Իրավական կարուսել. իսկ դատավորների՞ն ով է դատում

ԻՐԱՎՈՒՆՔ, Շաբաթվա լուր | | October 20, 2012 7:07

«Արդարադատության համակարգի արդյունավետությունը չի կարող և չպետք է կախված լինի կոնկրետ անձանցից կամ այդ անձանց թերի ու անբարեխիղճ աշխատանքից: Մենք ունենք հստակ ուղենիշ` իրավունքի գերակայության և արդարության արմատավորում մեր հասարակական կյանքի բոլոր ոլորտներում: Վստահ եմ, որ այս ճանապարհին եղած յուրաքանչյուր խոչընդոտ հաղթահարելու ենք, և որևէ անտարբերություն կամ ձախողման արդարացում չենք ընդունելու: Ժամանակն է վերջնականապես հասկանալու, որ այս գործընթացը հետադարձ չունի, և դրան պետք է միայն համընթաց գնալ: Ավելի պարզ ասեմ. ովքեր համընթաց չգնացին, նրանք ապագա չունեն»:

Սա մի հատված է սեպտեմբերի 28-ին ՀՀ դատաիրավական համակարգի ներկայացուցիչների հետ նախագահ Սերժ Սարգսյանի հրավիրած խորհրդակցության ժամանակ   նրա  ելույթից: Նման մի խորհրդակցություն տեղի էր ունեցել նաև մի տարի առաջ, և այն ժամանակ էլ հերթական անգամ երևի մեր հասարակությունը ոգևորվել էր` մտածելով, որ շուտով սայլը տեղից շարժվելու է: Հիմա կասկած չունենք, որ մի տարի հետո էլ այսպիսի խորհրդակցություն կհրավիրվի և կընթանա նույն անկեղծ վրդովմունքով, նույն ոգևորությամբ ու հռետորաբանությամբ:

Նման խորհրդակցություններ ավելի մեծ հաճախականությամբ հրավիրում են երկրի իրավապաշտպանները ու հանգերգի պես կրկնում, թե մեր քաղաքացիներն իրենց իրավունքները պաշտպանելու համար դատարան չեն դիմում, և դա գալիս է, իբր, նրանց ցածր իրավագիտակցությունից, քանի որ չեն պատկերացնում, որ իրավունքների վերականգնման միակ միջոցը դատարանն է:

Խեղճ քաղաքացիներ: Նրանք, ովքեր իրավունքի, հատկապես` սեփականության իրավունքի հետ կապված խնդիր են ունեցել և դիմել են դատարան, մեղք կլինի ասել, թե ցածր իրավագիտակցություն ունեն: Ավելին` համարյա երկրորդ մասնագիտություն են ձեռք բերում, տասնյակ դատավարությունների են մասնակցում, օրենքներ սերտում և փաստաթղթերի ու հայցադիմումների հաստ թղթապանակները թևի տակ դեսուդեն գնում: Եվ տառապանքի փորձից է հավանաբար, որ «իրավապահ» և «արդարադատություն» եզրույթները քամահրական ժպիտով են օգտագործում` ակնարկելով, որ մեր երկրում  տվյալ մարմինները ո՛չ մեր իրավունքներն են պահպանում, ո՛չ էլ արդար դատում: Եվ նրանք են հավանաբար «իրավական կարուսել» նորաստեղծ եզրույթի հեղինակը, որովհետև տարիներ շարունակ մի դատարանից մյուսին անցնելով` լավ գիտեն դրա գինը: Բավական է, որ մի վեճ ունենան ու դիմեն դատարան, առաջին ատյանի դատարանում մի կողմն է հաղթում, վերաքննիչում, նույն փաստական ու օրենսդրական հիմքերով, մյուս կողմը, վճռաբեկն էլ գործը կրկին առաջին ատյան է ուղարկում, և ամեն ինչ վերադառնում է ի շրջանս յուր:

