Հայաստանի արտգործնախարարը երկկողմ հանդիպումներ է ունեցել Նյու-Յորքում

Պաշտոնական, Օրվա լուր | | September 28, 2012 10:27

Սեպտեմբերի 27-ին կայացավ Էդվարդ Նալբանդյանի և Իռլանդիայի փոխվարչապետ, ԱԳ նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Էեմոն Գիլմորի հանդիպումը, որին մասնակցում էր ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերը: Զրույցի ընթացքում քննարկվեց ադրբեջանահունգարական գործարքի հետևանքով ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացին հասցված վնասը: ԵԱՀԿ գործող նախագահը բարձր գնահատեց բանակցությունների ճանապարհով խնդրի հանգուցալուծմանը հասնելու Հայաստանի հանձնառությունը:

Նախարարներ Նալբանդյանն ու Գիլմորը անդրադարձան նաև ԵԱՀԿ օրակարգային խնդիրներին, ինչի առնչությամբ Հայաստանի արտգործնախարարը աջակցություն հայտնեց կազմակերպության արդյունավետության բարձրացման ուղղությամբ իռլանդական նախագահության նախաձեռնություններին:

ՄԱԿ-ում Ղազախստանի մշտական ներկայացուցչությունում Էդվարդ Նալբանդյանը մասնակցեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների արտգործնախարարների հանդիպմանը, որին քննարկվեցին անդամ երկրների արտաքին քաղաքականության համադրմանն առնչվող հարցեր: Նախարարները քննարկեցին նաև ՀԱՊԿ կանոնադրական մարմինների առաջիկա հանդիպումների օրակարգը:

Էդվարդ Նալբանդյանի և Սլովենիայի արտգործնախարար Կարլ Էրջավեչի հանդիպման ընթացքում երկուստեք շեշտվեց, որ վերջին տարիներին երկկողմ համագործակցությունը որակապես նոր մակարդակի վրա է բարձրացվել, ինչը նշանավորվել է երկրների ղեկավարների փոխայցելություններով, միջազգային կազմակերպություններում փոխադարձ աջակցությամբ:

Նախարարները մտքեր փոխանակեցին Սիրիայում տեղի ունեցող զարգացումների շուրջ: Էդվարդ Նալբանդյանն իր գործընկերոջը ներկայացրեց Հայաստան – Եվրոպական միություն հարաբերությունները, այդ ձևաչափում իրականացվող ծրագրերն ու ընթացող բանակցություններում արձանագրված առաջընթացը:

Կարլ Էրջավեչը տեղեկացրեց իր երկրի տնտեսության վրա համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի ազդեցությունը և դրա հետևանքները հաղթահարելու նպատակով իրականացվող քայլերը:

Թուրքմենստանի ԱԳ նախարար Ռաշիդ Մերեդովի հետ հանդիպման ժամանակ զրուցակիցները քննարկեցին Թուրքմենստանի Նախագահի՝ Հայաստան կատարելիք այցելության նախապատրաստական աշխատանքները, սեպտեմբերի 6-ին Երևանում կայացած հայ-թուրքմենական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի չորրորդ նիստի արդյունքները, միջազգային կազմակերպություններում համագործակցության, երկու երկրների միջև առկա իրավապայմանագրային դաշտի ընդլայնմանն առնչվող հարցեր:

ՄԱԿ-ում Հայաստանի ներկայացուցչությունում տեղի ունեցավ Հայաստանի և Բութանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրության ստորագրման արարողությունը, որին նախորդեց երկու երկրների արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Լյոնպո Խանդու Ուանգչուկի հանդիպումը:

Զրույցի ընթացքում նախարարները կարևորեցին դիվանագիտական հարաբերությունների հաստատումը՝ համոզմունք հայտնելով, որ այն կնպաստի միջազգային կառույցներում համագործակցության ծավալմանը և բարեկամական փոխգործակցության ձևավորմանը:

Նախարար Ուանգչուկը Հայաստանի արտգործնախարարին տեղեկացրեց Բութանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների ընթացքը:

Արտգործնախար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ Վրաստանի իր գործընկերոջ Գրիգոլ Վաշաձեի հետ: Զրուցակիցներն անդրադարձան երկու երկրների ղեկավարների պայմանավորվածությունների կատարման ընթացքին, երկկողմ փոխգործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակին:

Մոնտենեգրոյի արտաքին գործերի և եվրոպական ինտեգրման նախարար Նեբոյշա Կալդերովիչի հետ Էդվարդ Նալբանդյանի հանդիպման ժամանակ անդրադարձ եղավ երկու երկրների միջև իրավապայմանագրային դաշտի ձևավորմանը, գործարար կապերի խթանմանը, ապակենտրոնացված համագործակցությանը: Նախարարները պայմանավորվածություն ձեռք բերեցին միմյանց մայրաքաղաքներում համատեղության կարգով դեսպաններ հավատարմագրելու, ԱԳՆ-ների միջև համագործակցության մասին հուշագրի ստորագրելու վերաբերյալ:

Նույն օրը երեկոյան Էդվարդ Նալբանդյանը մասնակցեց Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ երկրների պատվիրակությունների ղեկավարների պատվին Ֆրանսիաի արտգործնախարար Լորան Ֆաբիուսի կողմից տրված ընդունելությանը, որին ներկա էին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունը, ՖՄԿ անդամ երկրների արտգործնախարարներ:

Դիտվել է 1305 անգամ:
Print Friendly

Leave a Reply