Հայաստանը միայն ԱԱԾ-ի՞ հայրենիքն է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Շաբաթվա լուր | | September 8, 2012 7:00

Մի տարօրինակ և մտահոգիչ իրադարձություն կատարվեց վերջերս, որը, սակայն, մնաց Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին հանձնելու և ազատություն շնորհելու իրադարձության ստվերում:

Օգոստոսի 29-ի գիշերը «Զվարթնոց» օդանավակայանում թռիչքի պատրաստվող ուղևորների համար նախատեսված փակ տարածքում ավելի քան մի օր հանգրվանած սիրիահայ ինը հոգանոց ընտանիքը արտաքսվեց Երևան-Ստամբուլ թռիչքով: Պատճառաբանությունը մեկն էր. ինչպես «Արմենպրես» լրատվական գործակալությանը տեղեկացրել էր  Ազգային անվտանգության ծառայության մամուլի քարտուղար Արծվին Բաղրամյանը,  իբր  պարզվել է, որ նշված անձինք իրականում ազգությամբ ասորի են և փորձել են հատել ՀՀ պետական սահմանն առանց սահմանված փաստաթղթերի ու պատշաճ թույլտվության` նպատակ հետապնդելով ՀՀ տարածքն օգտագործել որպես տարանցիկ գոտի, ապօրինի միգրացիայի կազմակերպչի օժանդակությամբ տեղափոխվելով երրորդ երկիր:

Այս ընտանիքի վերաբերյալ պարզաբանում է տվել  նաև ՀՀ ոստիկանությունը՝ նշելով, որ համաձայն «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությունների` Սիրիայից ՀՀ սահմանային անցման կետերում առանց հրավերի մուտքի վիզա կարող են ստանալ միայն ազգությամբ հայերը:

ՀՀ ոստիկանությունը նշել է, որ ՀՀ ժամանած ընտանիքի 9 անդամները չեն ներկայացրել ազգությամբ հայ լինելու հանգամանքը հիմնավորող որևէ փաստաթուղթ:

Ոստիկանության պարզաբանմամբ` համաձայն «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի` Սիրիան նույնպես ընդգրկված է այն երկրների ցանկում, որոնց քաղաքացիները մուտքի վիզա ստանալու համար կարող են դիմել միայն օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմիններ և հյուպատոսական հիմնարկներ, իսկ նույն օրենքում կատարված փոփոխությունները, որոնց համաձայն` նշված պետությունների ազգությամբ հայ քաղաքացիները ՀՀ սահմանային անցման կետերում կարող են ստանալ առանց հրավերի մուտքի վիզա, վերաբերում է միայն ազգությամբ հայերին:

ՀՀ կառավարությունը 2012 թ. հուլիսի 26-ի թիվ 941-Ն որոշմամբ սահմանել է ազգությամբ հայ հանդիսանալու հանգամանքը հիմնավորող փաստաթղթերի ցանկը: Դրանք են` ազգությամբ հայ լինելու վերաբերյալ նշում պարունակող անձնագիր կամ միջազգայնորեն ճանաչված անձը հաստատող ճամփորդական փաստաթուղթ, ազգությամբ հայ լինելու վերաբերյալ նշում պարունակող ծննդյան վկայական, ազգությամբ հայ լինելու հանգամանքը հիմնավորող այլ փաստաթուղթ` հաստատված օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչության կամ հյուպատոսական հիմնարկի կողմից:

Սակայն օդանավակայանում ապաստանած քույրերի եղբայրը`Մեսրոպ Հենդյանը, Blognews-ին «Քանի՞ գրոշ արժե հրավերքդ, տիկի՛ն Հրանուշ, կամ թե ինչպես Սիրիայից գաղթած հայ ընտանիքին օդանավակայանից անմիջապես հետ ուղարկեցին» վերնագրով գրառմամբ տեղեկացրել է, որ օդանավակայանի «հայ գերիների» մեջ իր հարազատ քույրերն են իրենց 5 երեխաների հետ, որոնցից ամենամեծը 8 տարեկան է, ամենափոքրը` 9 ամսական:

«Վիզա չստացան երկու քույրիկներս հայ լինելով հանդերձ, և իմ մաման, որ 40 տարի է` հայ տղամարդու կին է: Սկզբում ասացին`ապացուցեք, որ հայ եք, ու նրանք եկեղեցում կնքված են, մկրտության բոլոր փաստաթղթերը ֆաքսով ուղարկեցինք Երևան, հայկական դեսպանատունն էլ հատուկ Դամասկոսից զանգահարել է ու գրություն է ուղարկել, որ տվյալ մարդիկ պատկանում են Սիրիայի հայկական համայնքին և հայ են»,- ասել է Մեսրոպ Հենդյանը:

Մեսրոպը նշում է, որ հայրը` Ժան Հենդյանը, և մայրը` Լաիլա Միրոն հանդիսանում են Սիրիայի հայ համայնքի ամենամեծ հովանավորներից մեկը, ամեն տարի նրանք իրենց հովանավորության տակ են առնում 10-ից ավելի հայ ուսանողների՝ հոգալով նրանց բոլոր կարիքները: Ինքը՝ Գերմանիայում ապրող Մեսրոպն էլ ամեն տարի մասնակցում է համահայկական դրամահավաքին:

Մեսրոպ Հենդյանի վրդովմունքի պատճառը հասկանալի է. մարդն ամեն տարի դրամահավաքին փող է տալիս իր հայրենի երկրին, իր հայրենիքի կառավարությանը` հայրենիքը նաև իր ու իր մերձավորների համար շենացնելու նպատակով: Սակայն այդ նույն հայրենի կառավարությունն իր քույրերին արտաքսեց Հայաստանից, թե իբր նրանց երեխաներն ասորի են և Հայաստանն օգտագործում են մեկ այլ երկիր տեղափոխվելու համար:

Այս տարօրինակ պատմությունից մի քանի եզրահանգումներ կարելի է անել միայն.

նախ` մեր հայրենի ԱԱԾ-ն սկսել է չվստահել Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների հավաստիացումներին: Տարօրինակ է, ու դրա համար ո՛չ մեր դիվանագիտական մարմնի ներկայացուցիչները բողոքեցին ԱԱԾ վարքագծից, ո՛չ էլ ԱԱԾ-ն բողոքեց, որ մեր դիվանագետներն ազգությամբ ոչ հայերի հայ լինելու հավաստիացումներ են տվել:

Երկրորդ կարևոր ու մտահոգիչ հանգամանքն այս հարցում այն էր, որ թեկուզ ծնողներից մեկի հայ լինելու հանգամանքով կամ ամուսնու ոչ հայ լինելու հանգամանքով պայմանավորված` հայկական արմատներ ունեցող մարդուն կամ մարդկանց թույլ չեն տալիս մուտք գործել հայրենիք: Ավելի քան անհեթեթ է պատճառաբանությունը, թե ցանկանում են օգտագործել Հայաստանը երրորդ երկիր ավելի հեշտ անցնելու համար: Է, հետո՞ ինչ. Հայաստանի անկախության տարիների ամբողջ ընթացքում հայրենի կառավարությունն ու իշխանությունները բազմիցս օգտագործել են սփյուռքահայերի կարողությունները, երբ դրամահավաք են հայտարարել, երբ լոբբիստական գործունեության կարիք է զգացվել և այլն: Ի՞նչ կլիներ, եթե մեկ անգամ էլ սփյուռքահայերն օգտագործեին Հայաստանն ավելի լավ ու ապահով երկիր տեղափոխվելու համար: Ստացվում է` չի կարելի. այս գործընթացը միակողմանի է:

