Սիրիայում բախվում են աշխարհաքաղաքական շահեր

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Շաբաթվա լուր | | August 24, 2012 0:52

Սիրիայում շարունակվում է քաղաքացիական պատերազմը: Սիրիայի շուրջն էլ շարունակվում են աշխարհաքաղաքական զարգացումները, որոնք, ինչպես ասուլիսներից մեկի ժամանակ նշեց քաղաքագիտության դոկտոր Լևոն Շիրինյանը, վաղուց դադարել են զուտ սիրիական լինելուց, և արդեն բախվում են աշխարհի հզորների շահերը: Նա, մասնավորապես, նշել էր, որ Սիրիայում ընթանում է քաղաքակրթությունների կռիվ, որը շատ խորն է և վտանգավոր: Այն մշակութային խորը ենթատեքստ ունի, և սովորական պատերազմ չէ, ինչպես Եգիպտոսում էր, Թունիսում և այլն:

Սիրիայում կռիվ է տալիս Ռուսաստանը, որպեսզի չզիջի իր դիրքերը միջերկրածովյան տարածաշրջանում: «Ես կարծում եմ, որ Սիրիայում Ռուսաստանը վերջին ճակատամարտն է տալիս: Որովհետև Միջերկրական ծովում այլևս ռազմական հենակետ չի ունենա: Եվ ռուսական ցարերի երազանքը` լինել տաք ջրերում, փակվում է ընդմիշտ: Այսօր նա արդար է. ինչո՞ւ պետք է ամերիկյան նավատորմը լինի Միջերկրական ծովում, իսկ ռուսականը չլինի: Ինչո՞ւ պետք է աշխարհում բազմաթիվ քաղաքակրթություններ վերացրած ու փչացրած մի ժողովուրդ և Հունաստանի ու Հայաստանի թշնամի թուրքական պետությունը մնա և ուժեղանա, իսկ մյուսները` ոչ»,- նշեց Լևոն Շիրինյանը:

Սակայն այս կարծիքին չէ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը, որը համոզված է` Մերձավոր Արևելքում Ռուսաստանը վաղուց արդեն կորցրել է իր դիրքերը: Որովհետև Ռուսաստանն արդեն Խորհրդային Միություն չէ և շատ մեծ դժվարությամբ է խաղում Սիրիայում: Այնպես որ, ուժերը հավասար չեն, որ խոսքը գնա Մերձավոր Արևելքը բաժանելու մասին:

«Ես կարծում եմ, որ սա Ռուսաստանի համար ոչ թե աշխարհաքաղաքական էական նշանակություն ունի, այլ ռուսական վերնախավի` մանավանդ Պուտինի և նրա շրջապատի կողմից դիտարկվում է, որպես հնարավորություն` պահպանելու Ռուսաստանի հպարտությունն ու հեղինակությունը: Ռուսաստանի առումով խոսք կարող է լինել Մերձավոր Արևելքը վերագտնելու մասին, որը, սակայն, հեռավոր ապագայի խնդիր է»,- նշեց Սաֆրաստյանը:

Ինչևիցե, Սիրիայում հրապարակ են դուրս եկել արևմուտքի, մասնավորապես` ԱՄՆ-ի և Իսրայելի շահերը: Սիրիական իրադարձություններից անմասն չի մնում նաև Թուրքիան: Հենց Թուրքիայում են գտնվում Սիրիա գործուղվող  գրոհայինների ճամբարները, Թուրքիայի սահմանից է ռազմական և նյութական օգնությունը հասնում սիրիացի ապստամբներին, ինչպես նաև մեծ է հավանականությունը, որ քրդական գործոնը ճնշելու պատրվակով Թուրքիան ուղղակի ռազմական գործողություններ սկսի Սիրիայում: Առավել ևս, որ դրա համար ռազմական նախապատրաստություններ Թուրքիայում արդեն տեսել են: Բայց պետք է միանգամից նշել, որ սիրիական հարցում Թուրքիան ինքնուրույն խաղացող չէ: Սիրիայի խառնաշփոթը ստեղծվել է հիմնականում Սաուդյան ու Քաթարյան հովերի հիման վրա ու ղեկավարվում է Միացյալ Նահանգների կողմից: Ու իրականում սա ոչ թե խաղ է Սիրիայի, այլ Իրանի դեմ:

Թուրքագետ Արտակ Շաքարյանը համոզված է, որ եթե ստացվի Ասադին տապալել և սուննիական իշխանություն հաստատել Սիրիայում, դրանով Թուրքիայի ուժը տարածաշրջանում մի քիչ ավելի կաճի, և դիրքերը կամրապնդվեն:

