Օրենքներ կարդանք

ԻՐԱՎՈՒՆՔ, Շաբաթվա լուր | | September 17, 2012 7:00

Ինչ անկախացել ենք, միալար մի բան ենք կրկնում` չե՛նք կարդում: Այդ խոսակցությունները, բնականաբար, հաճախակի են դարձել այս տարի, քանի որ այսպես կոչված աշխարհի գրքի մայրաքաղաք ենք դարձել և գրատպության 500-ամյակ ենք նշում:

Իհարկե, կան նաև ընդդիմախոսներ, որոնք պնդում են, թե մեր մի ստվար հատվածը, այնուամենայնիվ, կարդում է, այն էլ` զօրուգիշեր, պարզապես կարդում է ոչ ավանդական տպագիր հրատարակություններ, այլ այն ահռելի տեղեկատվությունը, որ զետեղված է համացանցում, ներառյալ` ամբողջական գրքեր: Թերևս ճիշտ են ասում: Եվ մի կողմ թողնենք այն հարցը, թե հասարակության քանի՛ տոկոսն է կազմում այդ «ստվար հատվածը», կամ որքանո՛վ է արժանահավատ համացանցից թափվող տեղեկատվական հեղեղը, քանի որ այնտեղ կարող է տեղեկություններ զետեղել ում մտքով անցնի և ինչ մտքով անցնի: Նշենք նաև, որ ընթերցանության պակասից կամ առհասարակ բացակայությունից դժգոհում են նրանք, ովքեր ընթերցանություն ասելով` նկատի ունեն գեղարվեստական գրականությունը: Եվ ի պատիվ նրանցից շատերի` պիտի ասել, որ միայն չեն խոսում, նաև համառ քայլեր են անում գիրքը կրկին մեր առօրյա վերադարձնելու համար:

Գեղարվեստական մտքի ու խոսքի մասին, այո՛, մոռացել ենք, մեզ ինքնակամ զրկել ենք գեղարվեստական հաճույք ասվածից: Բայց չգիտենք նաև, որ Հայաստանում գեղարվեստական հաճույք կարելի է ստանալ անգամ գեղարվեստից չափազանց հեռու շարադրանքներից:

Մեզանում հաճախ է ասվում, թե Հայաստանի` իրավական պետություն չդառնալու պատճառը օրենքների բացակայությունը կամ վատ օրենքները չեն, այլ եղած օրենքների չգործելը: Բայց երբևէ մտքովս չէր կարող անցնել, որ որոշ օրենքներից կարելի է նույն գեղարվեստական հաճույքը ստանալ, ինչ ռոմանտիկ կամ ֆանտաստիկ գրականությունից: Այնքան որ անհավատալի ու մեր իրականությունից հեռու են:

Ահա, վերջերս ընթացող ընտրությունների առիթով բացեցի «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքն ու հարակից օրենսդրական դաշտը և ապշեցի:

Միջանկյալ հիշեցնեմ, որ Արևմուտքի մտածողությամբ` ժողովրդավարություն ասելով, ի թիվս այլ կարևոր տարրերի, հասկանում են քաղաքացիների մասնակցություն իրենց իսկ կյանքին առնչվող որոշումների ընդունմանը: Չկա ժողովրդավարություն, եթե հասարակական գործընթացներում ներգրավված չեն այն մարդիկ, որոնք հանրային քաղաքականության և որոշումների գլխավոր շահառուներն են:

Հետևաբար, տեղական մակարդակում իրական ժողովրդավարության հիմնական նախապայմաններից մեկն այն է, որ քաղաքացիներն իրավունք ունենան ազդելու իրենց համայնքի ներկայացուցչական մարմինների որոշումների վրա: Ըստ այդմ` տարբերում են ժողովրդավարության երկու հիմնական ձև` ներկայացուցչական ժողովրդավարություն և մասնակցային ժողովրդավարություն:

Ներկայացուցչական ժողովրդավարությունը կառավարման այն ձևն է, որն իրականացնողներն ուղղակի ընտրություններով ընտրված անհատներն են, Հայաստանի դեպքում` համայնքի ավագանու անդամները և համայնքի ղեկավարը:

Մասնակցային ժողովրդավարությունը տեղական մակարդակում այնպիսի գործընթաց է, որն ընդգրկում է բնակչության լայն մասնակցությունը համայնքային քաղաքականության մշակմանը և իրականացմանը, համայնքային խնդիրների բարձրացմանը և լուծմանը: Սա, փաստորեն, նշանակում է նոր տիպի փոխհարաբերություններ համայնքի բնակիչների և տեղական իշխանությունների միջև, քանի որ վերջիններս այս դեպքում քաղաքականություն են մշակում և որոշումներ են ընդունում ոչ թե մեկուսացված ձևով, այլ խորհրդակցելով նրանց հետ, ովքեր անմիջականորեն կրում են դրանց ազդեցությունը:

Համապատասխանո՞ւմ է մեր օրենսդրությունն այս մտածելակերպին: Ոչ լիովին, բայց բավականին: «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում ամրագրված տեղական ինքնակառավարման 9 սկզբունքներից վերջին երկուսը վերաբերում են տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ)` համայնքի անդամների առջև հաշվետու լինելուն, նրանց գործունեության հրապարակայնությանը և թափանցիկությանը:

