Մինչ բնապահպանության նախարարությունը քնած է էշի ականջում, Արգիճիի վրա անօրինական հէկ են կառուցում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Շաբաթվա լուր | | September 10, 2012 6:46

Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն գյուղի բարձունքներից Արգիճի գետի հունը տեսած մարդիկ կհավաստեն, որ այն կանաչ դրախտ է: Մարդ նայում, նայում է ու չի կարողանում աչքը կտրել բնության հրաշքից: Ընդ որում, Արգիճիի հունի ամեն մի հատվածն ունի իր յուրահատուկ գեղեցկությունը: Բացառիկ բուսատեսակներ, արտառոց կառուցվածքով ժայռեր, ջրլող թռչուններ` ամբողջ երամներով, սառնորակ ու արագահոս ջուր, իսկ ջրերում էլ իշխանի` անհետացման եզրին գտնվող տեսակներ:

Եթե դեռ չեք հասցրել տեսնել այդ ամենը, շտապեք, առաջիկայում այդ ամենը գուցե և չլինի. գետի վրա` Վերին Գետաշեն և Մադինա գյուղերի հարակից տարածքում, մեծ թափով շինարարություն է ընթանում. կառուցվում է հէկ:

Բնակիչները հէկի կառուցման մասին պատահաբար են իմացել. Վարդավառին Իշխանահատակ կոչվող սրբավայր են այցելել, որտեղ էլ ականատես են դարձել ընթացող շինարարությանը:  «ՍՕՍ Արգիճի» նախաձեռնող խմբի անդամները պնդում են, որ հէկի կառուցման վերաբերյալ հարակից 4 գյուղերում` Ներքին Գետաշենում, Վերին Գետաշենում, Մադինայում, Գեղհովիտում, հանրային լսումներ տեղի չեն ունեցել, Վերին Գետաշենում անգամ ավագանու անդամները սկզբում տեղյակ չեն եղել և՛ շինարարությունից, և՛  այն իրողությունից, որ համայնքներն իրենց համաձայնությունը տվել են կառուցմանը:

«ՍՕՍ Արգիճի» նախաձեռնող խմբի ահազանգից հետո «Էկոլուր» ՀԿ-ն դիմել է բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Սիմոն Պապյանին` խնդրելով  մեկնաբանել Սևանա լիճ թափվող Արգիճի գետի վրա փոքր հէկի կառուցման վերաբերյալ տեղեկատվությունը: Սիմոն Պապյանը խոստացել է   տեսուչ ուղարկել կառուցման վայր: Խոստումից մոտ երկու ամիս անց «Անկախը» փորձեց ճշտել, թե ի վերջո ինչ են պարզել տեսուչները, շինարարությունն օրինակա՞ն է, թե՞ ոչ:

Հարցը լսելուն պես բնապահպանության նախարարության մամուլի քարտուղար Հասմիկ Մկրտչյանը հայտարարեց, որ ինքն արձակուրդում է: Հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Արծրուն Պեպանյանն էլ հայտարարեց, որ ինքն այդ հարցից անտեղյակ է` պնդելով, որ Հասմիկ Մկրտչյանն է զբաղվում այդ հարցով, և նա բնավ էլ արձակուրդում չէ:

Պարզվեց, որ արձակուրդում է նաև բնապահպանության նախարարության աշխատակազմի ղեկավար Էդգար Փիրումյանը, իսկ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Աշոտ Ավալյանն էլ, հարցը լսելով, խնդրեց քիչ անց զանգել, որպեսզի կարողանա ամբողջական պատասխան տալ: Երկրորդ զանգին, սակայն, Աշոտ Ավալյանը տվեց խուսափողական պատասխան. «Տեսուչները դեռ ուսումնասիրություն են կատարում»: Հարցին, թե մի՞թե երկու ամսվա ընթացքում տեսուչները դեռ չեն կարողացել պարզել շինարարության օրինական կամ անօրինական լինելը, Ավալյանը պատասխանեց. «Եթե դա ձեզ այդքան շատ է հետաքրքրում, գրավոր հարցում ուղարկեք»:

Նշենք, որ օրենքը գրավոր հարցմանը պատասխանելու համար նախատեսում է հնգօրյա ժամկետ, սակայն որոշակի հիմնավորումներով պատասխանի տրամադրումը կարող է մինչև 30 օր տևել:

Գավառի Օրհուս կենտրոնի համակարգող Լիաննա Ասոյանի կարծիքով`  բնապահպանության նախարարության դանդաղկոտությունը բնական է. այնքան պիտի ձգձգեն ուսումնասիրման փուլը, մինչև օրինական փաստաթղթերը պատրաստ լինեն:

«Էկոլուր» ՀԿ-ն և Գավառի Օրհուս կենտրոնը պարզել են, որ «Հիդրոկորպորացիա» ընկերության կողմից կառուցվող հէկի ջրօգտագործման թույլատրման ժամկետը սպառվել է դեռևս 2005 թ.: Հարցմանն ի պատասխան` բնապահպանության նախարարությունից հաղորդել են. «ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի ջրային ռեսուրսների կառավարման գործակալությունը 02.11.2004 թ. «Հիդրո կորպորացիա» ՍՊ ընկերությանը ՀՀ Գեղարքունիքի մարզի Արգիճի գետի վրա ՓՀԷԿ կառուցելու նպատակով տվել է N 0545 ջրօգտագործման թույլտվությունը մինչև 02.03.2005 թ. գործունեության ժամկետով, միաժամանակ ջրօգտագործման թույլտվության անբաժանելի մաս հանդիսացող լրացուցիչ պայմանների 4-րդ կետում նշվելով, որ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից «Հիդրո կորպորացիա» ՍՊԸ-ին ՓՀԷԿ-ի կառուցման լիցենզիայի տրամադրման դեպքում՝ ջրօգտագործման թույլտվության գործունեության ժամկետը սահմանվում է՝ լիցենզիայով սահմանված ժամկետը»:

«Հիդրոկորպորացիա»  ընկերությանը Արգիճի գետի վրա փոքր հէկի կառուցման նախագծին բնապահպանական փորձաքննության դրական եզրակացություն է տրվել 2007-ին, սակայն նախագիծը չի իրականացվել, և  դրական եզրակացությունը կորցրել է իր ուժը:

Ժամկետանց փաստաթղթերով հապշտապ շինարարության պատճառ գուցե դարձել է հուլիսի 19-ին կառավարության նիստում ընդունված որոշումը, ըստ որի` «Սևանա լճի մասին» ՀՀ օրենքում»  առաջարկվում է լրացում կատարել և օրենսդրությամբ սահմանված կարգով արգելել Սևանա լճի ավազանում փոքր հէկերի կառուցումը` հաշվի առնելով բնական ջրահոսքերում ջրային էկոհամակարգի, մասնավորապես` ձկնաշխարհի վրա բացասական ազդեցությունը։ Նախագիծն առաջիկայում պետք է ԱԺ ներկայացվի: Սակայն արգելքը չի տարածվելու մինչև տվյալ օրենքի ուժի մեջ մտնելը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցման լիցենզիա ստացած իրավաբանական անձանց վրա:

Ընթացող շինարարության նկատմամբ այս անգամ անտարբերություն ցուցաբերեցին շրջակա գյուղերի բնակիչները: «ՍՈՍ Արգիճի» նախաձեռնող խմբի անդամնեը նշում են, որ պատճառն իրականացված քարոզչությունն է. մարդկանց խոստացել են էլեկտրաէներգիա ապահովել 15 դրամով, վստահեցրել են, որ ոռոգման ջրի խնդիր չեն ունենա, դեռ ավելին, կստեղծվի 10-15 աշխատատեղ:

«Այդ ամենը սուտ է: Այժմ շինարարության վրա որևէ տեղաբնակ չի աշխատում: Հէկում էլ 2-3 աշխատող հազիվ թե պետք լինի: 5000-անոց գյուղը 3 աշխատատեղի համար իր ապագան է վարի տալիս: Ոռոգման ինքնահոս  չորս խողովակներն էլ հէկի կառուցումից հետո չեն գործի, կցամաքեն: Մարդիկ չեն դժգոհում նաև տիրող վախի մթնոլորտի պատճառով»,- ասում է նախաձեռնող խմբի ներկայացուցիչը` հավելելով, որ իրենց նկատմամբ էլ ճնշումներ են սկսվել` զանգեր, սպառնալիքներ, խոչընդոտներ աշխատանքային ոլորտում:

«ՍՈՍ Արգիճի» նախաձեռնող խմբի անդամները նշում են, որ  շինարարությունը բազմաթիվ առումներով վնասներ է պարունակում. նախ`  գետի հունի վերնամասում կան IX դարով թվագրվող խաչքարեր, որոնք ուսումնասիրված էլ չեն: Հնավայրի կողքով արդեն իսկ ճանապարհ է բացվել, խոշոր մեքենաներն անցուդարձ են անում:

Ջուրը խողովակ մտցնելու հետևանքով կչորանա նաև շրջակա բնությունը, ոնչացման եզրին կհայտնվեն Արգիճիի շրջակայքում աճող հայկական հովտաշուշանը, ավելուկը, մանուշակը, վայրի սխտորը: Ոչնչացման վտանգի տակ կհայտնվեն և «Կարմիր գրքում» գրանցված իշխանը, բեղլուն, բոջակը, որոնք ձվադրում են Արգիճիի վերին հոսանքներում:

Լիաննա Ասոյանն էլ ասում է` քիչ է հավանական, որ հէկը շահագործողները բոլոր դեպքերում օրենքի պահանջներին համապատասխան աշխատեն, իսկ նման պարագայում ձկները, օրինակ, ձվադրման ճանապարհ չեն ունենա, կընկնեն տուրբինների մեջ ու կմանրանան:

Սա այն պարագայում, երբ ամեն տարի պետբյուջեից մի քանի տասնյակ մլն դրամ է հատկացվում Սևանա լիճ մանրաձուկ բաց թողնելու համար: 2011-ին, օրինակ, այդ նպատակի համար հատկացվել է 60 մլն դրամ:

Ստացվում է` մի կողմից պետբյուջեի հաշվին մանրաձուկ է բաց թողնվում Սևանա լիճ, մյուս կողմից այդ ձկները նոր սերունդ չեն կարող ապահովել, քանի որ գետերի վրա կառուցված հէկերի տուրբինների զոհն են դառնում:

Նշենք, որ սա Արգիճիի վրա անօրինական հէկի կառուցման առաջին դեպքը չէ: 2010-ին «Զանգեզուր էքսիմպ» ընկերությունն անօրինական շինարարություն էր սկսել Արգիճիի Գայլաձոր վտակի վրա` նախատեսելով փոխել նաև գետի հունը: Բնակիչների և բնապահպանների` ամիսներ տևած պայքարից հետո շինարարությունը կասեցվեց, սակայն կառույցն այդպես էլ չապամոնտաժվեց, չվերացվեցին բնությանը հասցված վնասները: Երկու տարի առաջ գետին հարակից գյուղերի բնակիչներն անգամ փակեցին Երևան-Մարտունի մայրուղին` իրենց ձայնը լսելի դարձնելու համար: Այս անգամ, սակայն, ինչ-ինչ պատճառներով ո՛չ դժգոհություն կա, ո՛չ պայքար:

Դիտվել է 2089 անգամ:
Print Friendly

Leave a Reply