Ինչ վերաբերում է հայկական համայնքին, ապա այս իրադարձությունները, թուրքագետի դիտարկմամբ,  փաստում են, որ Սիրիայում Թուրքիայի ուղղությունն ու թիրախը նաև հայկական համայնքն է. «Եվ այս առումով շատ էական է նաև թուրքական զորքի ներգրավվածությունը սիրիական վայրիվերումներում, որովհետև միշտ կասկածանքով պետք է վերաբերվել թուրք զինվորին, որ կմտնի հայկական թաղամաս որպես հաղթանակած զինվոր, ինչը հայ համայնքին բավականին խնդրահարույց վիճակի մեջ կդնի»,- ասաց Շաքարյանը:

Ամեն դեպքում այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ Սիրիայի կառավարական ուժերը կարողացել են վերջին շրջանում ուժերի հավասարակշռությունը փոխել իրենց օգտին: Եվ դրա մասին է վկայում այն, որ նրանք հիմնականում կարողացել են հաջողության հասնել Դամասկոսում և հիմա էլ պատրաստվում են նշանակալի հաջողության հասնել նաև Հալեպում:

«Ես չեմ կարծում, որ այս հաջողությունները կտրուկ կփոխեն իրադրությունը Սիրիայում: Որովհետև կա մի  շատ կարևոր հանգամանք, որը չպետք է մոռանալ, այն, որ ապստամբ ուժերն արտասահմանից  անընդհատ ստանում են աջակցություն և՛ զենքի, և՛ զինամթերքի, և՛ զինված ջոկատների տեսքով, և այսպիսի աջակցությունը, իհարկե, կպահպանվի: Սա նշանակում է, որ կառավարական ուժերը թեև կարողանում են մեծ դժվարությամբ որոշակի հաջողությունների հասնել, բայց իմ կարծիքով` մոտ ապագայում չպետք է սպասել, որ Սիրիայում ռազմական գործողությունները կդադարեն: Ընդհակառակը` կշարունակվեն, և նաև նոր զարգացումներ կարող են լինել: Ես դա կապում եմ մի քանի հանգամանքների հետ»,- նշեց Սաֆրաստյանը:

Առաջինը, ըստ արևելագետի, Թուրքիայի գործոնն է. քրդական գործոնը գնալով կուժեղանա և կազդի Թուրքիայի վրա: Չի կարելի բացառել, որ Թուրքիան կորոշի որոշակի ռազմական գործողություներ կիրառել ընդդեմ Սիրիայի:

Երկրորդը, որ կարող ենք սպասել, այն է, որ եթե ԱՄՆ-ն և նրա արաբ դաշնակիցները տեսնեն, որ Սիրիայում ապստամբ ուժերը լուրջ պարտություններ են կրում, ապա չի կարելի բացառել նաև, որ նրանք կարող են քիմիական զենքի դեմ պայքարելու պատրվակով որոշակի ռազմական գործողություններ սկսել Սիրիայում:

Տարածաշրջանի վրա սիրիական իրադարձությունների առաջին ազդեցությունը, ըստ Արևելագիտության ինստիտուտի տնօրենի, իհարկե, Իրանի վրա է, որովհետև պարզ է` Արևմուտքը Սիրիայում ինչ որ անում է, դա հիմնականում ուղղված է Իրանի դեմ` Իրանի աշխարհաքաղաքական դիրքերը թուլացնելու նպատակով: Երկրորդ` այս իրադարձությունները, որ Սիրիայում տեղի են ունենում, Սաֆրաստյանի կարծիքով, բավականին կսրեն ներդավանաբանական հարաբերությունները շիականության և սուննիականության միջև: Այս իրադարձությունների մյուս աշխարհաքաղաքական ազդեցությունը կապված կլինի քրդական գործոնի հետ: Եվ իհարկե, նաև պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ այս իրադարձությունները, որոնց հետևում կանգնած են արևմտյան ուժերը` ԱՄՆ-ն, ամեն դեպքում նրանց կողմից կօգտագործվեն` տարածաշրջանում իրենց դիրքերն ուժեղացնելու և համապատասխանաբար Ռուսաստանի դիրքերը թուլացնելու համար:

Այնպես որ սիրական խնդրի լուծումները մոտ ապագայում չեն ուրվագծվում: Իսկ թե ինչ կլինի հեռու ապագայում, ցույց կտա ժամանակը:

 

 

Դիտվել է 1405 անգամ:
Print Friendly

Leave a Reply