Իսկ վերոհիշյալ խորհրդակցության ժամանակ երկրի նախագահը վրդովված խոսում է դատավարությունների արհեստական ձգձգման, ոչ ողջամիտ ժամկետներում քննությունների և դատարանների խիստ ծանրաբեռնվածության մասին` մոռանալով հիշատակել այդ ձգձգումների ու ծանրաբեռնվածության գլխավոր սուբյեկտիվ պատճառներից մեկը, այն, որ մի գործը մեզանում նույն դատարաններում քննվում է մի քանի անգամ, տարիներ շարունակ:

Երբ մեր խմբագրության վերջին այցելուներից մեկին` Լյովա Բեջանյանին, որ իրավական կարուսելի հերթական զոհերից է, հարցրինք, թե քանի դատավարություն է տեղի ունեցել իր գործի կապակցությամբ, շատ խոսուն ու բազմանշանակ պատասխանեց`օ~:  Բավական է ասել, որ մարդն այդ կարուսելը «նստել» է 2005 թվականին:

Ընթերցողին չխճճելու համար նրա թղթապանակից  մեջտեղ չենք բերում իր ապացույցները հաստատող փաստաթղթերը և  փաստաբանների ծավալուն մեկնաբանությունները, որոնցում նրանք համապատասխան օրենքների հղումներ են անում` ապացուցելու  իրենց պաշտպանյալի իրավունքի վերականգնման անհրաժեշտությունը: Ներկայացնում ենք այս գործի համառոտ բովանդակությունը:

Տավուշի մարզի Արճիս համայնքի տարածքում դեռ 1987-ից կազմավորվել է Նոյեմբերյանի «Միջտնտշին» ձեռնարկությունը, որը հետագայում դարձել է նույնանուն ՓԲԸ: Մինչև 1990 թ. կառուցվել են շինություններ, որոնք հայտնի պատճառներով մնացել են անավարտ: 2003 թ. ապրիլին ՀՀ կառավարության որոշմամբ  պետական գույքի կառավարման վարչությանը հանձնարարվել է ապահովել ձեռնարկության լուծարումը: Սակայն մինչ այդ` 2002 թ. մայիսին ՓԲԻ-ի տնօրեն Ռ. Գիշյանի և Լ. Բեջանյանի միջև գրավոր պայմանագիր է կնքվել, որով 5 տարի ժամկետով, վարձակալության հիմունքներով Լ. Բեջանյանին է տրամադրվել 500 քմ տարածք` հետագայում ՓԲԸ-ի լուծարվելու դեպքում գնման նախապատվության իրավունքով: Այդ վարձակալված տարածքում Լ. Բեջանյանը սարքավորումներ է տեղադրել (հաստոցներ, սղոցարաններ և այլն), քարի մշակման արտադրամաս հիմնել, որը գործում է մինչ օրս:

Լ. Բեջանյանը կատարել է պայմանագրի պայմանները և բազմիցս դիմել Ռ. Գիշյանին, որպեսզի պայմանագիրը նոտարական վավերացում ստանա, սակայն Գիշյանը անընդհատ հետաձգել է դա: Այնուհետև Ռ.Գիշյանը խոստացել է վարձակալված տարածքը ընկերության կողմից սեփականության իրավունքով փոխանցել Լ. Բեջանյանին և դրա դիմաց ստացել է կանխավճար` 500 ԱՄՆ դոլար` փաստաթղթերը ձևակերպելուց հետո ևս 1000 դոլար ստանալու պայմանով:

2003 թ. «Միջտնտշին» ՓԲԸ-ն լուծարվել է, և Ռ. Գիշյանը նշանակվել է հավատարմագրային կառավարիչ: 2003 թ. կատարվել է համապատասխան գույքագրում, որի ակտում ամրագրվել է 24մ x 56մ մակերեսով անավարտ շինություն, մինչդեռ  իրական տարածքն ունեցել է 24մ x 72մ մակերես: Փաստորեն մնացած մասը չի ընդգրկվել ընդհանուր տարածքի մեջ, քանի որ այն ոչ թե ընդհանուր աճուրդի կարգով,  այլ ուղղակի պետք է վաճառվեր Լ. Բեջանյանին:

