Ռուբեն Սաֆրաստյան. «Ֆուտբոլային դիվանագիտությունն անցել է պատմության գիրկը»

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՔԱՂԱՔԱԿԱՆ | | February 8, 2010 20:18

Ռուբեն Սաֆրաստյան

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացն, դանդաղել է, բայց փակուղի չի մտել. քայլ կատարելու հերթը հիմա Թուրքիայինն է: Այս կարծիքն է հայտնում լրագրողների հետ հանդիպմանը թուրքագետ, ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը:

Նա ասում է, որ քանի դեռ թուրքական կողմը հայ-թուրքական արձանագրությունների վավերացման գործում իր քայլը չի կատարել, օրինակ, խորհրդարանի արտաքին հարցերի հանձնաժողովը չի սկսել արձանագրությունների քննարկումը, անիմաստ է հայկական խորհրդարանում այդ արձանագրությունների քննարկումը:

Սաֆրաստյանն ասում է, որ հայ-թուրքական հարաբերություններում հիմա անորոշության շրջան է. ֆուտբոլային դիվանագիտությունն անցել է պատմության գիրկը, և Թուրքիայի նկատմամբ Հայաստանը պետք է մշակի նոր դիվանագիտություն, որը պետք է լինի հստակ և հիմնված ազգային շահերի վրա. «Պետք է սկսել նոր փուլ հայ-թուրքական հարաբերություններում, և նախաձեռնությունը պետք է լինի հայկական կողմից»:

«Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանն էլ ասում է, որ Թուրքիան ներկայումս ձգտում է իր տեղը գտնել բազմաբևեռ աշխարհում, իր ազդեցությունը տարածել տարածաշրջանում և հարևան երկրների վրա: Ըստ Հարությունյանի` Թուրքիան գործում է նոր իրադրությունում. Հարավային Կովկասում ԱՄՆ-ն մի փոքր զիջել է իր դիրքերը, մյուս կողմից, սակայն, ակտիվացել է ռուսական գործոնը:

Գագիկ Հարությունյան

Եվ Սաֆրաստյանը, և Հարությունյանը նշում են, որ Թուրքիայի արտաքին քաղաքականության մեջ նկատելի են արկածախնդրության տարրեր և ասվածի օրինակ են համարում Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուի հակասական հայտարարությունները:

Սաֆրաստյանն ասում է, որ Թուրքիան կուտակել է հզոր ռազմական և տնտեսական ներուժ և Թուրքիայի իշխող վերնախավը փորձում է վերագնահատել այդ երկրի տեղը և դերն աշխարհում և տարածաշրջանում:

Հարևանները և հզոր տերությունները, սակայն, ըստ Սաֆրաստյանի, չեն ընդունում նոր խաղի կանոնները: Թուրքագետն ասում է, որ թուրքիայի արտաքին քաղաքականության հիմքում ընկած նեոօսմանիզմն իրականանալու հնարավորություն չունի, քանի որ Թուրքիայի հարևան երկրները բացասական վերաբերմունք ունեն այդ երկրի հանդեպ, բացի այդ ձախողվել են նաև արաբական աշխարհում հեղինակությունը բարձրացնելու Թուրքիայի փորձերը:

Գագիկ Հարությունյանն էլ ասում է, որ օսմանիզմի քաղաքականությունը ժամանակին հանգեցրեց Օսմանյան կայսրության փլուզմանը, նման վերջաբան կարող է ունենալ նաև նեոօսմանիզմի քաղաքականությունը:

Դիտվել է 1813 անգամ:
Print Friendly

Leave a Reply