Գոնե ասեք` քրեա-քաղաքական հարց

Շաբաթվա լուր, ՔԱՂԱՔԱԿԱՆ | | October 19, 2012 7:00

Մի հետաքրքիր երևույթ գրանցվեց ՀՀ նախկին արտգործնախարար, ներկայիս ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանի դեմ փողերի լվացման մեղադրանքով քրեական գործ հարուցելիս և դրանից հետո: Ամենևին էլ մտադրություն չունենք քննել այդ գործի հետ կապված կարծիքներն ու դիրքորոշումները. մարդիկ այս մեկ ամսվա ընթացքում հասցրել են մի լավ հոգնել այդ թեմայից: Հետաքրքիրն այստեղ այլ բան է. Հայաստանում շատ քաղաքական ուժեր, գործիչներ, հասարակական ուժեր շտապեցին աղաղակել, թե այս որոշումը, հատկապես` Վարդան Օսկանյանին պատգամավորական մանդատի ընձեռած անձեռնմխելիությունից զրկելը քաղաքական ենթատեքստ ունի: Մնացածը ևս չենք ուզում վերստին հիշել ու հիշատակել:

Չնայած դեմ չենք անմեղության կանխավարկածի ինստիտուտին, բայց ուղղակի զարմանալի է, թե ինչքան պետք է հասարակությունը չվստահի սեփական երկրի իրավապահ և արդարադատության մարմիններին, որ շատ պարզ քրեական մեղադրանքի մասին, բացի քաղաքական ենթատեքստից, այլ երես-աստառ չփորձի էլ մոտեցնել անգամ: Բայց նույնիսկ հարցը սա չէ, քանի որ այդ բացը լրացնում է ՀՀԿ-ն` բոլոր հնարավոր և անհնար միջոցներով աղաղակելով, թե այստեղ ոչ մի քաղաքական նրբերանգ գոյություն չունի, այլ հարցը միայն քրեական է:

Այ հենց այստեղ սկսվում է ամենահետաքրքիրը: Ինչո՞ւ. որովհետև ՀՀԿ-ում կա՛մ միամիտներ են, կա՛մ մարդիկ, որոնք ամեն կերպ փորձում են ապացուցել, թե քաղաքական ենթատեքստ չկա այս հարցում: Որովհետև մի հարց, որը վերաբերում է երկրիդ վերջին համապետական ընտրություններում  երկրորդ արդյունքը գրանցած քաղաքական ուժի ներկայացուցչին, որն այդ քաղաքական ուժի ամենավերջին անդամներից չէ, այլ նույնիսկ կարելի է ասել` երկրորդն է կուսակցության ղեկավարից հետո, չէր կարող քաղաքական չլինել: Չէր կարող քաղաքական չլինել հենց այն պատճառով, որ մեղադրյալը ոչ ավելի, ոչ պակաս երկրի ամենաքաղաքական մարմնում է «աշխատում»` ԱԺ-ում, որտեղ քաղաքական ուժերը, խմբակցությունները և քաղաքական գործունեություն ծավալող անհատ գործիչները պետք է քաղաքական որոշում կայացնեին`  առնվազն պատգամավորին պատգամավորական իմունիտետից զրկելու վերաբերյալ քվեարկությանը մասնակցելու համար:

Այսինքն` ի սկզբանե պարզ էր, որ հարցը չէր կարող չքննարկվել քաղաքական հարթությունում: Ու այդ դեպքում թե ինչո՞ւ են Հայաստանի Հանրապետություն կոչվող երկրում քաղաքական մեծամասնություն ներկայացող կուսակցության տարբեր տեսակի ու տրամաչափի չինովնիկները փորձում «քաղաքական ենթատեքստ չհաղորդել» իրողությանը, ինչպես, օրինակ` այդ կուսակցության մամուլի խոսնակը, որը նաև ԱԺ փոխնախագահն է, տարբեր պատգամավորներ, որ ՀՀԿ խմբակցության անդամներ են և այլն, և այլն, ուղղակի կա՛մ միամտություն է թվում, կա՛մ նրանք չեն հասկանում, թե ինչ են խոսում:

