Խորհրդարանի այս նստաշրջանը` «Անկախի» դիտանկյունից

Շաբաթվա լուր, ՔԱՂԱՔԱԿԱՆ | | September 13, 2012 17:32

Սեպտեմբերի 10-ին մեկնարկեց հինգերորդ գումարման Ազգային ժողովի երկրորդ նստաշրջանը` շախմատային հավաքականի տարած փայլուն հաղթանակի բուռն շնորհավորանքներով:

Նստաշրջանի առաջին անակնկալ լուրը «Ժառանգություն» խմբակցության անդամ Րաֆֆի Հովհաննիսյանի` մանդատից հրաժարվելու դիմումն էր: Խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը չմեկնաբանեց Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը` ասելով, թե դրա վերաբերյալ ամեն ինչ ասված է կուսակցության տարածած պաշտոնական հայտարարության մեջ: Հայտարարության տեքստում նշված է. «Ժառանգություն» կուսակցության վարչությունը սեպտեմբերի 9-ի նիստում հավանություն տվեց Րաֆֆի Հովհաննիսյանի զեկուցմանը և նախագահական ընտրություններին ընդառաջ հարգեց պատգամավորական մանդատը չվերցնելու նրա որոշումը»:

Փոխարենը Րաֆֆի Հովհաննիսյանի քայլը մեկնաբանեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Նա նշեց, որ իր համար այդ քայլն ամենևին էլ անակնկալ չէր. «Պարոն Հովհաննիսյանն առաջին անգամը չէ, որ նման հնարքներ է իրականացնում»,- ասաց նա:

Քառօրյայի առաջին օրվա հետաքրքիր նորություններից էր Վիկտոր Դալլաքյանի հայտարարությունը: Լրագրողների հետ ունեցած ճեպազրույցում Ազգային ժողովում նախագահի նորանշանակ ներկայացուցիչ Վիկտոր Դալլաքյանն ասաց, որ նախագահի կողմից իրեն նոր պաշտոնի նշանակումը ճշգրիտ քայլ է համարում: Նա «փակագծերը բացելով» նաև տեղեկացրեց, որ բացի ԱԺ-ում նախագահի ներկայացուցիչը լինելուց, լինելու է նաև ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալը: Ապա Դալլաքյանը հանգամանորեն ներկայացրեց իր նոր գործառույթները. «Նախ` ես ներկայացնելու եմ հանրապետության նախագահի տեսակետները ԱԺ-ում, և այդ նպատակով ԱԺ կանոնակարգում պետք է կատարվեն համապատասխան փոփոխություններ, որովհետև բոլոր երկրներում նախագահի ներկայացուցիչն ունի արտահերթ ելույթի իրավունք: Երկրորդ` իմ գործառույթների մեջ մտնելու է կառավարության և պատգամավորների օրենսդրական նախաձեռնությունների եզրակացությունները համակարգելը և նախագահի տեսակետները ներկայացնելը, այսինքն` միջնորդավորված ձևով ես զբաղվելու եմ նաև նախագահի անունից օրենսդրական որոշակի գործառույթներով: Երրորդ` ես հետևելու եմ մամուլի հրապարակումներին, հանդիպումներ եմ ունենալու հանրության տարբեր շրջանակների հետ, ինչպես նաև ձեր կողմից բարձրացված տարաբնույթ հարցերին տալու եմ օրենսդրական լուծումներ և այդ առաջարկությունները ներկայացնելու եմ հանրապետության նախագահին: Չորրորդ` քանի որ ես սիրում եմ օրենսդրական գործունեությունը, և իմ կողմից այս ընթացքում արդեն մշակվել են 20-ից ավելի օրենսդրական նախաձեռնություններ, ուստի կան համապատասխան մեխանիզմներ այս օրենսդրական նախաձեռնությունները ներկայացնել Ազգային ժողովին: Այսինքն` իրականացվելու է բազմապրոֆիլ և շատ լուրջ օրենսդրական գործունեություն»:

Խորհրդարանական հայտարարություններ

Օգտվելով ԱԺ կանոնակարգով ընձեռված իրավունքից` պատգամավորները հանդես եկան հայտարարություններով: Իրենց դրսևորելու լավագույն առիթը բաց չթողեցին հատկապես նորաթուխ պատգամավորները, որոնց հայտարարությունների հիմնական թեման ադրբեջանա-հունգարական գործարքն էր` ներծծված հայրենասիրական ոգեշունչ կոչերով:

