Գեղեցիկ արտաքինը խաբուսիկ է նաև բնակավայրերի դեպքում

ԷՍՍԵ | | September 27, 2012 15:25

Մասիս` գյուղ Արարատի մարզի Արտաշատի տարածաշրջանում: Ունի 4,4 քկմ տարածք, 1744 բնակիչ և 445 տնտեսություն: Գտնվում է ծովի մակարդակից  840 մ բարձրության վրա: Բնակիչների հիմնական զբաղմունքը` հողագործություն:

Գյուղը նախկինում կոչվել է Թոխանշալու, 1945-ին վերանվանվել է Մասիս: Բնակիչների նախնիները այստեղ են հաստատվել Պարսկաստանի Խոյ և Սալմաստ գավառներից:

Սա այն ամենն է, որ կարելի է համացանցում գտնել Մասիս գյուղի մասին: Ընդհանուր տեղեկատվություն, որ գյուղի առօրյայի, կյանքի մասին ոչինչ չի ասում:

Ուղիղ գնա, կտեսնես

Պարզվում է` Մասիս հասնելն այնքան էլ հեշտ գործ չէ, եթե ճանապարհը լավ չգիտես: Ումից և որտեղ ճանապարհ ենք հարցնում, պատասխանը մեկն է` ուղիղ գնա, կտեսնես: Ու այսպես մեկ ժամ ուղիղ ենք գնում, երբեմն վերադառնում` պարզելով, որ սխալ ուղղություն են մատնանշել: Անգամ ճանապարհային ոստիկանները գյուղի տեղը չգիտեն, միայն լսել են գյուղի մասին և գիտեն, որ տարածքում է:

Ի վերջո, մեկժամյա փնտրտուքներից հետո արդեն Մասիսում ենք: Առաջին հայացքից այն տպավորիչ է. ուղիղ ու լայն փողոցներ, որոշ տեղերում` ասֆալտապատ, կոկիկ արտաքին ունեցող տներ` նոր դուռ ու լուսամուտով:  Դրսում գրեթե մարդ չկա: Սակայն, երբ փողոցում անծանոթ մարդիկ են հայտնվում, նախ մի քանի րոպե պատուհաններից են հետաքրքրասեր աչքերը գաղտագողի նայում, ապա աստիճանաբար փողոց են դուրս գալիս` հարցուփորձ անելու, թե ով ենք, ինչու ենք իրենց գյուղում:

Բնակիչների տրամադրվածությունը նույնն է, ինչ ամեն տեղ. հող մշակելով ապրել չեն կարողանում, աշխատանք էլ չկա:

Գյուղի բնակիչներից տիկին Անահիտը պատմում է, որ ամեն թաղամասից 2-3 տուն դատարկ է, 90-ականներից հեռացել են: Հիմա էլ հեռացողներ կան, բայց ավելի շատ սեզոնային աշխատանքի են մեկնում. դրսից ստացվող եկամուտը շատերի ապրուստի հիմնական միջոցն է:

Հավաքված բնակիչները մատնացույց են անում ցամաք առուն` հավելելով, որ խորհրդային տարիներին առվով ամեն օր ջուր էր հոսում, հիմա այն հողով է լցված ու անգործության մատնված: Տնամերձ հողամասերը ոռոգելու համար բոլորն արտեզյան ջուր են օգտագործում: Հանդամասերն էլ հիմնականում չեն մշակում. ոռոգելը խնդիր է, տեխնիկա չկա, սերմնացուն էլ թանկ է:  Վրա հասած մի կին նշում է, թե այս տարի իր 8 հազար մետր հողամասից  հազիվ կես տոննա ցորեն է ստացել, որով անգամ կատարված ծախսերը չի փակել:

Նկատառմանը, թե ինչպես է, որ գյուղը արտաքուստ բարեկեցիկ է երևում, պատասխանում են, թե տները, ամեն ինչ խորհրդային տարիներից է մնացել,  ինչ էլ նոր են արել, էլի դրսում աշխատած գումարների հաշվին:

