Հայտնի է, որ սկզբում նախատեսված  էր, որ  մեր թիմի կազմում պետք է խաղա Վրաստանի նրկայացուցիչ Նանա Ձագնիձեն, ի՞նչը խանգարեց: Գո՞հ եք, որ նրան փոխարինել է վրացուհի մեկ այլ շախմատիստուհի` Լեյլա Ջավախիշվիլին:

– Վերջինիս ներկայությունը թիմում շատ բարձր պետք է գնահատել: Նա լիովին արդարացրեց մեր սպասելիքները: Սկզբումմտադիր էինք Ձագնիձեին հրավիրել: Եթե նա հանդես գար, ապա մեր թիմի առջև  խնդիր էր դրվելու «Մոնտե Կարլոյի» հետ պայքարել առաջին տեղի համար, քանի որ Ձագնիձեն աշխարհի ուժեղագույններից է: Բայց նա պատրաստվում է մայր դառնալ, և բժիշկներն արգելել են մարզուհուն Շախմատի համաշխարհային օլիմպիադայից հետո խաղալ: Այդ պատճառով Ձագնիձեն չկարողացավ խաղալ «Միկայի» կազմում, թեև մեծ ցանկություն ուներ: Ընտրություն կատարելու շատ ժամանակ չկար, քանի որ սեղմ ժամկետում մի շարք հարցեր պետք է լուծվեին: Վճռվեց հրավիրել Ջավախիշվիլուն: Այն կարծիքին էի, որ թիմի ընդհանուր մթնոլորտում նա կկարողանա դրսևորել իրեն, և այդպես էլ եղավ: Ի դեպ, տակտիկական որոշ հնարքներ են կիրառվել: Թեև Դրոնավալին ավելի բարձր վարկանիշ ունի, քան Դանիելյանը, վերջինս էր հանդես գալիս առաջին խաղատախտակի առջև: Հաշվի է առնվել երկու հանգամանք: Նախ` էլինան մեր թիմի, նաև Հայաստանի հավաքականի առաջատարն է: Ակնկալվում էր, որ Հարիկան 2-րդ խաղատախտակի առջև բարձր արդյունք ցույց կտա: Նույն մարտավարությամբ էլ Ջավախիշվիլին նստեց  4-րդ խաղատախտակի առջև, թեև տարբերակ կար, որով այդ խաղատախտակի առաջ  պետք է հանդես գար Մկրտչյանը: Փաստորեն, մեր երկու լեգեոնականներին համեմատաբար իրենցից թույլ մրցակիցների հետ խաղալու և թիմի համար միավորներ վաստակելու հնարավորություն էր տրվել: Եվ այդ տակտիկական մտահղացումն արդարացրեց իրեն: Ջավախիշվիլին 5 հաղթանակ տարավ, նա 7 հնարավորից վաստակեց 5,5 միավոր, որը շատ բարձր արդյունք է, բայց արժանացավ արծաթե մեդալի:

 Ինչո՞ւ նա իր խաղատախտակի առջև ցույց տված արդյունքով անհատական պայքարում սոսկ 2-րդ մրցանակի արժանացավ, իսկ 7-ական հնարավորից 4,5 և 4 միավոր վաստակած Մկրտչյանը և Դանիելյանը ստացան արծաթե և բրոնզե մեդալներ:

– Բոլոր համակարգերը, որոնց միջոցով  թիմային մրցումների ժամանակ որոշում են  տարբեր խաղատախտակների առջև հանդես եկած մրցանակակիրներին, թերի են: Թերևս այդ ամենը պայմանականորեն է կատարվում: Հակասական շատ բան է եղել: Օրինակ` մի տասնամյակ առաջ Սլովակիայի Բլեդ քաղաքում կայացած Շախմատի համաշխարհային օլիմպիադայում Ռուսաստանի հավաքականը գլխավորող Գարրի Կասպարովը փայլուն արդյունք ցույց տվեց առաջին խաղատախտակի առջև, սակայն ոսկե մեդալը զիջեց մի ոչ հայտնի շախմատիստի, որը թույլ մրցակիցերի հետ էր ուժերը չափել: Եվ խնդիր առաջացավ ավելի  բարձր գնահատել այն շախմատիստների ցուցանիշները, որոնք ուժեղ մրցակիցների հետ են խաղում: Եվ սկսեց կիրառվել այդ սկզբունքը: Իզուր չէ, որ Դանիելյանը միավորների իր ոչ այնքան մեծ պաշարով  մրցանակակիր է դարձել, քանի որ իր ուժերն է չափել գերհզոր հակառակորդների հետ: Եվ դրա հաշվին, ոչ թե միավորների, առավելություն է ստացել: Եթե այլ համակարգ կիրառվեր, հնարավոր է` մեր թիմից ոսկե մեդալի արժանանար Ջավախիշվիլին, մյուսները ձեռնունայն մնային: Այնպես որ ամեն համակարգ ունի իր բացերը:

 Ինպիսի՞ն են «Միկայի» շախմատիստուհիների հաջողության արձագանքները:

– Տպավորությունը երկակի է: Շատերն են շնորհավորում, սակայն տարօրինակ է, որ  բարձր մարմինները, մասնավորապես Երևանի քաղաքապետարանը, սպորտի նախարարությունը ոչ մի ուշադրության չեն արժանացրել: Հուսանք, որ հետագայում այդ բացը կշտկվի:

 Գուցե դա թողնվել է Միքայել Բաղդասարովին:

– Ակումբի ղեկավարն արդեն մեծ գործ է կատարել, որ թիմն ուղարկել է մասնակցելու: Դա բավականին դժվար է, աշխարհի շատ երկրներ չեն կարողանում դա իրականացնել: Օրինակ` հարևան Վրաստանը, որ բարձրակարգ շախմատիստուհիներ ունի, արդեն մի քանի տարի է` չի կարողանում կանանց թիմ ուղարկել Եվրոպայի ակումբային առաջնությանը: Ադրբեջանը մեծ փողեր է ծախսում կանանց շախմատը զարգացնելու համար, սակայն դարձյալ թիմ չէր գործուղել: Մինչդեռ սա «Միկայի» 8-րդ մրցելույթն էր Եվրոպական մրցասպարեզում: Ցավոք, մեր շախմատիստների բարձր արդյունքներն այնքան սովորական են դարձել,  այնքան հաճախակի,  որ չեն էլ նկատվում: Դրա հետևանքով է, որ ըստ արժանվույն չեն գնահատվում:

 Ինչո՞ւ «Միկայի» տղամարդկանց թիմը չմասնակցեց:

– Նախկինում «Միկան» երեք անգամ խաղացել է Եվրոպայի առաջնությունում: Հանդես են եկել նաև հայկական այլ ակումբներ: Այս անգամ պարզապես ֆինանսական դժվարություններ կային: Բացի այդ, շախմատի համաշխարհային օլիմպիադայից հետո մեր ուժեղագույն շախմատիստները գերհոգնած էին, նրանց պետք էր հանգստանալ: Մեր առաջատարները` Լևոն Արոնյանը, Սերգեյ Մովսիսյանը, Վլադիմիր Հակոբյանը, օլիմպիադայից հետո տարբեր միջազգային մրցաշարերի մասնակցեցին և այդ պատճառով չկարողացան իրենց լավագույնս դրսևորել: Եվ մեծ ծախսեր անել և այնպիսի թիմ ուղարկել, որի հաջող մրցելույթը կասկածելի էր, իմաստ չուներ: Շատ անելիք կա Հայաստանում ակումբային շախմատի զարգացման ուղղությամբ: Բայց դա միայն Հայաստանի շախմատի ֆեդերացիայի անելիքը չէ: Այլ կազմակերպություններ պետք է ակտիվություն դրսևորեն: Ի դեպ, սահմանակից Ադրբեջանում  այդ ամենին մեծ ուշադրություն է դարձվում: «Սոկար» կազմակերպությունը  բիզնես ծրագիր է իրականացնում, և այդ անունը կրող ակումբը դարձավ Եվրոպայի տղամարդկանց առաջնության չեմպիոն: Ցավոք, արդեն երեք տարի է, որ Հայաստանում չի անցկացվում շախմատի ակումբային առաջնություն, քանի որ, «Միկայից» բացի, չեմպիոնի կոչման այլ հավակնորդ չկա:

 Խանտի Մանսիյսկում նոյեմբերին կայանալու է աշխարհի գավաթի խաղարկությունը, որին մասնակցելու են մեր առաջատար մարզուհիները: Դուք սպասարկելո՞ւ եք այդ ստուգատեսը:

– 2012-ի մրցաշրջանը ծանրաբեռնված էր: Այնպես որ բաց կթողնեմ այդ ստուգատեսը: Պետք է մի փոքր հանգստանալ և մտածել Հայաստանում անելիքների մասին: Ես Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահն եմ, Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահը:

 Առաջին անգամ դեկտեմբերի 21-29-ը Արաբական Միացյալ Էմիրություններում անցկացվելու է շախմատի աշխարհի քաղաքների առաջնություն: Մասնակցելո՞ւ է մեր երկրի որևէ թիմ այդ ստուգատեսին:

Կազմակերպիչները մեծ փողեր են մտադիր ծախսել, պատրաստ են հոգալ թիմերի հյուրանոցի և սննդի ծախսերը: Թիմի կազմում լինելու է 4 հիմնական և 1 պահեստային խաղացող: Դեռևս պարզ չէ` կլուծվե՞ն ֆինանսական խնդիրները, և Երևանը մասնակիցներ կկարողանա՞ ուղարկել: Առայժմ ոչ մի արձագանք չկա  մայրաքաղաքի իշխանություններից:

 Իսկ մասնակցելու դեպքում ի՞նչ սպասելիքներ կարելի է ունենալ մեր շախմատիստներից:

Թերևս, մեր առաջատարներից մի քանիսը, այդ թվում նաև Լևոն Արոնյանը, չխաղան: Այդուհանդերձ, ինչպիսի կազմով էլ հանդես գա երևանյան թիմը, թեկուզ երիտասարդական հավաքականով, կարող է պայքարել ամենաբարձր տեղերի համար:

 

 

Դիտվել է 1365 անգամ:
Print Friendly

Leave a Reply