Առաջին անգամ ելույթ ունեցավ նաև Շուշան Պետրոսյանը և խոստովանեց, որ բանակի առաջին գծում ունեցած իր հերթական մեկամսյա համերգաշարի ընթացքում զինվորների հետ ունեցած զրույցներն են իրեն հանգեցրել այս հայտարարության գաղափարին, իսկ ասելիքի անհրաժեշտությունն ավելի սուր է զգացել այն ժամանակ, երբ վերջերս կայացած նիստերից մեկում պատգամավորներից մեկը հայտարարել է, թե հայոց բանակը մարտունակության խնդիր ունի: «Հայոց բանակը, հայ զինվորը մարտունակ է, սա ընդհանրապես խնդիր չէ,- հակադարձեց Շուշան Պետորսյանը: – Այդ խնդրի լուծումը կարելի է գտնել ընտանիքում, մանկապարտեզում, դպրոցում` քաղաքացի, լավ, արժանապատիվ հայ կրթելու ծրագրերին կյանք տալով»:

Նա կոչ արեց բոլորին եթե ոչ սիրով, ապա գոնե խնամքով վերաբերվել մեր բանակին, նաև հորդորեց որևէ զորամասում տեղի ունեցած դեպքի հիման վրա ընդհանրացումներ չանել, խնդրեց չթերագնահատել բանակը, հրապարակավ չպահանջել, որ ասեն ավելին, քան պետք է, լինել ավելի զգոն և զգույշ: Շուշան Պետրոսյանն իր ելույթն ավարտեց հետևյալ նախադասությամբ. «Այո՛, հայոց բանակի զինվորները, որ հենց հիմա, հենց այս պահին կանգնած են դիրքերում, նաև ժպտում են»:

«Ժառանգություն» խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանն անդրադարձավ Մասիս քաղաքի աղբանոցի անօրինական շահագործմանը, Մասիս քաղաքում և հարակից գյուղերում ստեղծված աղետալի բնապահպանական վիճակին: Փոստանջյանի խոսքով` Հայաստանի տարածքում օրենքով սահմանված կարգով կարող են ստեղծվել աղբավայրեր, սակայն այսօր գոյություն ունեցող աղբավայրերը չեն համապատասխանում օրենքների պահանջներին:

Նա անվիճելի համարեց, որ ՀՀ կառավարությունը, չկատարելով օրենքով սահմանված իր պարտավորությունները, անկախության 20 տարիների ընթացքում աղբավայրերը 60-ից հասցրել է 500-ի: «Եվ շարունակելով իր կողմից 20-ամյա արատավոր գործունեությունը՝ ոչ հեռու ապագայում Հայաստանի Հանրապետության զգալի մասը կվերածի աղբանոցի»,- եզրափակեց Փոստանջյանը:

ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն անդրադարձավ սեպտեմբերի 9-ին կայացած ՏԻՄ ընտրությունների առաջին փուլին` քննադատելով դրանք: «Ժառանգություն» խմբակցության անդամ Ալեքսանդր Արզումանյանն ամբողջ հոգով միացավ նրան և նշեց, որ հայտարարություններն իրականում ոչ այնքան հայտարարություն են, որքան «հոգու ճիչ»:

Ռուստամյանի «հոգու ճիչն» այն էր, որ այդ ընտրությունները վկայեցին` Հայաստանում ժողովրդավարությունը տապալված է: «Վարչաֆինանսական ռեսուրսի կիրառման շնորհիվ քաղաքացին ընտրություններից առաջ զրկվում է ընտրող դառնալու հնարավորությունից, և իշխանությունը հեշտությամբ կարողանում է ինքն իրեն պարտադրել քաղաքացուն»,- ասաց նա:

Ռուստամյանը խոսեց նաև ՏԻՄ ընտրություններին քաղաքացիների մասնակցության ցածր տոկոսից և նշեց, որ դա նույնպես փաստում է, որ հասարակությունը հիասթափված է ընտրություններից:

Իր ելույթում Արզումանյանը խոսեց «Վարչական իրավախախտումների մասին» օրենքից: Նա նշեց, որ օրենսգրքում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն իրոք կա, այն ամենաշատ «կարկատված» օրենսգրքերից է, որովհետև քաղաքացիների հարաբերությունները կարգավորվում են այս օրենսգրքով, և հաճախ փոփոխելու անհրաժեշտություն կա:

