ՄԻԵԴ-ի վճիռներն ընդդեմ Հայաստանի կավելանա՞ն

ԻՐԱՎՈՒՆՔ, Շաբաթվա լուր | | October 31, 2012 6:37

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) մեկը մյուսի հետևից վճիռներ է կայացնում ընդդեմ Հայաստանի: Փաստաբանների պնդմամբ`պատճառը համակարգային խնդիրներն են, և  առաջիկայում վճիռներն ընդդեմ Հայաստանի ավելանալու են: Արդարադատության նախարարության պնդմամբ, սակայն, խնդիրն օրենսդրական է, իսկ օրենքները բարեփոխվում են:

Հոկտեմբերի 9-ին ՄԻԵԴ-ը  Բուզանդի փողոցի կառուցապատման հարցով երկու վճիռ կայացրեց, որոնցով ՀՀ-ն պարտավորվում է վճարել ընդհանուր 131 հազար եվրո տուգանք:

Դատարանը, քննելով  2005-ին ստացած «Թունյանը և  մյուսներն ընդդեմ Հայաստանի» և «Դանիելյանը և մյուսներն  ընդդեմ Հայաստանի» գործերը` պարզել է, որ Բուզանդի փողոցի կառուցապատման ժամանակ  բնակարաններն օտարելիս խախտվել է  բնակիչների  սեփականության իրավունքը` Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի  առաջին արձանագրության առաջին դրույթը:

Գերակա հանրային շահ ճանաչված գոտին կառուցապատող ընկերությունը ճանաչել էր բնակարանների ոչ բոլոր բնակիչների սեփականության իրավունքը:

2012-ի սկզբի տվյալներով`  ՄԻԵԴ-ը Հայաստանից ստացել էր շուրջ 800 գանգատ: Հոկտեմբերի 18-ի դրությամբ` ընդդեմ Հայաստանի կայացվել է 42 վճիռ, որից 15-ը`  2012-ին:

Ըստ այդմ` Հայաստանը պարտավորվում է վճարել ընդհանուր 440 հազար եվրո տուգանք: Պետբյուջեի միջոցներով արդեն իսկ վճարվել է 225 հազար եվրոն: Բուզանդի փողոցի կառուցապատման վերաբերյալ երկու վճիռներով էլ պետությունը 118 հազար եվրո տուգանքի վճարումը պարտավորեցրել է կառուցապատող ընկերությանը:

Արդարադատության փոխնախարար Ռուբեն Մելիքյանի կարծիքով` այս տարի վճիռների մեծ թիվը պայմանավորված է նրանով, որ 2005-2007 թթ.  փաստաբանական համակարգը հարմարվել է եվրոպական կոնվենցիային ու սկսել  որակյալ գանգատներ ներկայացնել ՄԻԵԴ:

«ՄԻԵԴ-ի վճիռների  ստվար մասը և հատկապես 2012-ին ընդունվածները պայմանավորված են  օրենսդրական բնույթի խնդիրներով, այսինքն` ունեցել ենք օրենսդրություն, որը  չի համապատասխանել  Եվրոպական  կոնվենցիային, բայց կիրառվել է»,- ասում է Մելիքյանը` հավելելով, որ կատարվել ու կատարվում են  փոփոխություններ` Եվրոպական կոնվենցիայի պահանջներին  համապատասխան օրենսդրություն ունենալու համար:

«Մեծ է  օրենսդրական բնույթի խնդիրների դերը, որն անընդհատ փորձում ենք լուծել, սակայն երբեք չենք կարող ունենալ կատարյալ վիճակ, քանի որ Եվրոպական կոնվենցիան կենդանի գործիք է, և եվրոպական դատարանն անընդհատ նոր մեկնաբանություններ է տալիս»:

Փաստաբանների կարծիքով, սակայն, խնդիրն օրենսդրությունը չէ:  Փաստաբան Լուսինե Սահակյանն ասում է, որ խնդիրն իրավակիրառ ոլորտում է. եթե նախկինում մարդկանց իրավունքները խախտելու դեպքում  պատճառը մեծ մասամբ դատավորների` Եվրոպական կոնվենցիայի չիմացությունն էր, ապա այժմ իրավիճակն այլ է.  «Դատավորների գիտելիքներն ավելացել են, ավելացել են նաև խախտումները:  Հիմա որոշում կայացնելիս դատավորը գիտի, թե կոնվենցիայի որ դրույթներն է խախտում, սակայն իմանալով հանդերձ որոշումը կայացնում է: Պատճառը համակարգային է»:

Նրա կարծիքով` առաջիկայում ավելանալու են ՄԻԵԴ-ի վճիռներն ընդդեմ Հայաստանի, քանի որ «գնալով խախտումներն ավելանում են, իսկ դրանք վերացնելու ուղղությամբ քայլեր չեն ձեռնարկվում».  «Եթե մինչ օրս փոփոխություններ  էլ կատարվել են, եղել են միայն օրենսդրական մակարդակով: Բայց ավելի կարևոր է իրավակիրառ պրակտիկան: Իրավիճակը չի փոխվում, քանի որ իրավակիրառ ոլորտում խնդիրներ ունենք»:

Փաստաբան Սեդա Սաֆարյանի կարծիքով` եթե բոլոր անարդար դատավարությունների համար ՀՀ քաղաքացիները ՄԻԵԴ դիմեին, ապա յուրաքանչյուր 3 գործից 2-ի համար գանգատ կներկայացվեր.  «Որևէ մեկին հաճելի չէ տարիներ շարունակ սպասել, մինչև եվրոպական դատարանը քննի իր գործը: Մարդիկ պատրաստ են ներսում բավարարվել իրենց խնդրի մասնակի լուծմամբ: Եվրոպական դատարան դիմում են քչերը և ծայրահեղ դեպքերում»:

Փաստաբանը նշում է, որ հայաստանյան  օրենքներն այնքան էլ վատը չեն,  բայց պետք է որ դրանք իրագործվեն. «Խնդիրը ոչ թե օրենքներն են, այլ փոփոխություններ անելու ցանկության բացակայությունը:  Ձևավորվել է դաժան ներքին պրակտիկա, որը և փոխել չեն ուզում»:

Ի տարբերություն փաստաբանների` Մելիքյանը նշում է, որ  վճիռների քանակը կանխատեսել հնարավոր չէ, քանի որ չափանիշներն են անընդհատ փոխվում. «Չգիտենք, թե հաջորդ տարի ՄԻԵԴ-ն ինչ նոր չափանիշ կունենա, նաև խնդիր ունենք այսօրվա գործող օրենսդրության հետ: Երբեմն գործող օրենսդրությունը շատ ավելի խիստ  ու բարձր պաշտպանության չափանիշներ է նախատեսում, քան պետությունը կարող է ապահովել: Այս դեպքերում չի բացառվում, որ  ունենանք եվրոպական դատարանի այլ վճիռներ»:

Մելիքյանի խոսքով` մարդկանց իրավունքների պաշտպանվածությունը կմեծանա, երբ ուժի մեջ մտնի քրեական դատավարության նոր օրենսգիրքը, որի նախագիծը պատրաստելիս հնարավորինս հաշվի են առնվել եվրոպական դատարանի չափանիշները:

Անդրադառնալով իրավակիրառության ոլորտի բարեփոխումներին` Մելիքյանը նշում է, որ օրինակ` քրեական դատավարության օրենսգրքի մասով նախատեսվելու են համապատասխան ուսուցումներ. «Բայց բնականաբար կլինեն  նաև սխալ կիրառման դեպքեր, և չենք կարող դրանից ապահովագրվել»:

Պատժե՞լ, թե՞ չպատժել դատավորներին սխալ վճիռների համար

Այս հարցում պաշտոնական և փաստաբանների կարծիքները տարբեր են: Փոխնախարարի պնդմամբ`  դատավորներին պատժելը հարցականի տակ կդնի դատական իշխանության անկախությունը. «Չենք կարող յուրաքանչյուր վճռից հետո ամբողջ մեղքը բարդել իրավակիրառ մարմինների վրա: Պատկերացնենք մի իրավիճակ,  երբ եվրոպական դատարանի յուրաքանչյուր վճռից հետո դատավորից հետգանձում պետք է կատարվի, չեմ կարծում, որ կկարողանանք ունենալ արդյունավետ և պրոֆեսիոնալ դատական համակարգ, մարդիկ պարզապես չեն ուզենա աշխատել»:

Փաստաբան Լուսինե Սահակյանի կարծիքով, սակայն, դատավորների կայացրած սխալ որոշումների պատճառն այն է, որ նման  որոշումների համար վճարում են շարքային քաղաքացիները, իսկ սխալ թույլ տված պաշտոնատար անձինք չեն պատժվում. «Եթե իմանան, որ իրենց սխալի դեպքում  որոշակի ֆինանսական պարտավորություններ կունենան, ավելի զգույշ կլինեն կամ գոնե իրենց որոշում պարտադրողին կներկայացնեն հնարավոր հետևանքները:  Հայաստանի նման երկրում, որտեղ դատավորներն անկախ չեն, հնարավոր չէ անձանց իրավական դաշտ բերել առանց գրպանին դիպչելու»:

Նշենք, որ Հայաստանն ու հարևան երկրները ՄԻԵԴ-ի վճիռների քանակով գրեթե հավասար են: 1999-ից ԵԽ-ին անդամակցող Վրաստանի դեմ մինչ օրս կայացվել է 49 վճիռ, իսկ 2001-ից ԵԽ անդամ Ադրբեջանի դեմ` 59 վճիռ, Հայաստանի դեմ` 42:

Դիտվել է 1915 անգամ:
Print Friendly

Leave a Reply