Ըստ այս օրենքի` ավագանու նիստերը դռնբաց են: Դրանց հրապարակային անցկացումը, փաստորեն, համայնքի ակտիվ և շահագրգիռ բնակիչներին հնարավորություն է տալիս, ցանկության դեպքում, ազատորեն մասնակցելու ավագանու նիստերին: Բացի հատուկ դեպքերից, երբ ավագանու որոշմամբ կարող են անցկացվել դռնփակ նիստեր: Անհրաժեշտության դեպքում հենց ավագանին կարող է նախաձեռնել և նիստի հրավիրել ցանկացած քաղաքացու: Քաղաքացիները հնարավորություն ունեն ավագանու անդամներից որոշակի տեղեկատվություն ստանալու ավագանու գործունեության մասին և բարձրացնելու համայնքի կառավարմանը և զարգացմանը վերաբերող ցանկացած հարց: Քանի՞սը գիտեն այս մասին և քանի՞սն են օգտվում այս իրավունքից:

Օրենքի 12-1 հոդվածի համաձայն` «ավագանու հերթական նիստից առնվազն յոթ օր առաջ համայնքի ղեկավարը հրապարակում է տեղեկություն ավագանու նիստի ժամանակի, վայրի վերաբերյալ և օրակարգի նախագիծը: Հրապարակումն իրականացվում է համայնքներում` համայնքի ավագանու նստավայրում դրանք փակցնելու միջոցով, ինչպես նաև այն վայրերում, որոնք մատչելի են համայնքի յուրաքանչյուր բնակչի համար` առնվազն մեկ տեղ յուրաքանչյուր երկու հազար բնակչի համար»: Բացի այդ, նիստին առնչվող փաստաթղթերը, եթե դրանք քննարկվելու են դռնբաց նիստում, պետք է դրված լինեն համայնքի ավագանու նստավայրում` բոլորի համար մատչելի տեղում: Անձանց պահանջով նրանց պետք է տրամադրվեն այդ փաստաթղթերի պատճենները: Քանի՞սն են հանդիպել իրենց համայնքում նման տեղեկատվության և քանի՞սն են օգտվել նշված փաստաթղթերը պահանջելու և ստանալու իրավունքից:

Օրենքում կան նաև այնպիսի դրույթներ, որոնք պարտադրում են համայնքի ղեկավարին ոչ միայն իրազեկել քաղաքացիներին, այլև մասնակից դարձնել նրանց համայնքի կարևոր իրադարձություններին: Այսպես, համայնքի ղեկավարը պարտավոր է համայնքի բնակչությանն իրազեկել միջավայրի ծրագրվող քաղաքաշինական փոփոխությունների մաuին և ներգրավել նրանց այդ նպատակով որոշումների կայացման գործընթացներում: Դա կյանքի կոչելու նպատակով, «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 13-14-րդ հոդվածների դրույթներին համապատասխան, ՀՀ կառավարությունը 1998 թ. հոկտեմբերի 28-ի հ. 660 որոշմամբ սահմանել է կենսագործունեության միջավայրի ծրագրվող քաղաքաշինական փոփոխությունների մասին իրազեկման և հրապարակված քաղաքաշինական ծրագրերի ու նախագծերի քննարկմանը և որոշումների ընդունմանը հասարակայնության ներկայացուցիչների մասնակցության կարգը` ՀՀ համայնքների վարչական տարածքներում իրազեկման պատասխանատվությունը դնելով ՏԻՄ-երի վրա: Եթե այս ամենը կապ ունենար իրականության հետ, մի՞թե ամեն անգամ ստիպված կլինեինք օրերով ու ամիսներով բողոքի ցույցեր անել` մեր միջավայրի աղճատումը թույլ չտալու համար:

Տեղական ինքնակառավարման ոլորտի ՀՀ օրենսդրությունում բավական մանրամասն դրույթներ կան նաև համայնքի զարգացման քառամյա և տարեկան ծրագրերի և բյուջեի, ինչպես նաև դրանց կատարման եռամսյա և տարեկան հաշվետվությունների թափանցիկության և հրապարակայնության ապահովման մասին: Օրենքներում հստակ ամրագրված են, որ համայնքի զարգացման համար կարևորագույն նշանակություն ունեցող այդ հիմնարար փաստաթղթերը պարտադիր կերպով պետք է հրապարակվեն համայնքային լրատվամիջոցներում և համացանցային կայքերում, ինչպես նաև համայնքի բնակչության համար դրանք առավել մատչելի դարձնելու համար պետք է պատրաստվեն և հրատարակվեն դրանց վերաբերյալ հիմնական ցուցանիշներ, վիճակագրական և գրաֆիկական տվյալներ պարունակող տեղեկատուներ ու գրքույկներ:

Ինչպես տեսնում ենք, մեր օրենսդրությունը մեր կյանքին վերաբերող որոշումների վրա ազդելու որոշ երաշխիքներ է տալիս, գոնե համայնքի խնդիրների և դրանց լուծման ուղղությամբ ՏԻՄ-երի ծավալած գործունեության մասին տեղեկանալու բավարար հնարավորություններ, որոնք, սակայն, ընդամենը գեղարվեստական խոսքի կամ ժանգոտած գործիքի արժեք ունեն մեր անտեղյակության ու անգործության պատճառով: Հայտնի ասացվածք կա. «Օրենքը վատն է, բայց օրենք է»: Այս դեպքում երևի պիտի ասել. «Օրենքն այնքան էլ վատը չէ, և օրենք է»: Ուստի մինչ ուրիշներն այս օրերին եռանդուն կերպով կոչ են անում ակտիվորեն մասնակցելու ՏԻՄ-երի ընտրություններին, մենք կոչ ենք անում ակտիվորեն օգտվելու ՏԻՄ-երի գործունեությանը մասնակցելու իրավունքից: Իսկ դրա համար, ինչպես տեսնում ենք, նախ հարկ է, որ օրենքներ կարդանք:

Դիտվել է 1449 անգամ:
Print Friendly

Leave a Reply