Հանրային խորհուրդը ներկայացրեց հեռուստաեթերի նոր քաղաքականության վերաբերյալ առաջարկների նախագիծ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Շաբաթվա լուր | | October 8, 2012 21:59

«Աշխարհում այսօր երբեմն կռվում են տանկերով, սակայն հիմնականում կռվում են մամուլով, հեռուստատեսությամբ և ինտերնետով, ուստի շատ վտանգավոր կլինի, եթե մենք անվերահսկելի թողնենք այդ գլխավոր ոլորտները՝ թույլ տալով, որ դրսից միջամտություն լինի մեր ժողովրդի վրա»,-հոկտեմբերի 8-ին հեռուստաեթերի հարցի քննարկմանը, որին մասնակցում էին Հանրային խորհրդի անդամներ, մտավորականներ, հեռուստաընկերությունների, Ազգային ժողովի, Կառավարության, ՀՌԱՀ-ի, հասարակական կազմակերպությունների և այլ կառույցների ներկայացուցիչներ, ասաց Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը:

Նրա խոսքով, հեռուստատեսությունը պետք է առաջ տանի որոշակի գաղափարախոսություն և փիլիսոփայություն, որն ընդունված է ամբողջ աշխարհում. «Սակայն մյուս կողմից՝ հեռուստաընկերությունը բիզնես է, և տիրոջի համար՝ փող աշխատելու միջոց, որն էլ հաճախ ավերում է այն դրականը, որ պետք է տա հեռուստատեսությունը»,-ասաց նա:

Հայտնի է, որ մարդիկ՝ անկախ ազգությունից, երկրի զարգացվածության մակարդակից, ավելի շատ սիրում են դիտել բռնություն, էրոտիկա և այլ: Ըստ Մանուկյանի, դա մարդու էությունն է, ուստի նորմալ երկրներում այդ ամենը սահմանափակվում է պետականորեն: «Այլ բան է, որ այդ սահմանափակումը պետք է լինի շատ զգույշ, որպեսզի այլ ծայրահեղության մեջ չընկնենք՝ խոսքի ազատության, մարդու արտահայտվելու ազատության ոտնահարման առումով»:

Մանուկյանը համեմատում է. «Եթե կոշիկի արտադրության մրցակցության ժամանակ կոշիկի գինը նվազում է, որակն էլ՝ բարձրանում, ապա հեռուստաընկերությունների գովազդների մրցակցությունը բերում է նրան, որ սկսում են ծառայել մարդկային ամենացածր բնազդներին հագուրդ տալուն»:

Այս ամենի դեմ պայքարելու և հեռուստատեսությունն օրենքով սահմանված իր գործառույթների կատարմանը ծառայեցնելու նպատակով Հանրային խորհուրդը հայկական հեռուստաեթերի բարեփոխման վերաբերյալ առաջարկների նախագիծ է մշակել: Օրինակ, Հանրային հեռուստաընկերության կարգավիճակն ու ու հանրության շրջանում դրա բացառիկ դերը կարևորելով՝ Հանրային խորհուրդը նախ և առաջ ցանկանում է հստակեցնել Հանրայինի նպատակները. դրանք պետք է համապատասխանեցվեն այն խնդիրներին, որոնք նշված են Հեռուստատեսության և ռադիոյի մասին ՀՀ օրենքում՝ էապես ավելացնել գիտական, մշակութային, կրթական, ճանաչողական, պատմական ազգային, հոգևոր և դաստիարակչական հաղորդումների, ֆիլմերի և հեռուստասերիալների արտադրությունն ու ցուցադրությունը, սահմանափակել առևտրային գովազդի ծավալները և սոցիալական գովազդը դարձնել Հանրային հեռուստատեսության գովազդային քաղաքականության առանցքը և այլն:

Մյուս կարևոր խնդիրը չափորոշիչների սահմանումն է: Օրենքում հստակ նշված են չափորոշիչներ, սակայն դրանք սահմանված չեն: Հանրային խորհուրդն առաջարկում է Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովին կից ստեղծել համապատասխան հանձնախումբ՝ այդ չափորոշիչների գնահատման մեթոդաբանության մշակման և Ազգային ժողով ներկայացնելու համար:

