Սերժ Սարգսյան. «Կոոպերացիային պետք է վերաբերվել որպես տնտեսական միջոցի»

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | February 24, 2010 17:27

«Կարևոր է, որ վերացվի  գյուղի և քաղաքի միջև եղած տարբերությունը, որպեսզի գյուղացին կարողանա քաղաքի բնակչին հավասար ստանալ կրթություն, բուժսպասարկում և այլն»,- ասաց այսօր նախագահ Սերժ Սարգսյանը ՀԽ հետ հանդիպման ժամանակ:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին գյուղատնտեսության ոլորտում կոոպերատիվների զարգացման անհրաժեշտությունը և ինտերնետի սակագնի ու որակի  հարցը:

ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանը նշեց, որ դեռևս 2009-ի աշնանը ՀԽ-ն սկսել է ուսումնասիրել Հայաստանում գյուղատնտեսության վիճակը և խնդիրները: «Հայ գյուղացին քիչ գյուղմթերք է արտադրում, որը, սակայն, էլի չի կարողանում իրացնել»,- ընդգծեց  նա:

Մանուկյանը գյուղատնտեսության ոլորտում արդյունավետության հասնելու համար երկու հնարավոր մոտեցում  է տեսնում. ամերիկյան մոտեցումը, որը նպատակ չունի գյուղացուն պահել գյուղում, այլ ստեղծում է խոշոր ֆերմաներ, գյուղմթերքի արտադրությունը կենտրոնանում է մի քանի ֆերմերների ձեռքին: Երկրորդ մոտեցումը եվրոպականն է, որը արդյունավետ գյուղատնտեսության հասնելուց բացի, նպատակ ունի նաև սերտ պահել  գյուղացու կապը հողի հետ:

ՀԽ անդամ Խոսրով Հարությունյանի կարծիքով էլ, չնայած  անկախացումից  ի վեր Հայաստանի գյուղատնտեսության մեջ արված խոշոր ներդրումներին,  դրանք  բավարար չեն ցանկալի արդյունքի հասնելու համար:  Հողը մանր կտորների է բաժանված, ինչը խոչընդոտում է արդյունավետ մշակումը: «Մասնատված գյուղացիական տնտեսությունը չի կարող դառնալ դինամիկ զարգացող գյուղատնտեսության առանցքը»,- ասում է նա՝ նշելով, որ անհրաժեշտ է ստեղծել կոոպերացիաներ, ինչը, սակայն, չի նշանակում կոլխոզացում:  «Միջնորդները շատ ցածր գնով գնում են ապրանքը գյուղացուց և մի քանի անգամ թանկ վերավաճառում: Արդյունքում ապրանքների գները անընդհատ աճում են, սակայն գյուղացին էլի օգուտ չի ստանում՝ նրան բաժին է հասնում գյուղմթերքի իրացման գնի միայն 10-12 տոկոսը»,- ասում է Հարությունյանը: Նա  գյուղատնտեսության ոլորտում  լուրջ խնդիր է համարում նաև տեխնիկայի պակասն ու մաշվածությունը. Հայաստանում կա միայն մոտ 1000 կոմբայն և 14 հազար տրակտոր, որոնք մեկ տասնամյակ հետո այլևս պիտանի չեն լինի աշխատանքի համար: «Որպեսզի գյուղատնտեսության ոլորտում կատարված ներդրումները արդյունք ունենան և որպեսզի ունենանք հողին կապված գյուղացի, տնտեսական քաղաքականության մեջ ագրարային քաղաքականությունը պետք է դարձնել առաջնային»,-  եզրակացնում է Հարությունյանը:

Նախագահը  նշեց, որ կոոպերացիային պետք է վերաբերվել որպես տնտեսական միջոցի, ոչ թե քաղաքականացնենք կամ սոցիալականացնենք:

ՀԽ անդամ Սոս Սարգսյանն էլ նշեց, որ արդյունավետ գյուղատնտեսություն ունենալու համար մարդկանց պետք է սովորեցնել, թե ինչպես է պետք ճիշտ վարել գյուղատնտեսությունը, ինչպես ճիշտ մշակել հողը  և այլն:

