Ոլորտի խնդիրները քննարկվեցին կոլեգիայի նիստում

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Օրվա լուր | | October 2, 2012 18:16

Երեկ երեկոյան կայացած ՀՀ առողջապահության նախարարին կից կոլեգիայի նիստի օրակարգում Հանրապետության նախագահի մոտ քննարկված առողջապահության ոլորտի առաջնահերթ խնդիրների վերլուծությունն էր։

«Դեռ երկու շաբաթ առաջ ՀՀ կառավարության անդամների հետ հանդիպման ժամանակ երկրի ղեկավարը խիստ քննադատեց դեղերի շուկայում առկա խնդիրները։ Հանձնարարեց վերլուծել ոլորտի առաջնահերթ խնդիրները և ներկայացնել դրանց լուծման ուղղությամբ նախարարության մոտեցումները։ Հինգ հիմնական ուղղություններով կատարված ծավալուն վերլուծությունն անցած շաբաթ օրն առավել խորությամբ քննարկվեց ՀՀ նախագահի մոտ։ Բոլորիս առջև պահանջ դրվեց առավել համակարգված և արդյունավետ աշխատանք տանել կարճ ժամանակում շոշափելի արդյունքներ արձանագրելու նպատակով»,- նշեց Դերենիկ Դումանյանը։

Աշխատակազմի ղեկավար Սուրեն Քրմոյանը կոլեգիայի անդամներին ծանոթացրեց Հանրապետության նախագահի մոտ քննարկված ՀՀ առողջապահության ոլորտի առաջնահերթ խնդիրների համառոտ վերլուծությանը։ Դրանք վերաբերում են պետական վերահսկողության անարդյունավետությանը, դեղորայքային քաղաքականության խնդիրներին, գնումների պլանավորման և իրականացման էական բացթողումներին, բուժօգնության մատչելիության ապահովմանը և անվճար բժշկական օգնության ու սպասարկման ոլորտների հիմնախնդիրներին, ինչպես նաև առողջապահության ոլորտի ֆինանսավորմանն ու տարածքային զարգացման և կադրային հիմնախնդիրներին։

Այնուհետև կոլեգիայի անդամների քննարկմանը ներկայացվեցին բուժհաստատություններում պետական պատվերի կազմակերման, պետության կողմից անվճար կամ արտոնյալ պայմաններով դեղապահովման  հիմնախնդիրները։

Կոլեգիայի անդամների ուշադրությունը հրավիրվեց ֆինանսների անհամաչափ բաշխման, բուժհիմնարկների ոչ արդյունավետ կառավարման, բժշկական ծառայությունների չափորոշիչների ներդրման, մարզային ծառայությունների օպտիմալացման անհրաժեշտության, կարդրերի պակասի և այլ խնդիրների վրա։

Կոլեգիայի անդամներն առաջարկներ ներկայացրեցին պետական պատվերի հասցեականության ապահովման, դեղերի` ուղղակի արտադրողից գնման արդյունավետ մեխանիզմի ներդրման, կադրերի ուսուցման և այլ հարցերի առթիվ։

Դերենիկ Դումանյանը հանձնարարեց ստեղծել դեղերին վերաբերող բոլոր դժգոհությունները և բողոքներն ուսումնասիրող հանձնաժողով։ Միաժամանակ` պահանջեց ուժեղացնել հսկողությունը կեղծ, ժամկետանց և անորակ դեղերի բացահայտման նկատմամբ։

Նախարարը նշեց, որ Հանրապետության նախագահի կողմից արված դիտողությունները չափազանց սուր և տեղին են։ Դրանք ողջ համակարգի պատասխանատուներին  պարտավորեցնում են անհապաղ արդյունավետ միջոցներ ձեռնարկել։ Նա տեղեկացրեց, որ ՀՀ նախագահի հանձնարարականների կատարման ուղղությամբ նախարարության բոլոր ստորաբաժանումներին հանձնարարականներ են տրվել։

Դիտվել է 1417 անգամ:
Print Friendly

Leave a Reply