Առավել ևս, որ Վարդան Օսկանյանը եղել է նախկին արտգործնախարար, տարբեր միջազգային հարթակներում հանդես է եկել որպես Հայաստանի ներկայացուցիչ և Հայաստանի անունից նստել տարբեր բանակցային սեղանների շուրջ` միջազգային հանրությանը հետաքրքրող հարցերի քննարկման համար: Եվ այս դեպքում էլ հարցն արդեն ոչ թե զուտ քաղաքական, այլ միջազգային քաղաքական դաշտում է: Դա ևս ի սկզբանե պարզ էր: Հակառակ դեպքում «Սիվիլիթաս» հիմնադրամ չէին այցելի և իրենց կարծիքներն ու մտահոգությունն չէին արտահայտի Միացյալ Նահանգների, Շվեյցարիայի, Եվրոպական Միության երկրների` Ֆրանսիայի, Միացյալ Թագավորության, Գերմանիայի, Իտալիայի և Ռումինիայի դեսպանները:

Ավելին` Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) Հայաստանի հարցով համազեկուցող Ակսել Ֆիշերը մտահոգություն է հայտնել ՀՀ նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու և նրան «վիճելի քրեական մեղադրանքներ» առաջադրելու առիթով: «Սա խորը մտահոգություն է առաջացնում հատկապես այն պնդումների լույսի ներքո, թե մեղադրանքն առաջադրելու գործում դեր են խաղացել քաղաքական շարժառիթները: Այս մեղադրանքները կարող են նահանջ նշանակել քաղաքական կարգավորմանն ուղղված այն դրական միտումներից, որոնք նկատում էինք Հայաստանում մեկուկես տարվա ընթացքում: Ես նամակ եմ ուղարկել ՀՀ Ազգային ժողովի նախագահին` խնդրելով նրան հստակեցնել մեղադրանքները, ինչպես նաև` Օսկանյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու ԱԺ որոշման հիմնավորումները»,- հայտարարել է Ակսել Ֆիշերը:

ԵԽԽՎ Մոնիթորինգի հանձնաժողովում Հայաստանի հարցով նախկին համազեկուցող Ջոն Պրեսկոտն էլ է, ըստ zham.am-ի տեղեկությունների, պատրաստակամություն հայտնել ստորագրել հայտարարության ներքո, սակայն, քանի որ նա պաշտոնապես այլևս Հայաստանի հարցերով համազեկուցող չէ, նրա ստորագրությունն առկա չէ հայտարարության տեքստի ներքո:

Ի լրումն` Հայաստանում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնն էլ կարծիք է հայտնել, թե «Վարդան Օսկանյանին մեղադրանք ներկայացնելը վատ է Հայաստանի արդարադատության ու ժողովրդավարության տեսանկյունից»: Իր տարածած հայտարարության մեջ նա նշում է. «Ինչպես նախկինում արդեն ասել եմ, այս գործը, կարծես, ներկայանում է որպես Հայաստանի օրենսդրության ընտրովի կիրառում: Ավելին, անհանգստացնող է, որ այս դեպքերը տեղի են ունենում ընտրություններին նախընթաց: Մենք կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին կատարել իրենց հանձնառությունները` համակարգված, արդարացի ու թափանցիկ կերպով օրենքի գերակայությունն ապահովելու հարցում»:

Այս հայտարարություններն ու զեկույցները հայաստանյան գործիչների, վերլուծաբանների և տեսաբանների կողմից բազմիցս արդեն բնորոշվել են որպես աշխարհի գլխավոր խաղացողների «ապտակ» Հայաստանին: Այնպես որ հասցրեցինք մի լավ խայտառակ լինել նաև միջազգային քաղաքական ասպարեզում:

Բայց ՀՀԿ-ականների պնդումները չեն դադարում: Նրանք դեռ չեն փորձում փոխել իրենց բնորոշումը և ուղղակի համաձայնել, որ եթե անգամ այս պատմության ամենասկզբում հարցը քաղաքական էլ չէր, ապա այժմ այն Հայաստանի քաղաքական օրակարգի ամենաքաղաքական հարցերից է, էլ չխոսենք աշխարհաքաղաքականի մասին: Իսկ եթե քաղաքական մեծամասնության ներկայացուցիչների մեջ այս «ժխտման մղումն» արդեն դարձել է համախտանիշ, ապա այն հարկավոր է շատ արագ վերացնել, քանի որ դա մատնանշում է մոտալուտ ու շատ խորը քաղաքական, հետևաբար նաև ածանցյալ մյուս բոլոր ոլորտների ճգնաժամ: Որպես կոմպրոմիսային տարբերակ` կարելի է կիրառել նաև «քրեա-քաղաքական հարց» տերմինը` բոլոր կողմերն էլ գոհ կմնան, ու ոչ ոքի չի թվա, թե իրեն հիմարի տեղ են դնում:

 

Դիտվել է 1475 անգամ:
Print Friendly

Leave a Reply