ՀԽ անդամ Յուրի Ջավադյանն էլ կարևորեց խորհրդատվական ծառայությունների արդյունավետ գործունեությունը. «Ներկայումս մեկ խորհրդատուն առանց տրանսպորտային միջոցի սպասարկում է 9 գյուղ, ինչն արդյունավետ չէ»:

Հանդիպմանը ներկա   Գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանը նշեց, որ հաշվի կառնեն ՀԽ կատարած ուսումնասիրությունները և առաջարկները՝ հավելելով, որ 2010-ին ակնկալում են, որ գյուղատնտեսության ներդրումը ՀՆԱ-ում կաճի 4-5 տոկոսով:

Քննարկվեց նաև Հայաստանում ինտերնետի գնի և որակի համապատասխանության հարցը:  ՀԽ անդամ Արշակ Սադոյանն ասում է, որ  այս ոլորտի խնդիրները կարգավորելու համար պետք է կյանքի կոչել միայն «Էլեկտրոնային հեռահաղորդակցության մասին» օրենքի դրույթները:

Սադոյանը հիշեցրեց, որ Հայաստանն աշխարհում 114-րդն է ըստ համակարգչով հագեցվածության մակարդակի, և առաջարկեց ներմուծվող համակարգիչներից չգանձել ԱԱՀ՝  նկատի ունենալով, որ բյուջեի ֆինանսական հոսքն այս պարագայում կապահովվի ի հաշիվ ինտերնետօգտագործման ծավալի աճի:

Սադոյանը նշեց նաև, որ Հայաստանում ինտերնետը մի քանի անգամ ավելի թանկ է, քան հարևան Վրաստանում և Ադրբեջանում. «Մեկ մեգաբայթ ինտերնետի ինքնարժեքը 0.53 դրամ է, սակայն Արմենտելն այն սպառողներին է վաճառում մոտ 100 անգամ ավելի թանկ՝ 100 մեգաբայթի համար պահանջելով 48 հազար դրամ»:   Ըստ Սադոյանի՝ չնայած 2009-ի վերջին ինտերնետի գները 2-3 անգամ նվազել են, սակայն մանրածախ ընկերությունները սպառողին ինտերնետ են մատակարարում նախկին գնով:

ՀԽ մեկ այլ անդամ` «Սինոփսիս Արմենիա»  ընկերության գործադիր տնօրեն  Հովիկ Մուսայելյանը, սակայն, ավելի կարևոր է համարում ինտերնետի որակի խնդիրը: Նա ասում է, որ անցած տարի գների նվազմանը զուգահեռ վատացել է նաև մատակարարվող ինտերնետի որակը: Ըստ Մուսայելյանի՝ վատորակ ինտերնետը խոչընդոտում է  տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումը Հայաստանում. «Չենք կարողանում արտադրանքը պատշաճ ձևով և ժամանակին արտահանել»: Արտերկրից ինտերնետ մատակարարող և Հայաստանում գործող ինտերնետ պրովայդերները միմյանց են մեղադրում ինտերնետի վատ որակի համար, և հնարավոր չէ պարզել, թե ով է իրավացի:

Մուսայելյանն առաջարկեց ստեղծել  մոնիթորինգ իրականացնող խումբ, որում կընդգրկվեն ՀԽ անդամներ, Էկոնոմիկայի, Կապի և տրանսպորտի նախարարության, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի, մասնավոր սեկտորի ներկայացուցիչներ: Խումբը մի քանի ամիսը մեկ մոնիթորինգ կիրականացնի և կներկայացնի ՏՏ ոլորտի զարգացման հիմնական խոչընդոտները:

Էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանն էլ նշեց, որ ամենայն հավանականությամբ մինչև ամառ կընդունվի տվյալների փոխանակման նոր չափորոշիչ, և մասնավոր հատվածն այդ պարագայում ստիպված կլինի փոխել տեխնիկական միջոցները, որոնցով այսօր տվյալների փոխանակում է իրականացվում: Ըստ Երիցյանի՝ դա կհանգեցնի ոլորտի խնդիրների կարճաժամկետ լուծման: «Ինտերնետի սպառման ծավալների 10 տոկոսի աճը հանգեցնում է տնտեսության 2 տոկոսի աճի»,- ասում է Երիցյանը:

Դիտվել է 2030 անգամ:
Print Friendly

Leave a Reply