Բնակիչներից մեկն էլ ասում է, որ իրենց գյուղի իրական անունը Թամբալաշեն է, Մասիսը բնակավայրի համար սխալ անուն է. «է, էստեղ ոչ մեկն էլ ոչ մի բան չի անում: Այ, գնաս Մխչյան, Ծաղկաշեն, չայի գդալով իրարից հող են գողանում, մշակում, լրիվ ջերմոց ա»:

Մասիսի գյուղապետ Սողոմոն Մարգարյանը

Գողական շրջապատով հպարտացող գյուղապետը

Չնայած բնակիչների բողոքներին` գյուղապետ Սողոմոն Մարգարյանը, որ պաշտոնավարում է 2005-ից, սեպտեմբերի 9-ին կայացած ընտրություններում էլ վերընտրվել է, ասում է, որ իրենց գյուղում որևէ խնդիր չկա: Հարցին, թե ինչպես է պատահել, որ գյուղը որևէ խնդիր չունի, պատասխանում է.  «Գյուղապետից ա կախված գյուղի խնդիր ունենալը կամ չունենալը: Եթե լավ գյուղապետ է, լավ գյուղի մասին մտածի, խնդիրներ չեն լինի»:

Գյուղապետի աշխատասենյակում առաջինը, որ աչքի է զարնում, պատերի ոչ սովորական հարդարանքն է. համայնքի ղեկավարի գլխավերևում ո՛չ երկրի նախագահի նկարն է, ո՛չ էլ զինանշանը, ինչպես սովորաբար է, այլ մի մեծ խաչ: Գյուղապետը հպարտությամբ նշում է, որ խաչն իր գողական աշխարհի ներկայացուցիչ ընկերն է նվիրել, ապա հավելում, որ ընկերն այլևս ողջ չէ, խփել են:

Գյուղապետը հավաստում է, որ իր գյուղում գործազրկություն չկա, չկա նաև գրանցված աշխատանք փնտրող. մարդիկ հիմնականում Երևանում են աշխատում, հող մշակում, ոմանք էլ արտերկրում հաստատված հայրենակիցների մոտ են աշխատում. «Հիմնականում Երևանում են աշխատում, որը` զանգով, որը` ծանոթի միջոցով: Աշխատանքի հարցը լուծում ենք»:

Քիչ անց, սակայն, ինքն իրեն հակասելով, ասում է, թե այս տարի հազիվ 25-30 մարդ է մեկնել սեզոնային արտագնա աշխատանքի, իսկ ընտանիքով արտագաղթողներ էլ չեն եղել:

Երբ ասում ենք, թե բնակիչները դժգոհում են ոռոգման ջրի բացակայությունից, կտրուկ պատասխանում է. «Սուտ է, նոր են եղել իմ ընտրությունները, ամսի 9-ին, դարձյալ  հաղթեցի, ոչ մի պրոբլեմ: Անձամբ հետևում եմ, ինձ համար շաբաթ, կիրակի չկա: Մենակ ջուրը գա, բնակիչը ջրի»:

Գյուղապետի խոսքով` հանդերի համար ոռոգման ջուր ապահովում են, գյուղական տնամերձներն էլ արտեզյան ջրով են ջրում. «Ես էլ տանը ունեմ արտեզյան, որ րոպեին ջուրը պետք է, հոսանքը միացնում ես, գալիս է: Իսկ մայր առուն գիշեր-ցերեկ էթում է որտեղ որ պետք է` դաշտերը, սաղ հետևողական»:

Իսկ մեր այն հարցը, թե եթե ջուր լիներ, ինչո՞ւ պիտի բնակիչը արտեզյան հորի վրա գումար ծախսեր, ջուր հանելու համար էլ հոսանք օգտագործեր, գյուղապետն անտեղի է համարում` հավելելով, որ տնամերձները փոքր են:

Մարգարյանը հերքում է նաև բնակիչների դժգոհությունը, թե այս տարի լավ բերք չեն ստացել. «Ես էլ եմ ցանել, ո՞նց եմ ես հեկտարից 3,5 տոննա բերք ստացել: Ցորենի հավաքը լավ կազմակերպեցինք: Սևանից կոմբայն եմ բերել: Ուրիշ գյուղերում հեկտարը 40 հազարով են քաղում, ես 5 հազարով իջեցրի, ասի` իմ խաթր 35 հազարով կքաղեք»:

Ըստ գյուղապետարանի տվյալների` համայնքի 272 հա մշակովի հողերից մոտ 60 հա-ն չի մշակվում:

Գյուղապետը մատնացույց է անում արտաքուստ  կոկիկ տեսք ունեցող մշակույթի պալատը. «Գյուղի բարեկեցությունը մեր աշխատասիրությունից է: Կխնդրեմ տեսնեք մշակույթի տունը, յոլկաները, նոր եմ ասֆալտապատել»:

Հարցին, թե ինչպես է այդ ամենը անում, պատասխանում է` աշխատասիրությամբ, սեփական բիզնեսով:  Ի պատասխան մեր զարմանքին էլ նշում է. «Վերջին 10 տարում ազնիվ մարդ չեք տեսել, ինչ ասեմ: Էդպես ա»:

Արտաքուստ գեղեցիկ, ներքուստ` ավերակ

Մասիսի մշակույթի պալատը

Գովելի մշակույթի պալատը, սակայն, գրավիչ է միայն արտաքուստ, ներսում միայն գրադարանին հատկացված հատվածն է վերանորոգված: Պարզվում է, որ ողջ մշակույթի պալատը նաև հոսանքազրկված է. գյուղապետը բնակարան չունեցող մի ընտանիքի սենյակ է հատկացրել մշակույթի պալատում, որից հետո էլ հոսանքազրկել է ողջ շենքը, որպեսզի վերջիններս «լույս չգողանան» ու համայնքապետարանի հաշվին ապրեն: Մշակույթի պալատն ունի մեկ աշխատող: Մարինե Գյուրջյանի պաշտոնի անվանումը նախկինում եղել է «մշակույթի պալատի տնօրեն», հիմա` «կուլտուրայի գծով մասնագետ»: «Երևի գտան, որ դա ծիծաղելի է, քանի որ աշխատող չկա, փոխեցին», ասում է Գյուրջյանը: Նա պատմում է, որ ներսում միջոցառումներ կազմակերպելու համար պայմաններ չկան. Մայիսի 9-ի միջոցառումը  մշակույթի պալատի դիմաց են անում, իսկ Ապրիլի 24-ի միջոցառումը` մի փոքրիկ խաչքարի մոտ:

Այստեղ գործում են նաև խմբակներ` ասմունքի, ուլունքագործության: Պարապմունքներն անցկացնում են գրադարանում, սակայն հիմնականում` ոտքի վրա, քանի որ աթոռ, սեղան գրեթե չկա: Ցրտերն

Մշակույթի պալատի ավերակ դահլիճը նոր պատուհաններով ու դռներով

ընկնելուց հետո էլ պարապմունքները դադարեցնում են, քանի որ ջեռուցում չկա:

Արտաքուստ բարեկարգ վիճակում գտնվող գրադարանն էլ խորհրդային տարիներից է ժառանգություն մնացել. ունեն 7847 կտոր գրականություն, տարեկան էլ մինչև 220 ընթերցող:

Գրադարանն իր գույքով

Որպես կանոն, գրապաշարները չեն թարմացվում, իհարկե, եթե նվիրատվություն չի լինում: Գրադարանի Վարիչ Կալիպսե Սարգսյանն ասում է, որ ընթերցողները հիմնականում դպրոցականներն ու ուսանողներն են, մեծ է նոր տպագրված մասնագիտական գրականության պահանջարկը, ինչը, սակայն, գրադարանը չունի:

Օրվա ավարտին արտաքուստ գեղեցիկ, բայց ներքուստ բոլոր գյուղերի պես խնդիրների մեջ կորած գյուղից հեռանում ենք հակասական տպավորություններով, ու այդպես էլ անհայտ է մնում թե՛ գյուղի խնդիրների և թե՛ թվացյալ բարեկեցության աղբյուրը:

Դիտվել է 1330 անգամ:
Print Friendly

Leave a Reply