Միքայել Արամյանցի լոնդոնաբնակ ծոռը վերադառնում է արմատներին` հիացած պապի հարուստ կենսագրությամբ

ՄԱՐԴԻԿ, Շաբաթվա լուր | | October 8, 2012 7:00

Միքայել Արամյանց անունը, որը խորհրդային տարիներին հետևողականորեն ջնջվել էր հայ հասարակության մտքից ու հիշողությունից, վերջին տարիներին աստիճանաբար վերագտնում է իր տեղը:

Ուղիղ երկու տարի առաջ ինձ բախտ վիճակվեց ծանոթանալու երիտասարդ պատմաբան Վահե Անթանեսյանի հետ, որը լրջորեն զբաղվում էր Արամյանցի կյանքի և գործունեության ուսումնասիրությամբ: «Անկախում» հրապարակվեց Արամյանցի մասին առաջին ծավալուն հոդվածը, որը մեծ հետաքրքրություն առաջացրեց հանրության շրջանում: Աստիճանաբար Արամյանցի կյանքն ու գործունեությունն առավել մատչելի դարձավ այսօրվա հայ հանրությանը:

2011-ին Վահե Անթանեսյանի հեղինակությամբ լույս տեսավ Միքայել Արամյանցի մասին առաջին գիրքը, որի համար տեղեկություններ հավաքելու նպատակով հեղինակն այցելել էր Թբիլիսի, նրա ծննդավայր` Արցախի Քյաթուկ գյուղ, ուսումնասիրել հայ-վրացական արխիվները, հավաքել բազմաթիվ տեղեկություններ, ձեռք բերել Արամյանցին պատկանող անձնական իրեր:

Հենց գրքի միջոցով էլ ծանոթանում ենք Միքայել Արամյանցի երկու դուստրերի ու երեք որդիների հետ:

Երբ 1922 թ. Արամյանցը մահանում է` կյանքի վերջին օրերին ականատես լինելով բոլշևիկների կողմից իր հսկայական հարստության յուրացմանն ու ոչնչացմանը, նրա ժառանգները ստիպված են լինում հեռանալ Թբիլիսիից և ցրվել աշխարհով մեկ: Դուստրերից մեկը՝ Աննան, որն ամուսնացել էր նշանավոր հայ ճարտարապետ Ալեքսանդր Ռոտինյանցի հետ, տեղափոխվում է Անգլիա:

Այնտեղ ծնվում է նրանց դուստրը՝ Մարգարիտան, որն ամուսնանում է Ջանոև ազգանունով մի հայի հետ, և ծնվում է փոքրիկ Ալեքսանդրը: Ինչպես նկատում ենք, նորածնի անունը դրվել է ի պատիվ մորական պապի՝ ճարտարապետ Ալեքսանդր Ռոտինյանցի:

Եվ այսպես, օրեր առաջ կնոջ ու 18-ամյա դստեր հետ Երևանում էր  կրտսեր Ալեքսանդրը, որն արդեն 60-ամյա տղամարդ է:

Մենք բացառիկ հնարավորություն ունեցանք հանդիպելու նրանց, զրուցելու և ուղեկցելու երևանյան մի քանի շրջայցերի ժամանակ: Սա նրանց առաջին այցելությունն էր Հայաստան: Ալեքսանդր Ջանոևը խոստովանեց, որ նախկինում անգամ կարծել է, թե արմատներով վրացի է:

Ինչպե՞ս պատահեց, որ Լոնդոնում ծնված, անգլիացու հետ ամուսնացած և երբևէ Հայաստանի հետ որևէ առնչություն չունեցած Ջանոևը որոշեց բացահայտել պապի գործունեությունը, տեսնել նրա թողած ժառանգությունը:

Ջանոևը պատմեց, որ Միքայել Արամյանցով առավել ակտիվորեն սկսել է հետաքրքրվել վերջին երեք տարիներին: Այդ հարցում նրան օգնել է իր հայրական ընտանիքի հին և հավատարիմ ընկերներից մեկը, որը հայազգի մեկ այլ բարեգործ, նշանավոր Գալուստ Գյուլբենկյանի ծոռն է: Հենց նրա խորհրդով և ուղեկցությամբ առաջին անգամ Ալեքսանդր Ջանոևն այցելել է Թբիլիսի և տեսնելով պապի հովանավորությամբ ու ջանքերով ստեղծած հարուստ ժառանգությունը`՝ էլ ավելի հետաքրքրվել նրանով:

Իսկ մինչ Թբիլիսի այցելելը նա արդեն համացանցի միջոցով պատահաբար գտել էր պապի մասին պատմող գիրքը, սակայն նրան չէր հաջողվել կապ հաստատել գրքի հեղինակի` Վահե Անթանեսյանի հետ: Թբիլիսիում հանդիպելով վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն սրբազանին` խնդրել է, որ իր էլեկտրոնային հասցեն փոխանցեն հեղինակին:

«Ինձ համար իսկական նվեր էր դա,- պատմում է Վահե Անթանեսյանը,- Արամյանցի կյանքն ու գործունեությունն ուսումնասիրելու ողջ ընթացքում ես որոնում էի նրա ժառանգներին: Ճիշտն ասած, նրա ծոռներից մեկի տվյալները գտա Մոսկվայում: Գրեցի նրան: Սակայն պատասխանը շատ հիասթափեցնող էր. նա ասաց, որ ընդհանրապես հետաքրքրված չէ իր հայ լինելով և հատկապես իր պապով»:

Նշենք, որ իր ուսումնասիրությունների ընթացքում Վահե Անթանեսյանը գտել է Արամյանցի  Հայաստանում բնակվող ժառանգներին, որոնք իրար չէին ճանաչում, և ծանոթացրել իրար հետ: Այդ հուզիչ հանդիպումը նույնպես լուսաբանվել է մեր կողմից:

Ջանոևին գտնելու լուրը Վահե Անթանեսյանի համար առավել կարևոր էր հենց այս ժամանակահատվածում, քանի որ իր և «Լոռվա ձոր» հայրենակցական միության նախաձեռնությամբ նկարահանվում է Միքայել Արամյանցի մասին փաստավավերագրական ֆիլմ:

«Ես գրեցի Ջանոևին, ասացի, որ իր պապի մասին ֆիլմ ենք նկարահանում,  խնդրեցի Անգլիայում Հայաստանի դեսպանատան միջոցով ֆիլմի համար մի քանի կադր նկարահանվել և ուղարկել մեզ,- պատմում է Վահե Անթանեսյանը,- սակայն եղավ ավելին, քան սպասում էինք: Ջանոևը պատրաստակամություն հայտնեց գալ Հայաստան և նկարահանվել ֆիլմում»:

Եվ այդպես տեղի ունեցավ Ալեքսանդր Ջանոևի դեպի հայրենիք առաջին այցը, որը, ինչպես ինքը վստահեցրեց, չի լինի վերջինը:

Ինչո՞ւ Ջանոև: Այս հարցի պատասխանն ինքն էլ չունի: Ենթադրում է, որ իր հորական ընտանիքը ստիպված է եղել փոխել հայկական ազգանունը, որպեսզի ավելի հեշտ հարմարվի եվրոպական միջավայրին:

Հայերեն ոչ մի բառ չիմացող և առաջին անգամ հայրենիք ոտք դրած Ջանոևները զարմացած ու հիացած էին Հայաստանում իրենց նկատմամբ ցուցաբերված ջերմ ընդունելությունից:

Անկեղծ ասաց, ես էլ մի փոքր զարմացա, երբ «Լոռվա ձոր» հայրենակցական միության նախագահ Սերգո Երիցյանը ներկայացրեց Հայաստանում Ջանոևների անցկացնելիք եռօրյա այցի օրակարգը. ընդունելություններ սփյուռքի նախարարի, Ամենայն հայոց կաթողիկոսի, Ազգային ժողովի փոխնախագահի, մշակույթի փոխնախարարի մոտ, պարգևատրում Նանսենի անվան մեդալով, այցելություններ Հայաստանի տեսարժան վայրեր, մասնակցություն Ախթալայում Միքայել Արամյանցի անվամբ դպրոց անվանակոչելու արարողությանը և այլն:

Միգուցե այդ ամենն արվում է, որպեսզի Ջանոևն իրեն պարտավորվա՞ծ զգա Հայաստանի հանդեպ և խորացնի կապերը: Չգիտեմ, համենայն դեպս, ակնհայտ էր, որ Ջանոևի կյանքում այս այցելությունը շրջադարձային էր:

Հետարքիր էր Ջանոևների այցը Հայաստանի պատմության թանգարան, որտեղ նրանք թերթեցին Միքայել Արամյանցի ընտանեկան լուսանկարների ալբոմը՝ մեծ բարերարի անվան առաջին տառերի արծաթապատ կնիքով:

Նրանք խորասուզված դիտում էին լուսանկարները, մեկ էլ հանկարծ բացականչություն. «Այս լուսանկարից մենք էլ ունենք»: Կամ. «Սա իմ տատն է՝ Մարգարիտան…»:

Երևանում Ջանոևներն այցելեցին նաև սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ ստեղծված հայ բարերարների ճեմուղի, ծաղիկներ դրեցին իրենց պապի կիսանդրու մոտ, ապա քայլեցին Աբովյան փողոցում և ծաղիկներ դրեցին մեկ այլ մեծանուն բարերարի՝ Ալեքսանդր Մանթաշյանի արձանի տակ:

Ախթալայում Ջանոևներն այցելեցին Միքայել Արամյանցի հայտնի դղյակը:

Ասում են, որ դղյակում շրջելիս Ալեքսանդր Ջանոևը հուզմունքից լաց էր լինում:

Ջանոևները հեռացան՝ խոստովանելով, որ իրենց կյանքը մեկընդմիշտ  կապված է Հայաստան ու Միքայել Արմայանց անունների հետ:

Դիտվել է 2433 անգամ:
Print Friendly

Leave a Reply