Մի՞թե Երևանի ավագանին էլ պետք է ճանաչի Նոր Հարավային Ուելսի անկախությունը

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | October 30, 2012 13:42

Քաղաքագետ Արմեն Աղայանը ծիծաղով է վերաբերվում Ավստրալիայի հարավային Ուելս նահանգի կողմից Ղարաբաղի անկախության ճանաչման փաստին: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ինքը` քաղաքագետը:
Նա կարծում է, որ եթե մի փոքր կատակով մոտենանք հարցին, ապա կարելի է պատասխան ճանաչում կազմակերպել, ենթադրենք, Երևանի ավագանու, կամ, ասենք, Համզաչիմանի մակարդակով` ճանաչել Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի անկախությունը:
“Իսկ եթե ավելի լուրջ, ապա կարծում եմ, որ իրականում ոչ մի ճանաչում էլ միջազգային իրավունքի տեսակետից, չի եղել և չէր էլ կարող լինել”,-ասաց բանախոսը` փորձելով բացահայտել, թե ինչ ասել է Նոր Հարավային Ուելսի խորհրդարան. «Դա տեղական իշխանության մարմին է, որը բոլորովին այլ խնդիր ունի լուծելու»:
Աղայանը զարմանում է, թե ինչն է դրդել այդ նահանգի խորհրդարանին` ընդունել մի որոշում, որն իրենց խոշոր հաշվով չի վերաբերում. «Մեզ հայտնի է, որ Արևմուտքում շատ օրինականացված երևույթ է լոբբինգ անելը: Հիմա պարզ է, որ ավստրալացի պատգամավորները իրենց չվերաբերող, իրենց ընտրողների հետաքրքրությունների մեջ բացարձակապես չտեղավորվող որոշում են կայացրել»:
Ըստ քաղաքագետի` այս հարցում ավստրալացիներին շահագրգռել են Հայ դատի մարմինները. «Եվ այստեղ ես պետք է ասեմ, որ մենք գործ ունենք ոչ թե ինչ որ միջազգային գործընթացի դրսևորման հետ, այլ ընդամենը գործ ունենք Հայաստանի ներքաղաքական ինչ-որ մի հարցի հետ` կապված արցախյան խնդրի նկատմամբ տարբեր քաղաքական ուժերի վերաբերմունքի հետ, թե որ մեկը ինչպիսի մարտավարություններ է փորձում առաջարկել:

Վահե Մակարյան

Դիտվել է 1085 անգամ:
Print Friendly

Leave a Reply