Սակայն Արզումանյանին զարմացնում է մեկ այլ բան. «Վարչական իրավախախտումների մասին» ՀՀ օրենսգիրքն ընդունվել է 1985 թ., և մի քանի տասնյակ փոփոխություններ են արվել,- ասաց նա: – Ընդամենը 10 օրից մենք տոնելու ենք Հայաստանի Հանրապետության անկախության 21-րդ տարեդարձը, այնինչ վերոնշյալ օրենսգիրքը բացարձակապես այլ երկրի մասին է»:

Նա մեջբերեց օրենսգրքի առաջին գլխի 1-ին հոդվածը.

«Վարչական իրավախախտումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության խնդիրն է պահպանել ԽՍՀՄ հասարակարգը, սոցիալիստական սեփականությունը, քաղաքացիների սոցիալ-տնտեսական, քաղաքական և անձնական իրավունքներն ու ազատությունները, ինչպես նաև ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների իրավունքներն ու օրինական շահերը, կառավարման սահմանված կարգը, պետական և հասարակական կարգը, ամրապնդել սոցիալիստական օրինականությունը, կանխել իրավախախտումները, քաղաքացիներին դաստիարակել ԽՍՀՄ սահմանադրությունը, Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը և խորհրդային օրենքները ճշտիվ և անշեղորեն պահպանելու, մյուս քաղաքացիների իրավունքները, պատիվն ու արժանապատվությունը, սոցիալիստական համակեցության կանոնները հարգելու, իրենց պարտականությունները բարեխղճորեն կատարելու ոգով, հասարակության հանդեպ պատասխանատվության ոգով…»:

Արզումանյանն իրավացիորեն հայտարարեց. «Սա զավեշտ է»: Նա կոչ արեց հաջորդ անգամ «Վարչական իրավախախտումների մասին» ՀՀ օրենսգրքում որևէ փոփոխություն ԱԺ բերելիս այս առաջին գլուխն ամբողջությամբ վերաշարադրել:

Կառավարության հարցուպատասխան

ԱԺ կանոնակարգի համաձայն` սեպտեմբերի 12-ին տեղի ունեցավ պատգամավորների և կառավարության հարցուպատասխանը, որտեղ առանձնապես աչքի ընկան ՀԱԿ-ի անդամները:

Նիկոլ Փաշինյանը փորձեց պարզել, թե ի՞նչ եղավ առաջինդասարանցիներին համակարգիչներ նվիրելու խոստումը, որն «ամրագրված» էր կառավարության ծրագրում: «Արդյոք 2012-13 թթ. ուստարվա առաջինդասարանցիները հնարավորություն կունենա՞ն ստանալու համակարգիչներ»,- հարցրեց նա:

Վարչապետ Տիգրան Սարգսյանը պատասխանեց, որ կառավարության ծրագիրը 2012-2017 թթ. համար է, ինչ վերաբերում է այս տարվան, ապա 2012 թ. պետբյուջեում «նման ծախս ներառված չէ»,- ասաց նա` տեղեկացնելով, որ կառավարությունն արդեն ձեռնամուխ է եղել այդ ծրագրի իրականացմանը: Նա պարզաբանեց, որ մի շարք կազմակերպությունների հետ բանակցություններ են տարվում, բայց դրանք դեռևս ընթացքի մեջ են: «Ժամանակացույցը կներկայացնենք Ազգային ժողովի դատին, երբ պայմանավորվածությունները հստակեցվեն»,- ամփոփեց Տիգրան Սարգսյանը` խոստանալով, որ առաջիկա 5 տարիների ընթացքում ծրագիրն անպայման կիրականանա:

ՀԱԿ-ի անդամ Լյուդմիլա Սարգսյանն էլ առողջապահության նորանշանակ նախարար Դերենիկ Դումանյանին հարցեր ուղղեց, թե արդյոք նախարարությունն ունի՞ վիճակագրական տվյալներ հանքարդյունաբերական գոտիներում բնապահպանական չափորոշիչների խախտման դեպքում բնակչության ձեռք բերած հիվանդությունների վերաբերյալ, ի՞նչ քայլեր են ձեռնարկվում այդ և հանքարդյունաբերական գոտիներում բնակչության համար առողջապահական պարտադիր ապահովագրություն կիրառելու ուղղությամբ, ի՞նչ պատժամիջոցներ կարող է սահմանել նախարարությունը հանքարդյունաբերողի նկատմամբ և այլն:

Առողջապահության նախարարը պատասխանեց, որ իրենց հետազոտությունները նման շեղումներ չեն հայտնաբերել, ուստի նախարարությունը հարկ չի համարում լրացուցիչ գիտական ուսումնասիրություններ կատարել այդ ոլորտում: «Եթե դուք տվյալներ ունեք, ապա տրամադրեք մեզ, մենք կուսումնասիրենք»,- առաջարկեց Դումանյանը:

Լյուդմիլա Սարգսյանին չգոհացրեց նախարարի պատասխանը. «Հավաբանար դուք լավ չեք համագործակցում բնապահպանների հետ և չեք տիրապետում նրանց ունեցած տվյալներին»,- ասաց նա` խորհուրդ տալով նախարարին բնապահպանների հետ հանդիպումներ կազմակերպել, իմանալ, թե ի՞նչ է կատարվում հանքարդյունաբերական շրջաններում:

Նախարարը  խոստացավ հետևել Լյուդմիլա Սարգսյանի խորհրդին և բնապահպանների հետ հանդիպում կազմակերպել` քննարկելու իրավիճակը:

Հրանտ Բագրատյանն անդրադարձավ ռուսական 500 մլն դոլար վարկի օգտագործման վերաբերյալ իր հարցմանը կառավարության ներկայացրած պատասխանին` նշելով, որ այն իրեն չի գոհացնում. «Ո՞վ, ինչո՞ւ, քանի՞ տոկոսով, ի՞նչ իրավունքով, ինչո՞ւ այդ ոլորտը, որն այլ ռեսուրսներ ներգրավելու հնարավորություն ունի, բայց չի անում»,- այս և նման այլ հարցեր Բագրատյանն ուղղեց կառավարությանը:

Ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը պատասխանեց, որ նամակում այդ հարցերի պատասխանները մանրակրկիտ ձևով տրվել են. «Ինչ վերաբերում է` ինչպե՞ս են իրականացրել վարկավորումը, ապա այն լավագույն փորձի վրա, ինչ ունեցել ենք մինչ այդ,- ասաց նա: – Կառավարությունը վերցնում է վարկը, տալիս է բանկերին, որպեսզի բանկերը տրամադրեն համապատասխան սուբյեկտներին. դա լավագույն միջազգային փորձին համապատասխանող եղանակն է»:

Գաբրիելյանի խոսքով` ցանկալի չէ, որ կառավարությունն անմիջականորեն վարկավորի այդ սուբյեկտներին:

Բագրատյանին կրկին չգոհացրեց կառավարության ներկայացուցչի պատասխանը. «Ես ձեզ հարց եմ տալիս. դուք ինչո՞ւ եք պարտք բերել, տվել բանկերին: Սա թանկ վարկ է, արդյունքում տնտեսությունն անկում է ապրում 15 տոկոսով, իսկ բանկերի եկամուտն ավելանում է 50 տոկոսով: Բանկե՞րն են տնտեսության համար, թե՞ տնտեսությունն է բանկերի համար»:

«Իհարկե տնտեսությունն է բանկերի համար»,- արձագանքեց ֆինանսների նախարարը:

Նշենք, որ ՀԱԿ խմբակցության անդամ Հրանտ Բագրատյանը պատգամավորական հարցում էր ուղարկել ՀՀ կառավարություն՝ ռուսական 500 մլն դոլար վարկի օգտագործման վերաբերյալ և կառավարությունից ստացված պատասխանից հետևյալ եզրահանգմանը եկել. «Ինչպես տեսնում ենք, փողը մեծ մասամբ օգտագործվել է ՀՀ բանկերը վարկավորելու և ՓՄՁ-ները վարկավորելու համար: Պետությունը պարտք է վերցնում և բանկերին էժան կամ ձրի փող է տալիս»:

Այս քառօրյան առանձնացավ նաև նրանով, որ չկայացավ վարչապետի ավանդական ճեպազրույցը լրագրողների հետ. վարչապետը շտապում էր մասնակցելու Ազգային անվտանգության խորհրդի նիստին:

Դիտվել է 1551 անգամ:
Print Friendly

Leave a Reply