Սպանության երեք վարկած. ինչո՞ւ է հայրը սպանել դստերը

ՄԱՐԴԻԿ, Շաբաթվա լուր | | March 2, 2010 11:25

21-ամյա Մանուշակը մասնագիտությամբ մանկավարժ էր և ուզում էր անպայման աշխատել իր մասնագիտությամբ

«Համեստ, թասիբով ու պատվով մարդ է, միայն թե խմելու հետ մի քիչ սեր ունի»: «Այսքան տարի որևէ մեկին վատություն չի արել, որ վերջին շապիկն էլ պահանջեինք` կհաներ, կտար», – այսպես են բնորոշում Գեղարքունիքի մարզի Երանոս Գյուղի բնակիչներն իրենց համագյուղացի Անդրանիկ Խաչատրյանին, որ հիմա դստեր սպանության համար Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում է:

Անդրանիկ Խաչատրյանը երեք երեխա ուներ ` 2 տղա և մեկ դուստր: Ավագ որդին գումար է վաստակում սեզոնային արտագնա աշխատանքի մեկնելով, իսկ կրտսեր որդին այժմ ծառայում է հայոց բանակում: Դուստրը` Մանուշակը, անցած տարի ավարտել էր Մարտունու պետական հումանիտար քոլեջը, սակայն չէր աշխատում:

21-ամյա Մանուշակի սպանությունը տեղի է ունեցել փետրվարի 7-ի լույս 8-ի գիշերը:  46-ամյա Անդրանիկը  քենու տանը տեղի ունեցած հավաքույթից հետո տուն է եկել ալկոհոլի ազդեցության տակ: Նա վեճի է բռնվել դստեր հետ և  փայտով հարվածել նրա գլխին, որից հետո դուստրը մահացել է: Մանուշակ Խաչատրյանին  հուղարկավորել են փետրվարի 9-ին` առանց դիահերձելու, պատճառաբանելով, թե սրտի կաթվածից է մահացել:

«Ախր շատ աշխատասեր աղջիկ էր, ղոչաղ, անող-դնող: Անհնար է, որ նա  սրտի հիվանդություն ունենար»,- ասում է Երանոսի բնակչուհի տիկին Հերիքնազը:

Մարտունու ոստիկանության բաժնի պետ Գուրգեն Գինոյանն ասում է, որ երիտասարդ աղջկա հապշտապ հուղարկավորությունը կասկածելի է թվացել (Մարտունիում հուղարկավորությունը տեղի է ունենում մահվանից 2-3 օր հետո), ուստի և համապատասխան քայլեր են ձեռնարկել, հարուցել քրեական գործ: «Կատարվեց արտաշիրիմում, դիահերձման արդյունքում պարզ դարձավ, որ աղջիկը մահացել է գլխին ստացած հարվածից: Աղջկա հայրն ու մայրը բերման ենթարկվեցին: Սկզբում եղելությունը խոստովանեց մայրը` Նուբար Փաշոյանը, ապա` նաև հայրը»,- ասում է Գինոյանը:

Ասում են, որ Անդրանիկ Խաչատրյանը հպարտանում էր իր դուստր Մանուշակով

Ըստ Անդրանիկի ցուցմունքի` աղջկան հարվածել է պատահաբար, առանց հետևանքները գիտակցելու: Ցուցմունքի համաձայն,  Մանուշակը ցանկացել է աշխատել, սակայն աշխատանք չի ունեցել: Հայրը ցանկացել է դստերը աշխատանքի տեղավորել դպրոցում` որպես պահակ, այն նպատակով  որ եթե դպրոցում  ազատ ժամեր լինեն, դուստրը պարապի: Սակայն, վերջինս  համաձայն չի եղել հոր առաջարկի հետ, չի ուզեցել, որ աշխատանքային գրքույկում առաջինը նշվի` դպրոցի պահակ: Այս թեմայով վիճաբանել են նաև փետրվարի 7-ի երեկոյան, երբ հայրը  քեֆից հետո խմած տուն է եկել: Վիճաբանության ժամանակ վառարանի կողքին են եղել և,  խմած հայրը վառարանի մոտ դրված փայտով հարվածել է աղջկա ծոծրակին:

Գինոյանն ասում է, որ նախաքննությունը դեռևս ընթացքի մեջ է և հայտնի չէ, թե դատավարությունը երբ տեղի կունենա:

