Խորհրդարանի մշտական հանձնաժողովներում սկսվեցին ՀՀ 2013 թ. պետական բյուջեի նախագծի քննարկումները

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | October 30, 2012 18:58

Հոկտեմբերի 30-ին խորհրդարանը մշտական հանձնաժողովների համատեղ նիստում սկսեց «Հայաստանի Հանրապետության 2013 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումները: Նիստը վարող՝ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը մինչ քննարկումներն սկսելը տեղեկացրեց, որ այս նստաշրջանի օրակարգում է գտնվում «Բյուջետային համակարգի մասին» օրենքում փոփոխությունների կառավարության ներկայացրած նախագիծը, որի համաձայն բյուջեի նախագծերը եւ հաշվետվությունները կազմվելու են ծրագրային ձեւաչափով: Այդուհանդերձ՝ գործադիր իշխանությունն առաջանցիկ կերպով վերջին տարիներին ներկայացնում է առավելապես ծրագրավորված բյուջեներ, եւ գալիք տարին նույնպես բացառություն չէ: Գագիկ Մինասյանը նշեց, որ 2013 թ. բյուջեի լայնածավալ նախագծի 1/3-ը ներկայացված են ծրագրերով:
Բյուջե 2013-ի գաղափարախոսությունն ու հիմնական սկզբունքները օրենսդիրներին ներկայացրեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Նա նախ ամփոփեց 2012 թ.-ի (սեպտեմբեր ամսվա դրությամբ) տվյալները, որոնք էլ ձեւավորում են նոր բյուջեի կատարման միջավայրը: Ըստ այդ տվյալների՝ տնտեսական աճը 2012 թ.-ին կկազմի 7 տոկոս, դեֆիցիտը՝ ՀՆԱ-ի 2,8 տոկոսը՝ ծրագրված 3,1 տոկոսի փոխարեն, եկամուտները կհավաքագրվեն ամբողջությամբ: Վարչապետը գալիք տարվա բյուջեի առանձնահատկությունը համարեց ծրագրված ռիսկերի եւ դրանց կառավարման հնարավորությունների վերաբերյալ կառարավության մշակած փաստաթուղթը եւ նշեց, որ այս մեթոդաբանությունը կիրառվում է առաջին անգամ: 2013 թ. բյուջեի նախագիծը խարսխված է երեք հիմնական սկզբունքների վրա՝ տնտեսական մրցունակության ապահովում, մարդկային կապիտալի զարգացում եւ արդյունավետ ինստիտուտների առկայություն: Կառավարությունը թիրախավորել է չորս նպատակներ՝ տնտեսական աճի պահպանում եւ հստակ մեջոցառումներ տնտեսական դիվերսիֆիկացիայի համար, սոցիալական քաղաքականություն՝ արմատական փոփոխություններով, գործարար եւ ներդրումային միջավայրի բարելավում, մակրոտնտեսական կայունության ապահովում: Խոսելով ծախսերի բաշխման տրամաբանության մասին՝ վարչապետը նշեց, որ ծախսերի 84,7 տոկոսն ուղղվել է հինգ ոլորտների. սոցիալականին՝ 41,8 տոկոս, պաշտպանությանը՝ 21.1 տոկոս, տնտեսության ճյուղերին՝ 11,1 տոկոս, պետական պարտքի սպասարկմանը՝ 4,6 տոկոս, համայնքների բյուջեներին՝ 3,1 տոկոս: Արտաքին պետական պարտքի մակարդակը, միջազգային կազմակերպությունների գնահատկանով, գտնվում է միջին ծանրաբեռնվածության գոտում, եւ, վարչապետի հավաստմամբ, կառավարությունն այն իր ուշադրության ոլորտում է պահելու՝ ռիսկային չդարձնելու համար:
Աժ-ում քննարկումները, Տիգրան Սարգսյանի խոսքերով, ունեն էական նշանակություն, եւ կառավարությունն ակնկալում է կառուցողական, շահագրգիռ քննարկում ու պատրաստ է երկխոսության:
