Խորհրդարանական կարծիքներն ավստրալական նահանգի կողմից ԼՂՀ անկախության ճանաչման վերաբերյալ

Շաբաթվա լուր, ՔԱՂԱՔԱԿԱՆ | | November 1, 2012 18:00

Հոկտեմբերի 24-ին Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս ամենամեծ նահանգի խորհրդարանի օրենսդիր խորհուրդն ընդունեց բանաձև, որով ճանաչում է Լեռնային Ղարաբաղի անկախությունը և նրա ժողովրդի ինքնորոշման իրավունքը:

Սա աշխարհում երրորդ նահանգն է, որն ընդունել է ԼՂՀ անկախությունը: Այն Ներկայացուցիչների պալատ է ներկայացրել  Օրենսդիր խորհրդի անդամ Մարի Ֆիկարան, որ հայկական հարցերի վաղեմի ջատագով ու աջակից է:

Մի շարք պատգամավորներ «Անկախի» հետ զրույցում ասացին, թե ինչպես են ընդունել լուրը և ինչ ակնկալիքներ ունեն:

ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյան

«Շատ լավ նախադեպ է, իսկ սովորաբար նման իրավիճակներում նախադեպերը միշտ էլ շարունակություն են ունենում: Ինչ վերաբերում է Հայաստանի կողմից ԼՂՀ-ն պաշտոնապես ճանաչելուն, ապա դա ճղճիմ հարց է: Մենք Ղարաբաղն ընդունում ենք որպես անկախ պետություն, սակայն մենք նաև դիվանագիտական աշխարհում խաղի կանոններ ենք որդեգրել և պիտի առաջնորդվենք այդ խաղի կանոններով: Որևէ ցանկության դեպքում (իսկ մեր ընդդիմախոսները միշտ ցանկության տեսանկյունից են ասում) Ղարաբաղի ընդունումն էդպես օրենքով չեմ կարծում, թե արդյունքներ է գրանցելու: Ամեն ինչ մնալու է նույնը, պարզապես կարող են խաթարվել ԵԱՀԿ Մինսկի խմբի այն գործառույթները, որով նրանք ուզում են հարցի խաղաղ լուծման գնալ»:

Գալուստ Սահակյանն Ավստրալիայի այս քայլը համարում է Հայաստանի Հանրապետության վերջին տարիների արտաքին քաղաքականության, նախագահ Սերժ Սարգսյանի` Սփյուռքի հետ հանդիպումների և հայ համայնքի շահագրգռվածության արդյունք:

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյան

«Միջազգային քաղաքականության վրա որևէ էական ազդեցություն չունեցող գործընթաց է: Մի քանի հայ լոբբինգ են արել, որը բացարձակ ազդեցություն չի թողնի»:

ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյան

«Սա Հայ դատի հանձնախմբի երկարատև աշխատանքի, կուլիսային ծանրաբեռնված գործունեության արդյունք է: Սա նախ նշանակում է, որ վերանում են այն բոլոր պատկերացումները, թե Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման միջազգային գործընթացը հնարավոր չէ: Եթե բոլոր ջանքերը, նաև` պետական, միավորվեն և ժողովրդական դիվանագիտության մակարդակը ուժեղացնեն, որովհետև սա կատարվել է ժողովրդական դիվանագիտության դաշտում, ապա վստահ եմ, որ նորանոր առիթներ կունենանք ուրախանալու»:

Ինչ վերաբերում է գործընկերոջ` Լևոն Զուրաբյանի այն հայտարարությանը, թե դա որևէ ազդեցություն չի թողնի միջազգային գործընթացների վրա, Ռուստամյանն ասաց. «Ազդեցությունը կամաց-կամաց է կուտակվում, բնականաբար, ամբողջությամբ հեղափոխություն չի առաջացնելու, քայլ առ քայլ են գնում դրան: Էդպես հայտարարողները ժամանակին նաև մտածում էին, որ որևէ ազդեցություն չի ունենալու Ցեղասպանության միջազգային ճանաչումը, բայց եթե այս տարիների գործընթացը չբարձրացներ Ցեղասպանության ճանաչման միջազգային մակարդակը, մենք այսօրվա վիճակը չէինք ունենա: Ամենակարևորն այն է, որ պետք է պաշտոնական բանակցային գործընթացին զուգահեռ այս պրոցեսն իրականացել: ԼՂՀ միջազգային ճանաչումը չպետք է կաշկանդվի այն պատճառով, որ ընթանում է ինչ-որ բանակցային գործընթաց, սա է խնդիրը»:

«Ժառանգություն» խմբակցության անդամ Ալեքսանդր Արզումանյան

«Դա Ավստրալիայի հայկական համայնքի և հայկական կազմակերպությունների երկարաժամկետ ջանքերի շնորհիվ է: Սա չի ազդի պաշտոնական դիվանագիտության, բանակցային գործընթացի վրա, բայց նաև նորմալ գործընթաց է, որը ողջունելի է: Չէի կապի Սաֆարովի արտահանման հետ, դա պարզապես համընկնում է: Սակայն հայկական կազմակերպություններն էլ ավելի ակտիվ կարող են լինել, քանի որ Սաֆարովի դեպքը ցույց տվեց, որ Ադրբեջանի կազմում որևէ երաշխիք չկա ԼՂՀ ազատ ապրելու հնարավորության համար, այսինքն` այդ արգումենտն ավելի է ուժեղանում, և հայկական կողմը, լինի դա պետական դիվանագիտական մակարդակով թե համայնքային կազմակերպությունների, կարող է օգտագործել այն` ի շահ Լեռնային Ղարաբաղի»:

 

Դիտվել է 1335 անգամ:
Print Friendly

Leave a Reply