Երանոսի թիվ 2 միջնակարգ դպրոցի տնօրեն Սաշա Բավեյանը, սակայն, հերքում է, որ Մանուշակին ցանկացել է գրանցել որպես դպրոցի պահակ. «Ինչպե՞ս կարող էի մանկավարժի դիպլոմ ունեցող աղջկան որպես պահակ գրանցել: Բացի այդ, նա տարրական մանկավարժի որակավորում ուներ: Իսկ մեր դպրոցում հիմա տարրական դասարանի 7 մանկավարժ կա և հինգ տարրական դասարան: Ես մանկավարժ կրճատելու խնդիր ունեմ և չէի կարող նոր մարդու գործի ընդունել»:

Անդրանիկ Խաչատրյանը  մասնագիտությամբ հյուսն է և վերջին 10 տարիների ընթացքում աշխատել է Երանոսի թիվ 2 միջնակարգ դպրոցում:  Տնօրեն Սաշա Բավեյանն ասում է, որ Անդրանիկին երբևէ խմած չի տեսել.«Շատ կարգապահ, պարտաճանաչ  և համեստ մարդ է: Այսքան ժամանակ աշխատանքի ժամին երբևէ խմած չեմ տեսել»:

Անդրանիկին դրական են ներկայացնում նաև համագյուղացիները` նշելով, որ Անդրանիկը չէր կարող աղջկան ծեծել: «Աղջիկն Անդրանիկի հպարտությունն էր, պարծենում էր նրանով, ո՞նց կարող էր ծեծել»,- ասաց  գյուղի բնակիչներից մեկը` չցանկանալով հայտնել իր անունը:

Ըստ Երանոսի բնակիչների վարկածի` վիճել են Անդրանիկը և կինը` Նուբարը: Անդրանիկը ցանկացել է հարվածել կնոջը, սակայն աղջիկը միջամտել է` ցանկանալով պաշտպանել մորը, և հարվածը բաժին է հասել աղջկան:

Անդրանիկ Խաչատրյանի կինը` Նուբար Փաշոյանը, ամուսնուն չի մեղադրում կատարվածի համար: «Որևէ ծնող իր երեխայի վատը չի ուզում, չի ուզում, որ անգամ փուշ մտնի երեխայի մատը: Ուղղակի դժբախտություն էր: Հիմա ինչ էլ լինի, էլ աղջկաս հետ չեմ բերի»,- ասում է մայրը:

Մանուշակ Խաչատրյանի լուսանկարներից

Տիկին Նուբարը դեպքի մանրամասները հիշել չցանկացավ, նշելով`  «ամուսինս ինչ ասել է, այդ է ճշմարտությունը»:

«Թե որտեղի՞ց էդ վեճը ծագեց»,- ասում է մայրը` լացելով: Նա պատահարի համար մեղադրում է «չար լեզուներին»: Տիկին Նուբարի պատմելով` հոր և աղջկա վեճի պատճառ են դարձել աղջկա մասին գյուղում տարածված բամբասանքները: Նրա խոսքով` ոմանք չարախոսել են, իսկ  հարբած ամուսինն էլ տուն է եկել ու վեճի բռնվել աղջկա հետ: «Չորանան էդ չար լեզուները: Ո՞նց կարող էին անմեղ աղջկա պատվի հետ խաղալ»,- ասում է մայրը:

Տիկին Նուբարն ասում է, որ  հաշտ ու համերաշխ ընտանիք են եղել, երբևէ ընտանեկան տարաձայնություններ չեն ունեցել: Նրա խոսքով` աղջկա մահվան օրը տեղի ունեցած վեճը միակն էր իրենց 25 տարվա համատեղ ամուսնական կյանքում:

Համագյուղացիները  Մանուշակի մասին միայն դրական են արտահայտվում` նրան ներկայացնելով որպես համեստ, ուսման նկատմամբ ձգտում ունեցող, աշխատասեր աղջիկ: «Ամբողջ տան գործն ինքն էր անում,դրա հետ էլ հասցնում էր սովորել. ուսման հանդեպ  մեծ հակում ուներ, շատ  համեստ էր, խելոք: Ընդհանրապես, նրանց ընտանիքը նամուսով, թասիբով ընտանիք է»:

Դիտվել է 5657 անգամ:
Print Friendly

Leave a Reply