Բյուջեի նախագծի մարկրոտնտեսական ցուցանիշները, եկամտային եւ ծախսային մասերը պատգամավորների գնահատմանը ներկայացրեց ֆիանանսների նախարար Վաչե Գաբրիելյանը: Բյուջեի եկամուտները 2013 թ. ծրագրվել են 1 տրիլիոն 31 միլիարդի չափով՝ ընթացիկ տարվա համեմատությամբ 13 տոկոսով ավելի, ծախսերը կկազմեն 1 տրիլիոն 151 միլիարդ դրամ՝ 27 միլիարդով ավելի, դեֆիցիտի նախանշված մակարդակը 119,8 միլիարդ դրամ է: 6,2 տոկոս տնտեսական աճի պայմաններում գնաճի միջին ցուցանիշը ներկայացված փաստաթղթում 4,2 տոկոս է: Արտաքին պետական պարտքը տարեվերջին կհասնի 4 միլիարդ 42 միլիոն դոլարի: Նախագծով աշխատավարձերի բարձրացում չի նախատեսվում, փոխարենը 30 հազարով ընդլայնվել է սոցիալական փաթեթից օգտվող շահառուների թիվը: Ֆինանսների նախարարը նշեց, որ առաջին անգամ այս նախագծում կառավարությունը քանակական գնահատական է տվել բյուջեի ռիսկերին: Բանախոսը ներկայացրեց նաեւ բյուջեի կատարման համար անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունները:
Նախարարը պատասխանեց նաեւ պատգամավորների հարցերին՝ մանրամասնելով որոշ հոդվածներ եւ սկզբունքներ: Հարցերն առնչվում էին եկամուտների հավաքագրմանը, ստվերային տնտեսության կրճատմանն ու կոռուպցիայի նվազեցմանը, ծախսային վերաբաշխումներին եւ այլն: Առաջիկայում պատգամավորները հնարավորություն կունենան անդրադառնալ բյուջեի ծախսերին ըստ ոլորտների, մինչ այդ նախարարը նշեց, որ սոցիալական ոլորտում կոռուպցիան նվազեցնելու արդյունքում ծախսերը դարձել են հասցեական, խնայել են 7-8 մլիլիարդ դրամ:
«ՀՀ 2013 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օերնքի վերաբերյալ նիստում Կենտրոնական բանկի եզրակացությունը ներկայացրեց բանկի նախագահ Արթուր Ջավադյանը: Ըստ եզրակացության՝ 2012 թ. կառավարությունը համամասնորեն է հավաքագրել եկամուտները, ծախսերը կատարել է տնտեսումներով, նաեւ՝ դրամավարկային եւ հարկաբյուջետային կոորդինացված քաղաքականության արդյունքում կհաջողի ապահովել տնտեսական աճի ծրագրված եւ գնաճի 4+/-1,5 նպատակային ցուցանիշները: 2013 թ. նախագծում ԿԲ-ն դրական միտում է համարում դեֆիցիտի կրճատումը, ինչն էլ իր հերթին կնպաստի պետական պարտքի աստիճանական նվազեցմանը: ԿԲ գնահատմամբ՝ կառավարության միջոցառումների արդյունքում հնարավոր կլինի ապահովել հարկային եկամուտների եւ տուրքերի 13,7 տոկոս աճ՝ ՀՆԱ-ում ցուցանիշը բարելավելով 0,8 տոկոսով: Հարկային եկամուտների 5,9 տոկոսը գործադիրը մտադիր է ապահովել հարկային վարչարարության եւ օրենսդրական փոփոխությունների շնորհիվ: Գնաճը, Արթուր Ջավադյանի ներկայացմամբ, 2013 թ. ընթացքում կլինի թույլատրելի միջակայքում:
ԿԲ նախագահը ներկայացրեց նաեւ ՀՀ կենտրոնական բանկի 2013 թ. վարչական ծախսերի եւ կապիտալ ներդրումներրի նախագիծը: Ապարատի պահպանման ծախսերը կկազմեն 5 միլիարդ 836 միլիոն դրամ, միջին աշխատավարձը կլինի 500 հազար դրամ: Այս միջոցների շրջանակներում նախատեսվում են նաեւ վերապատրաստման ծրագեր իրականացնել, տեղեկատվական եւ մասնագիտական գրականություն ձեռք բերել: Աշխատանքային շենքերի եւ շինությունների կառուցման եւ վերանորոգման համար ծրագրվել է 12 միլիոն դրամ:
