Ո՞ւր է անհետանում Երևանյան լիճը

ԷՍՍԵ | | October 7, 2012 7:01

Ծովակալ Իսակովի փողոցով ձգվող ճանապարհը` երկկողմանի ծառուղիով, երևի ամենագեղեցիկն է մայրաքաղաքում, մանավանդ` Երևանյան լճի տեսարանը… Բայց այս ամենը անցյալում է, ու մեզ` երևանցիներիս մնացել են կարոտախտի, ափսոսանքի, զայրույթի զգացումներ, որոնց բարձրաձայնումը խլանում է անտարբերության խոր ջրհորում:

«Ավտոկայանի ճանապարհ»,- այսպես է ժողովուրդն անվանում այդ հատվածը, որտեղ կառուցվեց Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատունը` ամենամեծն աշխարհում իր զբաղեցրած տարածքով: Այդ շինության կառուցման աշխատանքների հետևանքով և, ըստ երևույթին, մեր հասարակությանն անհայտ ինչ-որ պատճառներով չորացվեց լճի մի զգալի մասը, ու կնճռոտվեց մեր քաղաքի միակ ջրային հայելին, մայրաքաղաքի բնության գողտրիկ անկյուններից մեկը, որը կարելի էր վերածել հանգստի գեղեցիկ գոտու: Նոր ծառեր ու թփեր տնկելու փոխարեն կամաց-կամաց վերացան մայթերին, լճափին եղածները, վաճառքի հանվեցին ափամերձ տարածքները:

Եթե հիմա էլ անցնենք այդ ճանապարհով, կտեսնենք ցուցանակը` For  sale և սահմանաչափ ցցերով պատված վաճառքի հանված հատվածը: Լիճը բարձիթողի վիճակում է` կիսաչոր, ճահճացնող եղեգներով լեցուն:…

Եթե այսպես շարունակվի, մենք առհասարակ կկորցնենք լիճը և այդ ճանապարհով անցնելիս այլևս չենք վայելի լճի հայելին: Երկրագնդում տարեցտարի գլոբալ տաքացման ազդեցությունը մեր մաշկի վրա զգացող երևանցիներս ամեն օր զրկվում ենք մի փոքր բնակտորից:

Եթե չկասեցվի Երևանյան լճի ափամերձ տարածքի վաճառքի գործընթացը, շատ շուտով վեր կխոյանա մի շինություն` ինչ-որ մի օբյեկտ, և մենք այլևս չենք տեսնի լիճը, մեր հեռուներ, հորիզոններ փնտրող հայացքները կփշրվեն բնությունից, բնության մի գողտրիկ հատվածից մեզ բաժանող քարե պատերին:

Զարմանալի է, բայց չարչրկված բնապահպանություն բառը ևս ենթակա է Կարմիր գրքում գրանցվելու, քանզի անունը կա, ամանում` չկա: Ի՟նչն են պահպանում, եթե օրեցօր կրճատվում են կանաչ գոտիները, հատվող ծառերի փոխարեն աճում են նորանոր շենքեր, Խոսրովի արգելոցում անարգել խժռում են կենդանիներին, աչք են փակում «Փարոսի» նոսրացած ծառածածկույթի վրա, Մալաթիա-Սեբաստիա համայնքի թաղապետարանի մոտակայքում` Սուրբ Աստվածամայր եկեղեցու հարևանությամբ թրատված անտառի վրա, որտեղ այսօր դղյակներ են կառուցված… Դալմայի անհետացող այգիները, «Հաղթանակ» զբոսայգու մասնակի օկուպացումը… Էլ ո՟րն ասենք, էլ ո՞րը: Ի՟նչ է պահպանում բնապահպանության նախարարությունը և ինչպե՟ս, երբ մայրաքաղաքում օդ չկա շնչելու, թթվածին չկա, որովհետև այգիները, պուրակները, լճերն ու լճակներն այնքա˜ն քիչ են ու աղքատիկ:

Գոնե իրենց հոգիների փրկության համար փրկեն Երևանյան լիճը` մեր ունեցած սակավ ջրային գոտիներից մեկը և այն դարձնեն հաճելի զբոսավայր` շրջապատելով ծառերով, ծաղիկներով, նստարաններով, փոքրիկ ճեմուղիներով: Գաղափարն էլ հուշեցինք, մնում է իրագործել ու չհապաղել:

 

Կարինե  ԱՎԱԳՅԱՆ

Դիտվել է 1071 անգամ:
Print Friendly

Leave a Reply