ՀՀ արդարադատության նախարարը հյուրընկալեց ՌԴ նոտարական պալատի պատվիրակությանը

Պաշտոնական, Օրվա լուր | | October 27, 2012 16:17

Այսօր ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն ընդունեց աշխատանքային այցով Հայաստանում գտնվող ՌԴ նոտարական պալատի նախագահ  Մարիա Սազոնովային և պալատի մի քանի անդամների: Փորձի փոխանակման նպատակով Հայաստան ժամանած ռուսաստանյան նոտարական պալատի անդամների խնդրանքով նախարար Հրայր Թովմասյանը  ներկայացրեց  ՀՀ նոտարական համակարգում առկա խնդիրներն ու իրականացվող բարեփոխումները:

ՀՀ արդարադատության նախարարի փոխանցմամբ ՀՀ  Նախագահի կողմից հաստատված 2012-2016 թվականների իրավական և դատական բարեփոխումների ծրագրի զգալի մասը վերաբերում է  նոտարական համակարգի բարեփոխումներին, ինչը կնպաստի, որպեսզի համակարգը  լիարժեքորեն համապատասխանեցվի լատինական նոտարիատի միջազգային միության  սկզբունքներին, որին Հայաստանի Հանրապետությունը անդամակցում  է 2004 թվականից:

ՌԴ նոտարական պալատի նախագահ Մարիա Սազոնովան էլ փոխանցեց, որ իրենք էլ նմանատիպ խնդիրներ ունեն և  մշակվում են օրենսդրական լրջագույն և մեծածավալ փոփոխություններ, ինչն ակնկալվում է, որ  պետք է նպաստի  նոտարի  դերի և պատասխանատվության բարձրացմանը:

ՌԴ նոտարական պալատի նախագահի փոխանցմամբ իրենց երկրում էլ շատերի կողմից թերագնահատվում է նոտարի դերը, ստեղծվում են խոչընդոտներ, որպեսզի հնարավորինս նվազեցվի, բացառվի նոտարի մասնակցությունը տարաբնույթ գործարքների վավերացմանը: Դեռևս պահպանվում է այն թյուրընկալումը, թե նոտարը պարզապես «կնիք խփող է»:

Մտքերի փոխանակման արդյունքում հանդիպման մասնակիցները հանգեցին եզրակացության, որ համակարգի վերաբերյալ  ներկայացված խնդիրները առկա  են նախկին Խորհրդային միության գրեթե բոլոր հանրապետություններում, ուստի համագործակցության ընդլայնումն ու փորձի փոխանակման նպատակով հաճախակի հանդիպումներն ու շփումները առավելապես կնպաստեն խնդիրների լուծմանն ու նոտարական համակարգերի կարգավորմանը՝ Լատինական նոտարիատի միջազգային միության սկզբունքներին համապատասխանեցմանը:

Հանդիպմանը մասնակցում էին նաև ՀՀ նոտարական պալատի նախագահ Մամիկոն Ասլանյանը, պալատի վարչության անդամներ՝ Հասմիկ Հարությունյանը և Մարինե Մանուկյանը

Դիտվել է 911 անգամ:
Print Friendly

Leave a Reply