2005 թ. անավարտ շինությունը աճուրդային կարգով վաճառվել է Լուսինե Գիշյանին (Ռ. Գիշյանի դստերը): Սակայն ո՛չ աճուրդի վերաբերյալ արձանագրության մեջ, ո՛չ առուվաճառքի պայմանագրում վաճառվող անշարժ գույքի մակերեսը չի նշվել: Այնինչ, երբ կատարվել է իրավունքների պետական գրանցում, անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Նոյեմբերյանի տարածքային ստորաբաժանումում  Լ. Գիշյանին տվել են սեփականության իրավունքի վկայական 1728 քմ տարածքի համար, այսինքն` ոչ թե գույքագրված, աճուրդի հանված և վաճառված 24մ x 56մ-ի, այլ Լ. Բեջանյանի վարձակալած, չգույքագրված և չվաճառված տարածքը ներառյալ: Այն էլ նշենք, որ աճուրդից հետո բոլոր գործողությունները կատարվել են Արմեն Յարալյանի կողմից` որպես լիազորված անձի, քանի որ Լուսինե Գիշյանը նրան նման լիազորագիր է տվել: Նույն թավականին խնդրո առարկա տարածքը Արմեն Յարալյանը վաճառել է Գեղամ Յարալյանին:

Հենց այս ժամանակվանից էլ սկսվում է Լ.Բեջանյանի դատավարական ոդիսականը: Արդեն քանի տարի  քանի դատարաններում նա փորձում է ապացուցել, որ օրենքի խախտումներով տարածք է գրպանվել,  ինչի հետևանքով ինքը զրկվել է այն օրինական ճանապարհով ձեռք բերելու հնարավորությունից:

Ամենահետաքրքրականն այն է, որ երբ Լ. Բեջանյանը դիմել է Տավուշի մարզի դատախազին` ներկայացնելով գործի հետ կապված բոլոր հանգամանքները և փաստաթղթերը, օրենքի պահանջները, կետ առ կետ նշել, թե աճուրդի, առուվաճառքի և իրավունքների պետական գրանցման ժամանակ ինչպիսի կոպիտ խախտումներ են կատարվել, ընդհուպ` ստորագրության կեղծումը, որպեսզի գործ հարուցվի և հիշյալ աճուրդով առուվաճառքն անվավեր ճանաչվի, դատախազը մերժել է գործի հարուցումը:

Բազմաթիվ դատավարություններից  (Տավուշի առաջին ատյանի և վերաքննիչ) հետո հաղթել է հենց օրենքը խախտող կողմը: Ստացվում է, որ այսօրվա մեր իրավապահների բռնած ուղուն հենց նա է համընթաց քայլում, նա, որ հիշալ վիճելի տարածքը ձեռք է բերել մեքենայություններով` փոշիացնելու, քանդելու և մաս-մաս վաճառելու համար, ինչպես ժամանակին վարվել է Նոյեմբերյանի երբեմնի պանրագործարանի հետ, որի հետքն անգամ այսօր չկա:

Իսկ Լ. Բեջանյանը, որ բարեխղճորեն տնօրինել է տարածքը, պահպանել այն քայքայումից, այդտեղ արտադրություն  հիմնել` բարիք ստեղծելու նպատակով, այժմ դառնացած հետևում է, թե ինչպես են ԴԱՀԿ-ի աշխատակիցներն այն քանդում: Քանդում են, ու քանդող տեխնիկայի ամեն մի հարվածի հետ քանդվում է ևս մի հայ ընտանիքի հավատը` ամրապնդելով այն համոզմունքը, որ այս երկրում աշխատավոր, օրինավոր մարդը տեղ չունի, որ իշխանությունների բոլոր խոստումներն ու հավաստիացումները իրավունքի գերակայության մասին սոսկ դատարկ զնգոցի արժեք ունեն:

Դիտվել է 1484 անգամ:
Print Friendly

Leave a Reply