Այս ամենի մեջ մի անհեթեթություն էլ կա: Երբ հայ ընտանիքին արտաքսեցին այն երկիր, որտեղից նրանք ժամանել էին Հայաստանի Հանրապետություն, այսինքն` Թուրքիա, այնտեղ նրանց արդեն սպասում էին թուրք լրագրողները: Ու հաջորդող օրերին թուրքական լրատվամիջոցներում կարմիր թելի նման անցնում էր այն միտքը, թե Հայաստանը չընդունեց հայերին, արտաքսեց Թուրքիա, իսկ վերջինս այնքան շատ է հարգում ու գնահատում գաղթական հայերին, որ նրանց հոժարությամբ ընդունեց ու վերաբերվեց ավելի լավ, քան այդ մարդկանց հայրենիքում:

Մի՞թե մեր հատուկ ծառայությունները չէին կարող հաշվարկել այս պարզ քայլի էլ ավելի պարզ հետևանքները: Հետո ամբիոններից կսկսեն մատ թափ տալ, թե այսինչը կամ այնինչը խանգարում է Հայաստանին տեղեկատվական պայքարի ընթացքում, և մեր երկիրը հետ է մնում քարոզչության բնագավառում:

Լավ, մի պահ պատկերացնենք, թե մեր ԱԱԾ-ն ճիշտ էր արտաքսվածների ազգային պատկանելության հարցում, ավելին` ենթադրենք, թե նրանք այլ երկրի հետախույզներ էին: Այդ դեպքում ավելի ճիշտ չէ՞ր լինի ընդունել նրանց ու հսկողություն սահմանել, որպեսզի չհաջողեցնեն իրենց «հրեշավոր» մտադրությունները: Իսկ այդ մտադրությունները, ինչպես գրել էր արտաքսված քույրերի եղբայր Մեսրոպ Հենդյանը, ուզում էին ընդամենը մեկ ամիս հանգստանալ Հայաստանում, ոչ թե Եվրոպայում, ոչ թե մի ինչ-որ էկզոտիկ երկրում, այլ հենց Հայաստանում` դրանով մեկ անգամ ևս ինչ-որ մուտք ապահովելով Հայաստանի տնտեսություն:

Վերջապես, հարց է ծագում` ի՞նչ պարզաբանումներ ու քննություններ են տվյալ ընտանիքի ազգային պատկանելության շուրջը: Մի՞թե ակնհայտ չէ, որ ժամանողները սովորական զբոսաշրջիկներ չեն այս կամ խաղաղ երկրից, այլ Սիրիայից, որտեղ պատերազմական իրավիճակ է, և ամեն օր խաղաղ բնակչությունից անմեղ զոհեր են լինում: Հայաստանը միացել է միջազգային մարդասիրական իրավունքի գրեթե բոլոր կարևոր փաստաթղթերին, որոնց մեջ հստակ ձևակերպումներ կան, թե ինչպես պետք է վերաբերվել պատերազմական իրավիճակում գտնվող երկրների քաղաքացիների հետ: Բացի այդ, բացի գրված օրենքներից, գոյություն ունեն չգրված օրենքներ` պարզ, մարդկային օրենքներ, որոնք հորդորում են հյուրընկալորեն ընդունել նրան, ով կարիքից դրդված եկել է քո դուռը: Հայաստանը պարտավոր էր առանձնահատուկ միջոցներ կիրառել և արտակարգ որոշում կայացնել, եթե անգամ այդ ընտանիքում բոլորն էլ հայ չլինեին:

Հույս ունենք, որ այս նախադեպը ավանդույթ չի դառնա, ու հետագայում սփյուռքահայերը ազատ մուտք կգործեն Հայաստան, կմնան ինչքան ուզեն ու կգնան, երբ ուզեն: Հայաստանը բոլոր հայերի հայրենիքն է:

Դիտվել է 1472 անգամ:
Print Friendly

Leave a Reply