Հանրային խորհուրդը նաև գտնում է, որ պետական գերատեսչությունները պետք է հանդես գան հեռուստաարտադրանքի ստեղծման նախաձեռնություններով՝ դրանք իրականացնելով պեատվերների և մրցույթների ձևով:

Անհրաժեշտ են լրացումներ կատարել ՀՀ վարչական օրենսգրքում. այնտեղ բացակայում են այն դրույթները, որոնք թույլ կտան կիրառել օրենքի խախտման դեպքում նախատեսված պատիժը: «Պետք է լինի տնտեսական-ֆինանսական պատիժների մեծ սանդղակ, իսկ լիցենզիայից զրկումը՝ տեղի ունենա միայն ամենածայրահեղ դեպքում»,-կարծում է Մանուկյանը:

Հանրային խորհուրդն առաջարկում է նաև ձևավորել հեռուստաարտադրանքի ազգային մրցանակաբաշխության ինստիտուտ և այդ նպատակով ստեղծել համապատասխան հանձնաժողով, մրցանակային ֆոնդ և այլն:

Հեռուստաեթերի որակի մշտադիտարկման և հեռուստաընկերությունների գործունեության ինքնակարգավորման խնդիրների իրականացման նպատակով Հանրային խորհուրդը 2010թ. «ՀՀ հեռուստառադիոհեռարձակողների գործունեության էթիկական սկզբունքների խարտիան» ստորագրած հեռուստաընկերություններին առաջարկում է ստեղծել մշտադիտարկման կառույց՝ խարտիայի սկզբունքների պահպանման գործընթացի համատեղ քննարկման և վերահսկման համար՝ սկզբունքները դարձնելով հանրային քննարկման առարկա:

Առաջարկվում է նաև ուսումնասիրել Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի լիազորություններն ընդլայնելու հարցը, ինչպես նաև հանձնաժողովին կից ձևավորել մոնիտորինգային կառույց և այդ գործառույթը մրցութային կարգով որոշակի ՀԿ-ների կամ հետազոտական կենտրոնների պատվիրել:

Առաջարկներից մեկն էլ վերաբերում է հեռուստաընկերությունների տիպային կառուցվածք մշակելուն, որտեղ պարտադիր բաղադրիչներից մեկը կլինի խմբագրական, ներքին վերահսկողության և փորձաքննության գործառույթներ իրականացղնող մարմինը՝ նպատակ ունենալով բարձրացնել հեռուստատեսության լեզվական, բովանդակային, ինչպես նաև գեղարվեստական ու բարոյական արժեքները: «Կարևոր է նաև այն, որ հեռուստաընկերությունները գիտակցեն ինքնակարգավորման սկզբունքը, քանի որ կան բաներ, որ միայն իրենք իրենց ներսում կարող են իրականացնել»,-ընդգծեց Մանուկյանը:

ԳԱԱ Փորձաքննության ազգային բյուրոյի տնօրեն Արտաշես Ջավադյանը ներկայացրեց հեռուստաեթերում իրենց կատարած փորձագիտական հետազոտությունների և վերլուծությունների արդյունքները՝ հայտարարելով. «Մեր հեռուստաարտադրանքի զգալի մասը պարունակում է քրեաբանական ռիսկեր»:

Նա ասաց, որ քննարկմանը եկել են գրավոր առաջարկներով, որոնք բխում են այդ հետազոտությունների արդյունքներից: Առաջարկեց նաև օգտագործել իրենց ռեսուրսները՝ որպես փորձագիտական և վերլուծական հետազոտություններ իրականացնող լրջագույն կառույցներից մեկը հանրապետությունում՝ բացահայտելու և կանխելու այդ ռիսկերը:

Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամ Ստեփան Զաքարյանը, փորձելով պաշտպանել Հ1-ը, հարց բարձրացրեց. «Արդյո՞ք Հանրային հեռուստաընկերությունը պետք է վարկանիշի մասին մտածի, թե ոչ»: Ըստ նրա, եթե մենք ուզում ենք, որպեսզի Հ1-ը լինի արդյունավետ, քարոզի ազգային գաղափարախոսություն, ապա նախ և առաջ պետք է ունենա բարձր վարկանիշ. «Վարկանիշը միայն գովազդ և փող չէ,-ասաց նա,-մենք պիտի ձգտենք, որ Հանրայինը շատ դիտեն: Իհարկե իդեալականն այն է, որ և՛ շատ դիտեն, և՛ որակով լինի, բայց դա բարդ խնդիր է»:

Զաքարյանը կարծում է, որ Հանրայինը պետք է լինի առաջամարտիկը, սակայն չպետք է նմանվի «Շողակաթ»-ին. «Մեզ երկու «Շողակաթ» պետք չէ»,-ամփոփեց նա:

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն էլ կարծիք հայտնեց, որ եթե այսօրվա հեռուստաընկերությունները լրջորեն ուսումանասիրվեն, ապա մեծ մասը կզրկվի հեռարձակման իրավունքից: «ԱԺ համապատասխան հանձնաժողովում պետք է հարցը դրվի քննարկման»,-տեղեկացրեց նա:

Ռուբեն Հակոբյանը խիստ բացասական է համարում այսօրվա կուսակցական եթերը. «Լավ օրից չէ դա,-կարծում է նա,-իշխանական քարոզչությունը մենաշնորհ ունի մեր երկրում և թույլ չի տալիս ապահովել մրցակցային հնարավորություն, ուստի ով հնարավորություն ունի, իր սեփական հեռուստաընկերությունն է բացում»:

Պատգամավորը նաև հայտնեց, որ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի հանձնաժողովը պատրաստ է Հանրային խորհրդի հետ քննարկել ներկայացված առաջարկները:

ՀՌԱՀ նախագահ Գրիգոր Ամալյանն իր ելույթի ժամանակ նշեց, որ իրավական առումով հանրությունը կարող է պահանջներ ներկայացնել ոչ միայն Հանրային հեռուստաընկերությանը, այլև մասնավորներին, քանի որ ցանկացած հեռուստաընկերություն օգտագործում է հանրային սահմանափակ ռեսուրս՝ կապուղի և հաճախականություն: «Որտեղի՞ց են ծագել այս բոլոր խնդիրները»,-հարց է տալիս նա:

Լավագույնս ծանոթ լինելով եվրոպական բազմաթիվ երկրների օրենսդրություններին՝ Ամալյանը մեր օրենսդրության մեջ մի կարևոր բացթողում է նկատում, որն էլ, ըստ նրա, հանգեցրել է այսօրվա իրողությանը. «Եվրոպական շատ երկրների օրենքների հենց առաջին մասում կա մի հոդված, որը վերաբերւոմ է օրենքի նպատակին: Ցավոք, ժամանակին, երբ մշակվել և ընդունվել է մեր օրենսդրությունը, գործել է «շառից հեռու մնալու» տարբերակը, և չեն նշվել օրենքի նպատակները»:

Նա առաջարկեց առաջարկների փաթեթի մեջ ներառել այդ կետը: Փոխարենը, ըստ Ամալյանի, մեր օրենսդրության մեջ կա հակառակ ծայրահեղ մոտեցումը՝ բացառիկ խմբագրական ազատությունների սկզբունքը:

Առաջարկների նախագծին կարևոր ավելացումներ արեցին նաև ՀՀ նախագահին նամակով դիմելու նախաձեռնության ակտիվիստներ Վահրամ Միրաքյան, Պավելը Սարգսյան և Զաքարը Խոջաբաղյանը՝  փաստաթուղթն ընդհանուր առմամբ գնահատելով դրական:

Չնայած որ քննարկման ժամանակ նախապես կոչ արվեց խոսել ոչ թե խնդիրներից, այլ հանդես գալ կոնկրետ առաջարկներով, սակայն դա ներկաներից շատերին չխանգարեց մեկ անգամ ևս բարձրախոսն ու լեփլեցուն դահլիճն օգտագործել դատափետելու հեռուստաեթերի այսօրվա «այլանդակ դեմքն ու ոչ պրոֆեսիոնալ ղեկավարներին»:

Հայաստանի ազգային հեռուստաընկերությունում երեսուն տարվա փորձ ունեցող նախին աշխատակցուհի, հաղորդավար Մարգարիտա Թախտաջյանը հիշեց այն ժամանակները, երբ Ազգային հեռուստատեսությունը ողջ սովետում երկրորդն էր Մոսկվայի կենտրոնական հեռուստատեսությունից հետո: Հիշեց նաև, թե Կիևում ինչպես էին զարմացել, երբ իմացել էին, որ Խորհրդային միության պայմաններում Հայաստանն ազգային հեռուստատեսություն ունի. «Սակայն 90-ականներին եկան մարդիկ, ովքեր ոչ մի կապ չունեին հեռուստաընկերությունների հետ, իսկ պրոֆեսիոնալները հեռացվեցին աշխատանքից, սկսվեց նաև խմբագրությունների ջախջախումը: Գրավեցին մեր շենքը, մեր հիանալի պավիլիոնները, մեր տեխնիկական հնարավորությունները, մեր հարուստ ֆոնդերը, որոնցով այսօր ոչ ոք չի զբաղվում: Հրեշը նստել է ազգային հարստության վրա և չի թողնում, որ ազգն օգտվի այդ հարստությունից»,-ասաց նա:

Այնուհետև Մարգարիտա Թախտաջյանն անցավ գործնական առաջարկության՝ մոնիթորինգի ենթարկել Հանրային հեռուստաընկերությունը և տալ համապատասխան գնահատական:

ԲՈՀ-ի փոխնախագահ Լիլիթ Արզումանյանն էլ հարց բարձրացրեց. «Ինչո՞ւ այսօր մեր ազգային հերոսները հեռուստաեթերում ոչ թե եռաբլուրում պառկած տղաներն են, այլ գողական ճշտով գողերը: Եթե մենք պետություն ենք, ապա պետք է ունենանք գաղափարախոսություն: Եթե ունենք գաղափարախոսություն, ապա ինչո՞ւ չենք օգտագործում հեռուստատեսության պես հզոր զենքը այդ գաղափարախոսությունը ազգին հասցնելու համար»:

ԵՊՀ պատմության ֆակուկտետի մի երիտասարդ ասպիրանտ էլ ելույթ ունենալով երիտասարդւության անունից, հայտարարեց, որ եթե հեռուստաընկերություններն այս ոգով շարունակեն, ապա 5-6 տարի հետո այլևս ակտուալ չեն լինի և չեն կարողանա մրցել համացանցի հետ: «Այսօր համացանցն ավելի հանրային է, քան Հանրային հեռուստաընկերությունը»,-ասաց նա:

Նա նաև հանցավորություն համարեց հեռուստաեթերում ազգային հերոսներին ծաղրուծանակի ենթարկելու ու նրանց հերոսի պատվանդանից ցած նետելու հեռուստաընկերությունների վարգագիծը. «Ազգային հերոսներին մեջտեղից հանում են, տեղն առաջարկում իրենց հերոսներին՝ հանցագործներին»:

Ամփոփելով քննարկումը՝ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը հայտնեց, որ այն բոլոր առաջարկները, որոնք հնչեցին, կներառվեն առաջարկների փաթեթում:

Մանուկյանը լիահույս է, որ փաստաթղթում ներկայացված առաջարկների մեծ մասը հնարավոր է իրականացնել, քանի որ բարեփոխումներ իրականացնելու բավականին բարենպաստ ժամանակաշրջան է՝ մի կողմից հասարակության շահագրգռվածությունն է մեծ, մյուս կողմից՝ իշխանությունները պատրաստ են հաշվի առնել այդ շահը:

Հիշեցնենք, որ մայիսի վերջին մի խումբ մտավորականներ հեռուստաեթերի մաքրման պահանջով դիմել էին Հանրապետության նախագահին, որն էլ համակարծիք լինելով բարձրացված խնդիրների հետ, հանձնարարել էր Հանրային խորհրդին զբաղվել հեռուստաեթերի նոր քաղաքականության մշակման հարցով և հանրային քննարկումների արդյունքում հանդես գալ բարեփոխումների հստակ առաջարկներով:

Առաջարկների նախագիծը պատրաստ է և առաջիկա օրերին այն կքննարկվի նաև Հանրապետության ղեկավարի հետ: Սակայն ինչպես նշեց Վազգեն Մանուկյանը, քննարկումները կշարունակվեն:

Դիտվել է 1741 անգամ:
Print Friendly

Leave a Reply