Հրաժեշտ հայկական ֆուտբոլի անպատեհ պահին

Շաբաթվա լուր, ՍՊՈՐՏ | | October 2, 2012 7:00

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի և Երևանի «Փյունիկի» ավագ, պաշտպան Սարգիս Հովսեփյանը վճռել է հրաժեշտ տալ ակտիվ սպորտին: Թե ինչքանով է արդարացի այսպիսի որոշումը, տարբեր տեսակետներ են հայտնվում: Ոմանք կարծում են, որ Հովսեփյանը պետք է դա ավելի շուտ  արած լիներ, և խաղադաշտում չմնար մինչև 39 տարեկան հասնելը, մի մասն էլ այն կարծիքին է, որ քանի որ ֆուտբոլի ազգային հավաքականի ավելի լուրջ փորձություններն առջևում են, աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի հանդիպումների մեծ մասը նոր է կայանալու, ապա մեր մարզիկը պետք է փորձեր թիմին հնարավորինս սատար լինել:

Ինչևէ, Հովսեփյանը հավաքականում131 խաղ է անցկացրել, դարձել 2 գոլի հեղինակ:

Իսկ ի՞նչն է փորձառու ֆուտբոլիստի հանկարծակի հեռանալու պատճառն  այն պահին, երբ աշխարհի առաջնության ընտրական մրցաշարը նոր է սկսվել:

Թերևս, դեր է խաղացել այն հանգամանքը, որ բոլորի համար անսպասելի Հայաստանի հավաքականը վատ խաղ է ցուցադրում այդ մրցաշարում: Նախ` մերոնք անօգնական տեսք ունեին ստուգատեսի շեմին  Երևանում  Բելառուսի հետ  անցկացրած ընկերական հանդիպումում, հետո դժգույն խաղով հաղթեցին Մալթայի ներկայացուցիչներին: Բուլղարիայի հավաքականի հետ արտագնա խաղում, անկախ ամեն ինչից, մերոնք իրենց կարողությունները չդրսևորեցին, հիասթափեցրին: Ուշագրավն այն է, որ, բոլոր հանդիպումների ժամանակ հատկապես Հայաստանի հավաքականի պաշտպանությունը ցանկալի բարձրության վրա չէր: Եվ դժգոհությունները շատ էին, հիմնականում համացանցում, ուղղակի Սարգիս Հովսեփյանի հասցեին էին: Ամենից առաջ նրան էին համարում անհաջողությունների մեղավորներից մեկը, թեև ուղղակի քննադատություններ էին հնչում նաև Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի հասցեին, որ հավաքականը լավ չի մարզել, խաղերից առաջ թիմի կազմերի ընտրությունը ճիշտ չի կատարել, ընդհանրապես հավաքականը պատրաստ չէ պատասխանատու հանդիպումների և այլն:

Հովսեփյանը չի թաքցրել, որ տատանվել է, բայց, ի վերջո, որոշել է հեռանալ հենց այս պահին: Իսկ նպատակն այն է, որ ժամանակին դա անի, հետագայում լավ հիշողություն թողնի:

Դժվար է ասել, թե ինչ կլինի հետո, քանի որ հոկտեմբերի 12-ին Հայաստանի հավաքականը «Հրազդան» մարզադաշտում հյուրընկալելու է ուժեղ մրցակցի` Իտալիայի ընտրանուն: Մի բան ակնհայտ է, որ եթե Հայաստանի հավաքականը հանկարծ նոր անհաջողության մատնվի, ապա անկանխատեսելի բաներ կարող են կատարվել: Թերևս հասարակական կարծիքի պատճառով էր, որ Հովսեփյանը հեռանալու վճիռ կայացրեց: Իսկ  մարզասերների անհանդուրժողականության և ճնշման ներքո շատ բան կարող է փոխվել: Եվ դա բնական է, մեր երկրի առաջնությունն աստիճանաբար ավելի ու ավելի անհետաքրքիր է դառնում, և մարզասերներն ապրում են, ոգևորվում հիմնականում Հայաստանի ազգային հավաքականի մրցելույթներով, որի կազմում կան արտասահմանյան թիմերում հանդես եկող բարձրակարգ խաղացողներ: Երբ անգամ այդ պարագայում տպավորությունը տխուր է, կտրուկ քայլերի օրակարգային դառնալն օրինաչափ է:

 

Դիտվել է 921 անգամ:
Print Friendly

Leave a Reply