«Հայաստանի Հանրապետության 2013թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծով նախատեսված արտակարգ իրավիճակների, ոստիկանության, ազգային անվտանգության ծառայության ֆինանսավորման հարցերը քննարկվեցին Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում:
ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պավել Սաֆարյանը, ներկայացնելով ոլորտների ֆինանսավորման ընդհանուր պատկերը, տեղեկացրեց, որ աշխատավարձի բարձրացում չի նախատեսվում, իսկ նախորդ տարվա համեմատությամբ ավել հատկացումները պայմանավորված են «Եկամտահարկի մասին» օրենքում կատարված փոփոխությամբ. պետությունը՝ որպես գործատու, այդ գումարները բյուջեով հատկացրել է, որպեսզի աշխատավարձերը չնվազեն:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Հայկարամ Մխիթարյանը, ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության պետի տեղակալ Արթուր Օսիկյանը եւ ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Ֆելիքս Ցոլակյանը ներկայացրին համապատասխան ոլորտների ֆինանսավորման ուղղությունները:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը նախատեսվում է տրամադրել 7,4 մլրդ դրամ, ինչը 18 տոկոսով գերազանցում է նախարդ տարվա ցուցանիշը:
Փրկարար ծառայությանը նախատեսվում է 5, 32 մլրդ դրամ, որից 5,23 մլրդ դրամն ուղղվելու է ընթացիկ ծախսերի, իսկ 9 մլն դրամը` ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերի ֆինանսավորմանը: Աշխատողների աշխատավարձերի, հավելավճարների եւ քաղաքացիական ծառայողների պարգեւատրումների համար նախատեսվել է 3,92 մլրդ դրամ:
ՀՀ Ոստիկանությանը նախատեսվել է հատկացնել 30,8 մլրդ դրամ, որը 20 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը: 27,7 մլրդ դրամը նախատեսվում է հասարակական կարգի պահպանության համար, որն ամբողջությամբ ուղղվելու է ընթացիկ ծախսերի ֆինանսավորմանը: Աշխատողների աշխատավարձերն ու հավելավճարները ծրագրավորվել են 22,2 մլրդ դրամի չափով, որը 2012 թվականի պետական բյուջեի համեմատությամբ աճել է 5,2 մլրդ դրամով:
Ազգային անվտանգության ծառայությանը նախատեսվում է տրամադրել 14,3 մլրդ դրամ, որից՝ 13,9 մլն դրամն ուղղվելու է ընթացիկ ծախսերի, իսկ մնացածը՝ ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերի ֆինանսավորմանը: Ծրագրված գումարները 2012 թվականի հաստատված բյուջեի համեմատությամբ աճել են 2,9 մլրդ դրամով: Աշխատողների աշխատավարձերը եւ հավելավճարները ծրագրավորվել են 9,9 մլրդ դրամի չափով, որը 2012 թվականի պետական բյուջեից ավել է նախատեսվել 2,7 մլրդ դրամով:
ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ երկրորդ նիստը, որը վերաբերում էր պաշտպանության նախարարության եւ պետական ռեզերվների ֆինանսավորմանը, դռնփակ էր:

Դիտվել է 1157 անգամ:
Print Friendly

Leave a Reply